ԱՐԻԶՈՆԱ. Երկիր, որը Տերը հարստացնում է

December 9, 2015

Օդանավը պտույտ է կատարում Սոնորայի անապատի վրա: Վերևից երևում է ուղիղ գծերով մի լուսավոր ցանց: Կենտրոնում երկնաքերներ են՝ շրջապատված Հեռավոր Արևմուտքին հատուկ միհարկանի տներով: Ֆինիքս. փյունիկ- քաղաք, որը գրեթե ամբողջ տարին վառվում է անապատի արևից, բայց նաև ընդլայնվում է բոլոր ուղղություններով: 1950 թվականին Ֆինիքսում հարյուր հազար մարդ էր ապրում: Ընդամենը 10 տարի անց քաղաքի բնակչությունը աճեց 300 տոկոս: Հիմա այստեղ մեկուկես միլիոն մարդ է ապրում:
Ինչպե՞ս Ֆինիքսը դարձավ ԱՄՆ 6-րդ քաղաքը մեծությամբ: Օդորակիչի շնորհիվ: 1960-ականներին, երբ տներում տեղադրվեցին առաջին մեխանիկական օդորակիչները, մարդիկ բառիս բուն իմաստով շունչ քաշեցին +45 աստիճան շոգից: Օդորակիչների շնորհիվ Ֆինիքսում հայտնվեցին նոր գործարարներ, հիմնվեցին կրթական հաստատություններ, կրճատվեց զինված բանդաների թիվը, կառուցվեցին ճանապարհներ ու ջրանցքներ: Այսպես կարիճների և կոյոտների կենսատարածքը դարձավ Արիզոնա նահանգի մայրաքաղաքը:

Ֆինիքսի դեսպանները առաջարկում են շաբաթվա անվճար համերգների և մարզական միջոցառումների ծրագիրը Լուսանկարը՝ Դիանա Ալեքսանդրա Դենտի
 Ֆինիքսի կենտրոնում հատուկ համազգեստով, կապի միջոցներով և ջրի շշերով շրջում են դեսպանները: Այդպես են կոչվում քաղաքապետարանի աշխատակիցները, որոնք օգնում են բնակիչներին և այցելուներին: Եթե մոլորվել ես, ծարավ ես կամ էլ պարզապես ուզում ես իմանալ, թե քանի անգամ է Բրազիլիան աշխարհի չեմպիոն դարձել, դիմում ես Ֆինիքսի դեսպաններին։
Նրանց կարելի է դիմել միշտ. անձրև է գալիս՝ հարց չկա, անձրևանոց կտան, զրուցընկեր ես փնտրում՝ ոչ մի խնդիր, դեսպանը, հետդ խոսելով, կգա մինչև տուն, երեխային պետք է մի րոպեով նայել՝ հանգիստ մտի՛ր խանութ, դեսպանը կզբաղեցնի։
Հիմա քաղաքի այրերը (որոնք հիմնականում տիկնայք են) մտածում են, թե է՛լ ինչ անեն Ֆինքիսը գրավիչ դարձնելու համար։ 2020 թվականին Ֆինիքսը կդառնա ԱՄՆ 4-րդ քաղաքը։ Իշխանությունները ստեղծում են ջրավազանների ու ցայտաղբյուրների նոր, ընդլայնված ցանց։ Կառուցում են ջրանցքներ, որոնք հյուսիսի գետերն ուղղում են դեպի քաղաք: Անապատային բույսերի կողքին արդեն երևում են սաղարթավոր ծառեր։ Դրանք ավազուտներում լավ չեն աճում, այդ պատճառով էլ «դնում են» ծաղկամանների մեջ, ինչպես մենք ֆիկուսը՝ պատշգամբում։
[caption id="attachment_26174" align="alignleft" width="450"]Հնդկացիների վարդագույն ջիփերը պատրաստ են ընդամենը 60 դոլարով քեզ հետ սուրալ Գրանդ կանյոնով և


Հուշարձանների հովտով | Լուսանկարը՝ Արմեն Սարգսյանի


Ցեղի բյուջե մտած ամեն մի սենթ բոլորի սեփականությունն է: Օրենքով արյան մեջ 25 տոկոս նավահո գեն ունեցողը համարվում է ցեղի անդամ: Դա արվել է այն հաշվով, որ  4 պապերիցդ գոնե մեկը նավահո լինի: Եթե դա դժվար է որոշել, ապա արյան մի լրացուցիչ քննություն կարող է պարզել իրավիճակը: Նավահոների արյունը ունի շաքարի մեծ քանակություն՝ մոտավորապես 4 անգամ ավելի շատ, քան մեր՝ «սովորական» մարդկանց արյունն է: Այլ կեպ ասած՝ բոլոր նավահոները նաև դիաբետիկ են:
Եկվոր ամերիկացիների դեմ պայքարելուց և իրենց իրավունքների մի մասը վերանվաճելուց հետո բնիկ ամերիկացիներն այժմ պայքարում են միմյանց դեմ: Վեճերի հիմնական թեման հողն է, տարածքը: Ինչպես 1800-ական թվականների վայրի Արևմուտքում, այնպես էլ հիմա հողը փող է, ընդ որում չհարկվող փող: Իհարկե, պայքարի ձևերը մի քիչ փոխվել են. գանգամաշկը հանելու փոխարեն ցեղերը նահանգային դատարան են դիմում և պահանջում իրենց հասանելիքը հարևանից: Այս դեպքում՝ իրենց անկախ համարող, նախագահ և գերբ ունեցող բնիկ ամերիկացիները ճանաչում են Միացյալ Նահանգների իշխանությունը: Մնացած բոլոր դեպքերում եկվորներին ու  նրանց ժառանգներին համարում են գաղութարարներ:
Բնիկ ամերիկյան ցեղերի առաջնորդները 2014 թվականին հավաքվեցին Ալբուքերքի քաղաքում: Նրանց խորհուրդը որոշեց մասնակի համաներում կիրառել վերջին 400 տարում իրենց երկիրը անօրինականորեն հատած 220 միլիոն սպիտակ մարդկանց և նրանց հետնորդների նկատմամբ: Լակոտա ցեղի առաջնորդը նույնիսկ առաջարկեց բոլոր սպիտակ մարդկանց վտարել, հետ ուղարկել Եվրոպա: «Ինչո՞ւ նրանք հետ չգնան իրենց պապերի երկիրը: Նրանք մեզնից խլել են մեր ռեսուրսները, որովհետև ծուլացել են իրենց իսկ հողում զարգացնել իրենց հայրենիքը»,- նեղսրտել է լակոտաների առաջնորդ Իտե Օմագազուն «Դեյլի Քարնթ» թերթին տված հարցազրույցում: Վամպանոագ ցեղի առաջնորդ Վամսուտան էլ սպիտակ մարդկանց առաջարկել է դիմել բնիկ ամերիկյան ցեղերի իշխանություններին՝ օրինական կացության թույլտվություն ստանալու համար: Ընդ որում հնդկացի առաջնորդներն իրենց հողերում ապրողներին խորհուրդ են տվել թույլտվություն ստանալու համար հերթ կանգնել «մեքսիկացիներից հետո»:
Հայեր, որ… (անոնս)
Հերթի ո՞ր մասում կկանգնեն Արիզոնայի հայերը: Նրանք տարբեր հաշվարկներով 2500-8000 են: Արիզոնայի հայկական համայնքն այս հողի նման յուրահատուկ է: Հայերն արևի հովիտ են եկել դեռ 1800-ական թվականներին: Այստեղ են հիմնավորվել Մեխակյանները, Չաքմաքյանները, Ինջասուլյանները, Հոսեփյանները, Մելիքյանները, Շիրինյանները, Մանուկյանները և… Մորիսոնները: 1963 թվականի հոկտեմբերի 16-ին հայ համայնքը նահանգային իշխանություններին պաշտոնապես իրազեկել է Հայ առաքելական եկեղեցի հիմնելու մասին: Հետագայում կառուցվել են Սուրբ Աբգար եկեղեցին և հայկական մշակութային կենտրոնը: Նահանգի մեծ կնիքի վրա հատուկ նշում չկա այն մասին, որ այս երկիրը նաև հայերն են հարստացրել: Այսուամենայնիվ, առանց Արիզոնայի հայերի աղքատիկ կլիներ թե՛ մայրաքաղաք Ֆինիքսի գլխավոր փողոցը, թե՛ Տեմպի քաղաքի բալետի թատրոնը, թե՛ Արիզոնայի պետական համալսարանի հռչակը, թե՛ Սքոթսդեյլի Արևելյան Չոլա փողոցը: Մայրաքաղաքի ամենալավ վարսավիրը` հրեա Էդիկը, հենց առաջին օրը անվճար սպասարկեց ինձ և մեծ ակնածանքով ու երախտագիտությամբ պատմեց Ֆինիքսի, Արիզոնայի, Ամերիկայի ու աշխարհի ամենանշանավոր հայերից մեկի մասին:
(շարունակելի)