Անակնկալ երեխաների համար․ Newmag-ը հրատարակել է մանկական նոր՝ «Երազ» մատենաշարը

June 5, 2023

Մանկական նոր՝ «Երազ» մատենաշարը, Newmag հրատարակչությունը նախաձեռնել է «Երազ Փրոջեքթս»-ի հետ, որի առաջին երեք գրքերն են՝ «Վտվտիկի օրագիրը»,  «Մուշի տարօրինակ ճամփորդությունը» և «Կարգապահություն առանց դրամայի» ձեռնարկը՝ ծնողների համար: 

Մանկական նոր՝ «Երազ» մատենաշարը, Newmag հրատարակչությունը նախաձեռնել է «Երազ Փրոջեքթս»-ի հետ, որի առաջին երեք գրքերն են՝ «Վտվտիկի օրագիրը»,  «Մուշի տարօրինակ ճամփորդությունը» և «Կարգապահություն առանց դրամայի» ձեռնարկը՝ ծնողների համար: 

Մանկական մատենաշարի խորհրդանիշը Միաեղջյուրն է:  «Երազ» մատենաշարի համար հաշվի են առնվել յուրաքանչյուր դետալը, միջազգային չափանիշներն ու տեղական պահանջարկը։ Յուրաքանչյուր տարիքային խմբի համար նախատեսված գիրքը կունենա համապատասխան տառատեսակ: «Երազ» մատենաշարի գրքերը կունենան չորս դասակարգում՝ ԱՅԲ, ԲԵՆ, ԳԻՄ, ԴԱ՝ համապատասխանաբար նախատեսված 0-ից 6, 7-ից 9, 10-ից 12, 12 և բարձր տարիքային խմբերի համար։

Առաջին գիրքն ամերիկացի մանկագիր, մուլտիպլիկատոր, դիզայներ և The New York Times-ի բեսթսելլեր գրող Ջեֆ Քիննի «Վտվտիկի օրագիրն» է:

Պատկերազարդ վիպակի գրքի հերոսը Գրեգ Հեֆլին է: Միջին դպրոցում նրա ու իր մտերիմ ընկերոջ՝ Ռաուլի արկածներն անտարբեր չեն թողնի ոչ մի երեխայի։ Նրանք հայտնվում են ամենատարբեր զվարճալի, զավեշտալի ու տարօրինակ իրավիճակներում։

«Վտվտիկի օրագիրը» հրատարակվելուց հետո դարձել է համաշխարհային բեսթսելլեր, վաճառվել է ավելի քան 280.000.000 օրինակ։ 2010, 2011, 2012, 2014, 2015 և 2016 թվականներին գիրքն արժանացել է Nickelodeon Kids Choice մրցանակին։


հատված «ՎՏՎՏԻԿԻ ՕՐԱԳՐԻՑ»

«...Նախ ասեմ, որ սա ՀՈՒՇԱԳԻՐՔ է ու ոչ թե օրագիր: Չէ՛, գիտեմ՝ շապիկի վրա ինչ է գրված, բայց մայրիկիս ՀԱՏՈՒԿ խնդրել էի, որ խանութում ուշադիր լինի և ընտրի առանց «օրագիր» բառի: Դե՛ հիմա: Ընդամենն ուզում էի, որ սա ձեռքիս տեսնողները չհասկանային, որ օրագիր է: Մի բան էլ ասեմ, ու անցնենք առաջ, ֆիքսենք, որ այս ամենը ՄԱՅՐԻԿԻՍ գաղափարն էր, ոչ թե իմը:

Երևի հույս ունի, որ այստեղ գրելու եմ իմ բոլոր հույզերը կամ նման մի բան: Չէ մի չէ: Ոչ մի «Բարև՛, սիրելի օրագիր» կամ «Բարև՛, իմ օրագիր»: Մի բանի համար եմ գրում, որ հետո, երբ շատ հարուստ ու հայտնի դառնամ, ստիպված չլինեմ պատասխանել հիմար հարցերի: Թող նստեն ու կարդան սա»:

 

Երկրորդ գիրքն ավստրալաբնակ հայ նկարիչ և գեղարվեստական գրականության թարգմանիչ Սոնա Բաբաջանյանի հեքիաթն է՝ «Մուշի տարօրինակ ճամփորդությունը»:

Սարսափելի վթարից հետո փոքրիկ Մուշի մեջ վախ է մտել. նա վախենում է մթությունից, վախենում է, որ այլևս չի կարողանա քայլել, վախենում է կորցնել հայրիկին և այլևս երբեք չվերադառնալ իր նախկին կյանքին։ Բայց մի բարի օր, ավելի շուտ՝ մի բարիգիշեր, երբ նա, վերմակի տակ ծածկված, փորձում է թաքնվել իր այդ վախերից, մի զարմանալի հյուր է այցելում նրան: Տղայի սեփական երազի միջից պատահաբար Արտաշխարհվայր ընկած փոքրիկ տարօրինակ արարածը՝ Փսփսիկը, աղերսում է փրկել իրեն և վերադարձնել իր հայրենի ներաշխարհ։


հատված  «ՄՈՒՇԻ ՏԱՐՕՐԻՆԱԿ ՃԱՄՓՈՐԴՈՒԹՅՈՒՆԻՑ»

«...Մշուշոտ անտառը նոսրացավ: Ճամփորդները շուտով հայտնվեցին բարձր, կապտամանուշակագույն խոտով ծածկված ընդարձակ դաշտում: Քամի չկար, բայց սլացիկ խոտը մեղմօրոր ճոճվում էր ու մեղմաձայն խշխշում: Թերթեմոնի ծառին նստելուց հետո նոր ուժ առած Լուսունիկը կայտառորեն սլանում էր առաջ՝ ոլորապտույտներ գործելով օդում: Մեկ վեր, մեկ վար անելով՝ քսվում էր ցողուններին, կարծես խաղար դրանց հետ:

Մուշն ահագին հանգստացել և ուժ էր հավաքել: Փսփսիկը նույնպես ահագին կազդուրվել էր, թեպետ երկար ականջները դեռևս թեթևակի դժգույն էին:

-Օ˜, տե՛ս, տե՛ս,-անսպասելի ծղրտաց Փսփսիկը՝ վեր-վեր թռչելով: -Տեսնո՞ւմ ես էն ծուխը: Ես գիտեմ, թե որտեղ ենք, մոտենում ենք երազավանին»:


Երրորդ գրքի հեղինակները երկու ամերիկացի մանկական հոգեթերապևտներ են՝  Դենիել Ջ. Սիգելը և Թինա Փեյն Բրայսոնը: «Կարգապահություն առանց դրամայի» ձեռնարկը ճանապարհային քարտեզ է ծնողների համար, թե ինչպես մեղմել զայրույթը, լարվածությունն ու առանց տեսարան ստեղծելու լուծել հուզական հարցերը: Գիրքը համալրված է ծնողների անկեղծ պատմություններով և զվարճալի նկարազարդումներով:  Այն կսովորեցնի խաղաղ ճանապարհով հարթել բախումները և ամրապնդել ընտանեկան կապերը:

հատված «ԿԱՐԳԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ ԱՌԱՆՑ ԴՐԱՄԱՅԻ» ՁԵՌՆԱՐԿԻՑ

«...Այսպիսով, երբ ձեր երեխան հեկեկում է, կատաղում է, հարձակվում է քրոջ կամ եղբոր վրա, զայրացած շպրտում է թավշե շնիկը, որովհետև այն չափազանց փափուկ է ու չի նստում, ինչպես պետք է, կամ որևէ այլ եղանակով ցուցադրում է տվյալ պահին ճիշտ որոշումներ կայացնելու անկարողությունը, ճանաչե՛ք ապրումները, որ նրան մղում են այդպիսի գործողություններին: Հիշեցնում ենք, որ հաճախ անհրաժեշտ է լինում նախ երեխային ֆիզիկապես հանել կոնֆլիկտային իրադրությունից: Ընդունել հույզերը, չի նշանակում թույլ տալ խփել ուրիշներին կամ կոտրել նրանց իրերը: Դուք չեք ամրապնդում նրա վատ պահվածքը, երբ ցույց եք տալիս, որ հասկանում եք նրա դրությունը: Պարզապես հուզականորեն հարմարվում եք նրան, համահունչ եք դառնում, իսկ «համահունչ նվագելով» դուք կարող եք միասին ներդաշնակություն ստեղծել: Ընդառաջ գնացե՛ք երեխային և փնտրե՛ք նրա վարքի իմաստն ու բացատրությունը, այդ վարքի հետևում կանգնած ապրումները: Օրինական ճանաչելով նրա զգացմունքները՝ դուք ճանաչում եք նաև նրա կենսափորձը»:

«Երազի» նոր գրքերը պատրաստ կլինեն օգոստոսին՝  նոր ուսումնական տարվան ընդառաջ: