Ի' գործ. ՀԱՀ հայտնի ուսանողների հաջողության պատմությունները

October 25, 2016

Իր գոյատևման ընթացքում երկրի զարգացման ու առաջընթացի գործում համալսարանի էական   ներդրումներից մեկը, բարձրորակ կրթություն ապահովելն ու բարձր որակավորում ունեցող շրջանավարտներն են, ովքեր երկրի ամենատարբեր ոլորտներում իրենց լուման են ներդնում, և այսօր համալսարանը հպարտ է իր շրջանավարտներով:
Հայաստանի նման փոքր երկրում Հայաստանի ամերիկյան համալսարանը իր 25-ամյա  պատմության ընթացքում մագիստրոսի կոչում շնորհած մոտ 3050 շրջանավարտ ունի: Ամերիկյան համալսարանի հիմնադրումը հասանելի դարձրեց արևմտյան որակի կրթությունը նաև այստեղ՝ Հայաստանում: Որակյալ կրթություն, ապա՝ լավ աշխատանք: Համալսարանը վերամիավորում է այս երկուսը հայաստանյան շուկայում և դարձնում հնարավոր, շնորհիվ որի մեր երիտասարդները ստիպված չեն մեկնել արտերկիր՝ միջազգային մեծ համբավ վայելող համալսարաններում կրթությունը շարունակելու:
Համալսարանի համար խոսուն ու ոգևորիչ փաստ է այն հանգամանքը, որ իր շրջանավարտների 70 տոկոսն ապրում ու աշխատում է Հայաստանում և Լեռնային Ղարաբաղի հանրապետությունում:Ընդհանրապես, աշխատանքի հարցը հիմնականում լուծվում է ուսումնառության ընթացքում և ուսանողների 76,5%-ն աշխատանքի է տեղավորվում կամ դեռ բուհը չավարտած, կամ ավարտելուց հետո՝ 3 ամսվա ընթացքում:

Սուրեն Շահինյան
ՀԱՀ շրջանավարտ, 1993


Մարդկային ռեսուրսների ղեկավար,


ՄԱԿ-ի մարդկային ռեսուրսների գրասենյակ, Նյու-Յորք


Ռադիոֆիզիկայի ինստիտուտն ավարտած Սուրեն Շահինյանը դարձավ համալսարանի առաջին ուսանողներից մեկը: Թերթում տեսած փոքր հայտարարությունը փոխեց կյանքը:
«ՀԱՀ-ի ծնունդը համընկավ Հայաստանի անկախության ձեռքբերման հետ: Նորանկախ երկիրը շատ խնդիրներ ուներ, և մեր սերնդի համար համլսարանը  լույս էր թունելի վերջում: Այն բերեց կրթական նոր մեթոդներ, դեմոկրատական արժեքներ և երկրի զարգացման հնարավորություններ: 1993-ին ավարտեցի: Առաջին շրջանավարտներից եմ:ՀԱՀ-ի կրթական մեթոդները տարբերվում էին, ուսանողն ավելի ընդգրկված էր ուսումնական գործընթացում, ինքն էր որոշում` ինչ սովորել, ինչ առարկաներ ընտրել: ՀԱՀ-ն կրթության նոր ձևաչափ ներմուծեց»:

Դավիթ Բաբայան
ՀԱՀ շրջանավարտ, 1997


Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ,


Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ


Արցախի քաղաքական դաշտում Դավիթ Բաբայանը հայտնվեց 1998-ին, Հայաստանի ամերիկյան համալսարանն ավարտելուց մեկ տարի անց: Աշխատանքը  սկսեց ԼՂՀ Արտաքին գործերի նախարարությունից, 2007-ից միացավ Լեռնային Ղարաբաղի հանրապետության նախագահի աշխատակազմին, և այժմ ղեկավարում է տեղեկատվության վարչությունը: Դավիթ Բաբայանն իր գիտելիքը գործի է դնում Արցախի արտաքին քաղաքական խնդիրները լուծելու մեջ, նաև կիսում է իր իմացածը նոր սերնդի քաղաքագետների հետ, դասավանդում է Ստեփանակերտի պետական համալսարանում:
«Ամերիկյան համալսարանը ձևավորել է իմ ապագան, լավ փորձ ու մնայուն գիտելիք եմ ստացել: ՀԱՀ-ից հետո շարունակեցի արտասահմանում, բայց մինչև այժմ Հայաստանի ամերիկյան համալսարանի գիտելիքն եմ կիրառում, այն դպրոց էր, որի վրա շարունակում ենք կառուցել մեր կյանքը: Այն նոր մշակույթ բերեց երկրի կրթական համակարգին, տարբերվում էր իր տված հնարավորություններով, շենքային պայմաններով, հարուստ գրադարանով ու էլեկտրոնային ռեսուրսներով, նույնիսկ անվճար սնունդ էր տրամադրում, ինչը շատ կարևոր էր այդ դժվարին տարիներին: Հայաստանի ամերիկյան համալսարանում սովորել եմ սառը դատել, միշտ լուծումներ գտնել ցանկացած բարդ իրավիճակում, չհրաժարվել ազգայինից, բայց հետևել նաև ժամանակակից գաղափարներին ու աշխատաոճին: Համալսարանը շարունակում է իր որակյալ աշխատանքը, համոզված եմ, որ այն մեծ ապագա ունի: Շատ հպարտ եմ, որ նրա շրջանավարտն եմ»:
Գայանե Շաբունց

ՀԱՀ շրջանավարտ, 1997
«Շաբունց Քույրեր» լեզվի կենտրոնի տնօրեն


Գայանե Շաբունցը Ամերիկյան համալսարան ընդունվելու որոշումը դժվար է կայացրել, համոզված չէր, որ կկարողանա վարձը վճարել: Բայց որոշեց ռիսկի դիմել, գիտելիքների շնորհիվ 90 տոկոս կրթաթոշակ ստացավ:
«Ամերիկյան համալսարան ընդունվելը հեշտ որոշում չէր, հաշվի առնելով ընտանիքիս ֆինանսական հնարավորությունները: Բայց, քանի որ մայրս միշտ քաջալերում էր ու կարևորում էր լավ կրթությունը, որոշեցինք դիմել: Բարեբախտաբար համալսարանից մոտ 90 տոկոս կրթաթոշակ ստացանք, դա շատ օգնեց ու մոտիվացրեց մեզ: Ընդունվելիս չէինք էլ պատկերացնում, թե ինչ կարևոր քայլ ենք անում: Մեր կողքին շատ խելացին մարդիկ էին` պրոֆեսիոնալ դասախոսներ: Գլխավորը, որ պետք է ստանաս համալսարանից, այն է, որ կրթությունդ հնարավորություն տա աշխատել քո մասնագիտությամբ: Երբ ավարտեցի համալսարանը սկսեցի աշխատանք փնտրել, գնացի հարցազրույցի: Բայց այդպես էլ աշխատանքի չգնացի: Ընտանեկան քննարկում ունեցանք, մայրս ասաց, որ ավելի լավ կլինի սեփական գործ սկսել ուրիշ ընկերությունում աշխատելու փոխարեն: Մի գիշերում որոշեցինք լեզվի կենտրոն բացել: Հենց հաջորդ առավոտ գրանցեցինք մեր ընկերությունը: Այն փոխեց մեր կյանքը, Ամերիկյան համալսարանը շատ է օգնել վստահել սեփական ուժերին, չվախենալ ու առաջ շարժվել»:
Բացի նրանից, որ շրջանավարտների համար ստեղծված են հնարավորություններ՝ մնալու և աշխատելու Հայաստանում, շնորհիվ իր հետազոտական կենտրոնների՝ ՀԱՀ-ը խթանում է նաև արտասահմանում ապրող և  բարձր որակավորում ունեցող հայ գիտնականների վերադարձը հայրենիք՝ գիտական ներուժը կենտրոնացնելով Հայաստանում: Այս մասին ևս փաստում է վիճակագրությունը: Ըստ  2015-2016 ուս.տարվա տվյալների ՀԱՀ պրոֆեսորադասախոսական կազմի 23.0%-ը  (46 հոգի) Միացյալ նահանգներից է, իսկ դասախոսակազմի 30,5% արտերկրից է: Համալսարանի  շրջանավարտների ցանկում են նաև արտասահմանում ծնված ու մեծացած հայեր:
Իրանահայ ԴանիելՂևոնդյանին հայրենիք բերեց կրթությունը: Ինժեների կրթություն ուներ, ցանկանում էր մասնագիտանալ արդյունաբերական ճարտարագիտության և համակարգերի կառավարման ոլորտում: Համալսարանների առաջարկները նայելիս գտավ Հայաստանի ամերիկյան համալսարանը, որոշեց դիմել: Տարբերակը կատարյալ էր` լեզվի խնդիր չէր ունենա, կարող էր կրթաթոշակ ստանալ, բացի այդ հայրենիքում կլիներ:

Դանիել Ղևոնդյան
ՀԱՀ շրջանավարտ, 2006 «ՋԵՐՄՈՒԿ» հանքային ջուր, արտադրության տնօրեն


«Ամերիկյան համալսարանի հետ կապս չեմ կտրել, ավարտելուց մի քանի տարի հետո  վերադարձել եմ որպես դասախոս: Համալսարանի շնորհիվ եմ վերադարձել Հայաստան, ծնվել եմ Իրանում, այնտեղ ստացել էի ինժեների կրթություն: Հետաքրքրվում էի արդյունաբերական ճարտարագիտությամբ և համակարգերի կառավարմամբ, որոշեցի կրթությունս շարունակել Հայաստանում և ընտրեցի Ամերիկյան համալսարանը: Առանց ՀԱՀ-ի 2 տարվա կրթության շատ դժվար կլիներ հաստատվել հայրենիքում: Ամերիկյան համալսարանն ինձ համար մեծ դռներ է բացել: Դժվար չի եղել, ավարտել եմ, սկսել եմ աշխատել, միշտ առաջընթաց եմ գրանցել»:
ՀԱՀ-ից ուսանողները դուրս են գալիս փոփոխություն անելու ու նոր բան ստեղծելու վճռականությամբ: Ըստ 2015թ. իրականացրած հարցախույզի շրջանավարտների 47,9% մասնավոր առևտրային, 15,2% մասնավոր ոչ առևտրային, 30,1 հանրային և 6,8%-ը ինքնազբաղվածներ  են: Նրանք, ովքեր զբաղվում են ձեռնարկատիրությամբ օգնում են նաև սկսնակ մյուս գործարարներին:

ԶորայրԿիրակոսյան
ՀԱՀ շրջանավարտ, 2001


Թրփանջյան գյուղական համայնքների զարգացման ծրագրի մարզային գործունեությունը համակարգող տնօրեն


2001-ին համալսարանն ավարտած Զորայր Կիրակոսյանը ՀԱՀ Գյուղական համայնքների զարգացման ծրագրի ղեկավարն է: Ջավախեցի տղան Ամերիկյան համալսարանն ավարտելուց հետո ուսումը շարունակել է Ամերիկայի միացյալ նահանգներում: Աշխատել է Նյու Յորքում` ՄԱԿ-ի կենտրոնական գրասենյակում: 2007-ին Հայաստան վերադառնալով, միացել է հարազատ համալսարանի թիմին և օգնում է զարգացնել Հայաստանի Արցախի ու Ջավախքի գյուղական համայնքները:
«Ազատ մտածելակերպ, մոտիվացիա և փոփոխություն անելու կարողություն. սա է, որ տվել է Հայաստանի ամերիկյան համալսարանը: Ես Ջավախքից եմ, համալսարանը լավ կրթություն է տվել ինձ, այժմ էլ նրա միջոցով օգնում եմ իմ համայնքին: Քաղաքագիտության և միջազգային հարաբերությունների ֆակուլտետն ավարտելուց հետո ուսումս շարունակել եմ Ամերիկայի միացյալ նահանգներում: Նյու Յորքում աշխատում էի ՄԱԿ-ի կենտրոնական գրասենյակում: Շատ էի ուզում Հայաստան վերադառնալ: Վերադարձա  2007-ին և սկսեցի  աշխատել Հայաստանի ամերիկյան համալսարանում` Գյուղական համայնքների զարգացման ծրագրում: Այն գործում է Հայաստանի մարզերում, Արցախում և իմ հայրենի Ջավախքում: Ծրագրի միջոցով աջակցում ենք սկսնակ գործարարներին, օգնում փոփոխություն բերել իրենց համայնքներում: 8 տարում մեծ հաջողություններ ենք գրանցել, ամենակարևորը մտածելակերպի փոփոխությունն է, օգնում ենք բիզնեսում նոր գործիքներ ընդգրկել, ուշադրություն դարձնել որակին, ծառայության մատուցման ձևին, սանիտարահիգիենիկ պայմաններին: 200 գործարարների հետ ենք աշխատում, հավատում ենք, որ նրանց հաջողությունն ու մտածելակերպի փոփոխությունը կբերի նրանց համայնքների շարունակական զարգացմանը»:
Շնորհակալություն` ՀԱՀ-ի ձևով 
Հայաստանի ամերիկյան համալսարանի շրջանավարտներից շատերը սովորել են կրթաթոշակների շնորհիվ: Եթե նրանց կրթության մեջ ներդրումներ չլինեին, միգուցե նրանց կյանքն այլ ընթացք ստանար:
Համալսարանի նշանակալից դերը իրենց կյանքում և կարիերայում անփոխարինելի համարելով 1993 թվականի ՀԱՀ առաջին շրջանավարտները 2013-ին համախմբվեցին և հիմնեցին  «անձեռնմխելի» դրամաշնորհ:  Ավարտելուց 20 տարի անց նրանք 35.000 դոլար հատկացրեցին հարազատ համալսարանում ուսանել ցանկացողների համար: Շրջանավարտների կրթաթոշակի նպատակն է օգնել այն ուսանողներին, որոնք ունեն բարձր առաջադիմություն  ու լավ գիտելիքներ և չունեն բավարար միջոցներ: Շնորհակալություն  հայտնելու ավանդույթը շարունակեցին մյուս տարիների շրջանավարտները. 2016-ին «անձեռնմխելի» դրամաշնորհում կուտակված գումարը հատեց 89.300 դոլարի շեմը:
ՀԱՀ նախագահ Դր. Արմեն Տեր-Կյուրեղյանը և իր կինը՝ Նելլի Տեր-Կյուրեղյանը, եղել են 2013թ. առաջին նվիրատուներից։ «Շրջանավարտների վերամիավորելու և դրամահավաքի շնորհիվ ուսանողներին կրթաթոշակներ տրամադրելու  նախաձեռնությունը համարում եմ հրաշալի գաղափար: Ուրախ եմ, որ ֆինանսավորվել է առաջին կրթաթոշակը և այսօր կարող ենք ներկայացնել առաջին թեկնածուին:  Բարի երթ այս նախաձեռնությանը», -  նշել է ՀԱՀ նախագահ Արմեն Տեր-Կյուրեղյանը:
Արդյունքում շնորհվեց առաջին ուսանողական կրթաթոշակը: «Ինձ համար պատիվ է արժանանալ կրթաթոշակի, որը նախաձեռնել են այս բուհի շրջանավարտները: Ինքս էլ ավարտելուց հետո առաջին իսկ հնարավորության դեպքում միանալու եմ ամենամյա այս նախաձեռնությանը, որպեսզի հնարավորինս շատ ուսանողներ ներառվեն այս նախաձեռնությանը և մասը կազմեն ՀԱՀ ընտանիքի», -  նշում է կրթաթոշակի առաջին թեկնածու, մագիստրատուրայի կառավարման բաժնի ուսանող՝ Արմեն Փիրումյանը:
Բացի 70 տոկոս սուբսիդավորումից, Ամերիկյան համալսարանում գործում է ֆինանսական աջակցության ճկուն համակարգ (մեխանիկական սուբսիդավորում, ուսանողական փոխառություն, ուսման վարձի մաս-մաս վճարման տարբերակ և այլն), իսկ բարձր առաջադիմություն ցուցաբերած ուսանողները ստանում են նաև կրթաթոշակ: Այսօր ֆինանսական աջակցության տարբեր ծրագրերից օգտվում է ՀԱՀ ուսանողների մոտ 45 տոկոսը: ՀԱՀ-ում սովորողների 90 տոկոսը Հայաստանի քաղաքացիներ են, որոնց 20 տոկոսը մարզերից են: