[Անիծյալ երկուշաբթին] «Վախը կարող է օգտակար լինել». Մարկ Մենսոն

April 27, 2020

Մինչ դուք կարդում եք այս հոդվածը, ես տանն ինքնամեկուսացած եմ արդեն մեկ ամիս։ Դա որոշ մարդկանց համար կարող է անհեթեթություն թվալ, բայց ես եկել եմ այն եզրահանգմանը, որ սա ամենատրամաբանական և պատասխանատու բանն է, որ այս պահին կարող ենք անել։

Հավանաբար, իմ գրքերի ամենահայտնի ուղերձը հետևյալն է՝ թքած մի ունեցիր միայն այն բաների վրա, որոնք ճշմարիտ ու կարևոր են։ Մի քանի շաբաթների հետազոտությունն ինձ բերել է այն կարծիքին, որ կորոնավիրուսը մեր կյանքի ամենաշրջադարձային իրադարձություններից է։ Այս տարին շատ բարդ է լինելու բոլորիս համար, ամբողջ աշխարհի համար։ Հերքելն իմաստ չունի: Սա անխուսափելի է:

Իմ բախտը բերել է, ես աշխատում եմ տնից, ունեմ բավարար սննդի պաշար և հարմարավետ տուն։ Ակնհայտ է, որ ոչ բոլորն են այդքան բախտավոր։ Շատերն ապրում են օրավարձով, ծայրը ծայրին հասցնելով, այս դեպքերում, անշուշտ, մեկուսացումը շատ ավելի բարդ է։

Չնայած դրան, ես բոլորին հորդորում եմ հետևել այդ կանոններին։ Ռիսկն այստեղ ասիմետրիկ է։  Եթե պարզվի, որ կորոնավիրուսն այդքան էլ վտանգավոր չէր, դուք կկորցնեք մեկ ամսվա աշխատավարձ և մի քանի ամսվա սոցիալական կայունություն։ Սակայն եթե պարզվի, որ այն իրոք լուրջ ու վտանգավոր մարտահրավեր էր, ապա կանոնները պահելով դուք կփրկեք ձեզ, ձեր ընտանիքի անդամներին և ձեր գործընկերներին։

Ինձ անհանգստացնում է այն, որ որոշ հանրային մարդիկ, որոնք կարծիք են ձևավորում, պնդում են, որ այս ամենը թեթև մի բան է, գրիպի նման և նույնիսկ պակաս վտանգավոր։ Ես հասկանում եմ, այդ մտքերին հավատալու գայթակղությունը մեծ է։ Ես հասկանում եմ, որ դուք ուզում եք դա լսել։ Այդ մտքերը փարատում են ձեր վախերն ու հանգստացնում խուճապային տրամադրությունները։

Սակայն հենց դա է մեր թուլությունը։ Մենք որոշում ենք ընտրել հարմարավետ, բայց վտանգավոր տարբերակը։ Որոշում ենք զիջել սեփական անվտանգությունը՝ հարմարավետությանը։ Մենք նախընտրում ենք ձևացնել, թե ռիսկեր չկան, քան խորապես գիտակցել դրանց առկայությունը և լուծումներ փնտրել։

Երբ փորձում եք խուսափել բացասական էմոցիաներից, դուք աստիճանաբար կտրվում եք իրականությունից։ Հարցը ոչ թե այդ էմոցիաներից ազատվելն է, այլ դրանք կառավարելի դարձնելը:

Անհանգստության զգացումը մեզ կարող է զգոն պահել։ Նույն կերպ, վախը կարող է օգտակար լինել։ Այն մեզ օգնում է պաշտպանվել վտանգից։ Մի խուսափեք վախից։ Օգտագործեք ձեր օգտին։ Թույլ մի տվեք, որ այն վերածվի խուճապի և կառավարի ձեզ։ Ինքներդ կառավարեք այն։