«Արարատ 73»-ի պղնձե միֆը. հաղթանակածների կերպարները կերտելով` նոր կուռքե՞ր ենք ստեղծում

December 20, 2016

Արձանախմբում պատկերված են «Արարատ 73»-ի 15 ֆուտբոլիստներ, մարզչական շտաբի 3 աշխատակիցները և թիմի պետը: Նրանց դիմաց` գավաթը: Ֆուտբոլիստներն իրենց հիմնական հասակից մի փոքր բարձր են: Պղնձե արձանախմբի ընդհանուր քաշը մոտ 1.5 տոննա է. միջին հաշվով` արձանախմբի յուրանքաչյուր ֆուտբոլիստ 70-80 կգ է: Քանդակների հիմնակմախքում երկաթե կարկաս է: Հեղինակը Երևանի գլխավոր ճարտարապետ Տիգրան Բարսեղյանն է, քանդակագործների խմբի ղեկավարը՝ Արմեն Սամվելյանը:


Արմեն Սամվելյանը քանդակում է 5 տարեկանից, այժմ 48 է: Նրա քանդակները 5 երկրում ներկայացվել են ցուցահանդեսների: Հինգ հոգանոց խումբն այս արձանների վրա աշխատել է մեկ տարուց ավելի: Նա վստահ է, որ իրենց աշխատանքը երբևէ կգնահատվի ըստ արժանվույն:
«Երբ իմացանք, որ մեզ վստահվել է պատրաստել «Արարատ 73»-ի արձանախումբը, մեծ պատասխանատվություն զգացինք: Մեզնից մեծ աշխատանք պահանջվեց: Բնականաբար դժվար էր: Սա ժանրային քանդակ է: Շատերն ասում են, թե ֆուտբոլիստները նման չեն պատկերված, սակայն ես համաձայն չեմ: Գիտե՞ք, վատ քանդակներ չկան. կա վատ դիտող: Այսօր քննադատում են քաղաքի բոլոր արձանները, սակայն ես ուշադրություն չեմ դարձնում այդ քննադատություններին: Չես կարող այնպես քանդակել, որ ամեն ինչ 100 տոկոս նման լինի:  Բայց կարծում եմ` դրա ժամանակն էլ կգա: Իմ համաքաղացիներին խորհուրդ եմ տալիս փնովելու փոխարեն մաքուր պահել արձանախումբը և դրա հարակից տարածքը»: