Արմիս. Մոռացված նկարչի ստեղծագործական կյանքի ուրվագիծը

January 12, 2017

«Եթե օրին մեկը ինձ վիճակուի Փարիզի մէջ արուէստս կատարելագործելու, նպատակս պիտի ըլլայ զայն նուիրել իմ ժողովրդին բարոյական ու հոգեկան վերականգնումին»: Արուէստս ի սպաս դնել իմ ժողովրդին, այդ իմ կեանքին երազն է»: 
Այս խոսքերի հեղինակը 20-րդ դարի ֆրանսահայ նկարիչ Արմիսն է (Արմենակ Միսիրյան, 1901-1977):
Նա ծնվել է Ադյամանում` ջութակահարի ընտանիքում: Դառը մանկություն է ունեցել: Հազիվ դպրոցն  ընդունված դառնում է տարագիր` մինչև Դեր Զոր: Հրաշքով փրկվելով, ընկնում է Հալեպ և Գառզուի, Կալենցի, Օննիկ Ավետիսյանի նման նա ևս իր կյանքի վաղ շրջանը ապրում է Հալեպում: Այնտեղ աշխատում է որպես գծագրության ուսուցիչ: Գեղարվեստական կրթություն է ստացել ԱՄՆ-ից ժամանած Եղիա Գասպարյանի մոտ: 1930-ին մեկնել է Փարիզ, սովորել Ժյուլիեն և Գրան Շոմիեր ակադեմիաներում: Կարճ ժամանակում բոլորին անհայտ ու ստվերի մեջ ապրող այս համեստ արվեստագետը դարձավ քննադատների ուշադրության առարկան` վայելելով լայն ճանաչում և արժանանալով բարձր գնահատանքի: Մասնակցել է Փարիզի խոշոր ցուցահանդեսներին:
Արմիսի արվեստը 3 շրջանի է բաժանվում`
Հալեպի շրջան – (1920-ական թթ.-1930 թ.): Այս շրջանում հիմնականում բնանկարներ է կատարել, որոնց համար նյութ են հանդիսացել քաղաքի հնությունները, մզկիթները, փողոցները:
Փարիզյան շրջան- երբ նոր է հաստատվում Փարիզում: Այդ տարիները նրա համար որոնման շրջան էին:
Հասունության շրջան` սկսած 1952-ից: Հենց այս շրջանում` 50-ականներից սկսած է նա ստեղծագործական բուռն ոգևորություն ապրել: Սկսեց նկարել նոր շնչով: Այդ հարցում օգտակար դեր է խաղում նույն թաղամասում բնակվող Ժանսեմը:
Հեղ.` Սիլվիա Մանուչարյան