[Freedom House] Ինչո՞վ է Ադրբեջանի գերդաստանային իշխանությունը վտանգավոր Եվրոպայի համար

March 13, 2017

Բաքվի ռեժիմը կոռումպացված է, ավտորիտար և տնտեսական ճգնաժամի եզրին: Բացի այդ Ադրբեջանը պատրաստվում է  դառնալ Եվրոպայի գազամատակարարներից մեկը: Փետրվարի 21-ին Ադրբեջանի նախագահն իր կնոջը նշանակեց «Առաջին փոխնախագի» պաշտոնում: Մի կողմիц կարելի է սա դիտարկել որպես կանանց  հզորացմանն ուղղված քայլ: Բայց երկրի տնտեսության վատ վիճակը, վերջերս մեծ աղմուկ բարձրացրած կաշառակերության սկանդալները, որոնցում ներառված էին նաև եվրապատգամավորները, ռեժիմի երկարակեցության ու ժողովրդավար աշխարհի հետ ապագա հարաբերությունների մասին հարց են առաջացնում:  

Արմատավորված ռեժի՞մ, թե՞ թույլ պետություն


Միացյալ նահանգներն ու Եվրոպան հաճախ Ադրբեջանին դիմում են որպես «ռազմավարական գործընկեր», չնայած այդ երկրում քաղբանտարկյալների ռեկորդային թվի աճին ու ճնշված քաղաքացիական հասարակությանը: Տարիներ շարունակ ակտիվ լոբբինգի ջանքերի շնորհիվ Ադրբեջանը ժողովրդավար երկրների կառավարություններին ստիպել է լռել ու չբարձրաձայնել Բաքվում մարդու իրավունքների ոտնահարման մասին: Նախագահ Ալիևի կնոջ` Մեհրիբան Ալիևայի նշանակումն ուղղված է իշխող ընտանիքի անպատժելիության ու Ադրբեջանի ավտորիտար քաղաքական համակարգի արմատավորմանը:  Freedom House-ին տված հարցազրույցում Կենտրոնական Ասիայի ու Հարավային Կովկասի հարցերով վերլուծաբան Պաոլո Սորբելոն նշել է, որ «Մեհրիբան Ալիևայի նշանակմամբ Ալիևը հասկացնում է, թե ով է իր երկրում տերը: Ալիևի ընտանիքի ներկայությունը իշխանության գլխին չի քննարկվում»:
Աննախադեպ թուլությանն ու անկայությանը ռեժիմը փորձում է դիմակայել՝ իշխանական օղակը ընտանեկան լծակներով ամրապնդելով: Ադրբեջանի արժույթի տատանումն ու եկամուտների կտրուկ նվազումը կապված է նավթի գների անկման հետ: Ավելին, առաջին անգամ Ադրբեջանը սկսել է պայքարել նավթի դեֆիցիտի դեմ, քանի որ ընթացիկ ծավալները բավարարում են միայն ներքին սպառմանը: Նավթի ու գազի արտահանումը դարձել էր քաղաքական ոլորտը կառավարելու Ադրբեջանի ավանդական գործիքը:

Նախապես պայմանավորված նախագահություն առաջին տիկնոջ համար


Ալիևայի նշանակումը երկրի կարևորությամբ երկրորդ պաշտոնում կարող է դիտարկվել ինչպես ուժի, այնպես էլ թուլության դրսևորում: Ամուսինն իր կնոջ համար համապատասխան սահմանադրական փոփոխություններ կատարեց: Մինչև վերջերս Ադրբեջանում փոխնախագահի պաշտոն գոյություն չուներ: Պաշտոնը ստեղծվեց անցյալ տարի, որին զուգահեռ երկարացվեց նաև նախագահության ժամկետը` դարձնելով այն 7 տարի , նախկին 5-ի փոխարեն: Միաժամանակ իջեցվեց նաև նախագահի թեկնածուների տարիքային շեմը:
Փոփոխություններն հաստատվեցին սեպտեմբերին կայացած հանրաքվեյի արդյունքներով: Իրադարձությունն ուղեկցվել էր քվեաթերթիկների լցոնումներով ու հանրաքվեին մասնակցության ցուցանիշի կեղծմամբ: Դրան հաջորդած ցույցերն ավարտվեցին մասսայական ձերբակալություններով: Հանրաքվեն կազմակերպվեց ու անցկացվեց առանց հանրության ու խորհրդարանի հետ խորհրդակցելու: Իսկ Կենտրոնական Ընտրական Հանձնաժողովն ընդդիմադիր խմբերին արգելեց «ոչ»-ի արշավներ անցկացնել: 6 ամիս անց Ալիևան նշանակվեց փոխնախագահի պաշտոնում: Ալիևան իր ամուսնու հետնորդն է, նա կփոխարինի Ալիևին, եթե վերջինս մահանա կամ անգործունակ ճանաչվի: EurasiaNet-ի լրագրող Էմիլ Սանամյանը պնդում է, որ հանրաքվեի միջոցով փոխնախագահի պաշտոնի ստեղծումը իշխանության ամրապնդման «կլանային» սխեմայի մի մասն էր:

«Խավիարային դիվանագիտություն»


Ալիևան խորհրդարանի անդամ է  2005թ.-ից, բայց նիստերին հազվադեպ էր մասնակցում: Նա ավելի շատ հայտնի է որպես UNESCO բարի կամքի դեսպան և Ադրբեջանի ամենակարևոր բարեգործական կառույցի` Հեյդար Ալիևի անվան հիմնադրամի ղեկավար: Չնայած կազմակերպությունը հիմնականում մշակութային նախագծերով է զբաղվում, դրա իրական նպատակը ռեժիմի միջազգային իմիջի բարձրացումն է ու Ղարաբաղյան հակամարտության հարցում պաշտոնական Բաքվի դիրքորոշման ներկայացումը: Կառույցը բազմիցս քննադատության է ենթարկվել կոռուպցիայի համար:
Դեկտեմբերին Եվրոպական կայունության նախաձեռնություն կազմակերպության հրապարակած հաշվետվության համաձայն՝ Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի պատգամավորներից մեկը ադրբեջանցի լոբբիստներից ավելի քան 2 միլիոն Եվրո կաշառք է սատցել Ադրբեջանում քաղբանտարկյալների գործով հետաքննությունն արգելափակելու համար: Այս դեպքը միայն մեկ օրինակ է ադրբեջանական լոբբինգի լայն աշխարհագրությունում, որտեղ օտարերկրյա պաշտոնյաներին շռայլ նվերներ են մատուցվել, մի բան, որը հատուկ է «խավիարային դիավանգիտությանը»: Եվրոպացի քաղաքական գործիչներն իրենց պատերը թանկարժեք խալիներով են զարդարում, ստանում են բացառիկ ժամացույցներ, զարդեր ու արծաթե սպասք: Այս ամենի ֆոնին ՆԱՏՕ-ի ղեկավարի հետ մամուլի ասուլիսի ժամանակ Ալիևն առանց ամաչելու հայտարարել է որ «արդեն 10-ը տարի Ադրբեջանը Եվրոպայի Խորհրդի  ու Մարդու Իրավունքների  Եվրոպական դատարանի անդամ է: Մեր երկրում չեն կարող քաղբանտարկյալներ լինել»: Մինչդեռ քաղբանտարկյալների թիվը միայն աճում է և անցնում է ավանդական թիրապների սահմանը: Այս երկրում ձերբակալվում են ոչ միայն ընդդիմության ներկայացուցիչները, այլ նաև ռեպերներ, բլոգերներ ու լրագրողներ:
Մեհրիբան Ալիևայի նշանակումը տարիների լռության արդյունք է: Քանի որ Եվրամիությունը պատրաստվում է ավելացնել էներգետիկ կախվածությունը Բաքվից` նոր նավթամուղ կառուցելով մինչև 2019թ., ժողովրդավար երկրների կառավարություններն ու տարածաշրջանային կառույցները պետք է կրկնապատկեն իրենց պաշտպանությունը կոռուպցիայի ազդեցությունից պաշտպանվելու համար և հաշվի առնել հնարավոր հետևանքները, որոնց անխուսափելիորեն կհանգեցնեն «ռազմավարական գործընկերոջ»` ժողովրդավարությունից հեռու տանող քայլերը: