Ես տեսել եմ մարդկության ամենազզվելի կողմը, ես դժոխքն եմ տեսել. Նյուրենբերգյան գործընթացի վերջին դատախազի խոստովանությունը

May 15, 2017

97 տարեկան, ցածրահասակ, հազիվ 1,50 սմ հասակով այս տղամարդը եղել է սպանության գործով երբևէ տեղի ունեցած ամենամեծ դատական գործընթացի դատավորը: Դատական նիստը Նյուրենբերգում էր, դատական գործը` ցեղասպանություն,  մեղադրյալները` գերմանացի մի խումբ նախկին ՍՍ սպաներ, որոնք մեղադրվում էին համակենտրոնացման ճամբարներից դուրս ավելի քան մեկ միլիոն կանանց ու երեխաների սառնասրտորեն սպանության համար:
«Եթե պատերազմի փոխարեն խաղաղություն ցանկանալը միամտություն է, ապա թող ասեն` ես միամիտ եմ, քանի որ ես պատերազմի փոխարեն խաղաղություն եմ ցանկանում»:

Երկրորդ Աշխարհամարտից հետո կայացած դատական գործընթացները պատմական էին, դրանք պատմության առաջին միջազգային պատերազմական տրիբունալներն էին:  Հիտլերի լավագույն գործակալներն առաջինն էին ենթարկվում պատասխանատվության: Հետո դատարանի առաջ էին կանգնում նացիստ մյուս առաջնորդները, ներառյալ այդ 22 ՍՍ սպաները, որոնք պատասխանատու էին համակենտրոնացման ճամբարներից դուրս` Արևելյան Եվրոպայի քաղաքներում ու գյուղերում մեկ միլիոնից ավելի մարդկանց սպանության համար: Նրանք այդպես էլ կխուսափեին պատասխանատվությունից, եթե չլիներ Բենյամին Ֆերենցը:
«Ես շատ երիտասարդ էի, 27 տարեկան: Մինչև այդ ոչ մի դատական գործ չէի վարել, Նյուրենբերգն իմ առաջին փորձն էր, նույնիսկ դատարանի դահլիճում չէի եղել»:
Ֆերենցի աղքատ հրեա ընտանիքը Ռումինիայից գաղթել էր Նահանգներ: Ֆերենցը մեծացել է Նյու Յորքի դաժան թաղամասերից մեկում, որտեղ հայրը հավաքարարի աշխատանք էր գտել:
«Երբ ինձ 7 տարեկանում տարան դպրոց, ես անգլերեն չգիտեի, ինձ չընդունեցին»: 
Ֆերենցն արագ սովորեց, իր ընտանիքում առաջինն էր, որը քոլեջ հաճախեց, հետո էլ` Հարվարդի Իրավաբանական Դպրոց: Առաջին սեմեստրի ընթացքում ճապոնացիները ռմբակոծեցին Պերլ Հարբորը, և նա, իր շատ դասընկերների հետ միասին գրանցվեց զորակոչիկների ցուցակում: Նա ցանկանում էր օդաչու դառնալ, բայց նրան չընդունեցին:
«Նրանք ասացին ո'չ, դու շատ ցածրահասակ ես, ոտքերդ ոտնակներին չեն հասնի: Ծովայիններն էլ նայեցին ինձ և ուղղակի ասացի` մոռացի’ր, տղա ջան»:

Նա ավարտեց Հարվարդը, բայց հետո գրանցվեց ծառայության մանսավոր բանակում: Պատերազմի ավարտին նա իրավաբանական վերապատրաստում անցավ գեներալ Պատտոնի նորաստեղծ երրորդ զորամիավորման կազմում, որտեղ ուսումնսիրում էր պատերազմի հանցագործությունները: Երբ  Նահանգներն ազատում էին համակենտրոնացման ճամբարները, նրա աշխատանքը կայանում էր նրանում, որ ներս մտնի ու ապացույցներ հավաքի: Ֆերենցն ասում է, որ մինչև հիմա էլ այնտեղ տեսածն ու լսածը հետապնդում է իրեն:
 «Հոր պատմությունն եմ հիշում… Հայրը մահացավ հենց այն պահին, երբ մտնում էինք ճամբար: Նա պարբերաբար իրեն հասանելիք մեկ կտոր հացը պահում էր իր տղայի համար, ձեռքի տակ, այնպես, որ մյուսները չտեսնեն, չգողանան…»:
Ֆերենցը վերադարձավ, ամուսնացավ իր մանկության սիրո հետ ու երդվեց այլևս երբեք ոտք չդնել Գերմանիա: Բայց դա երկար չտևեց: Գեներալ Թելֆորդ Թեյլորը, Նյուրնբերգյան գործընթացի պատասխանատուն, խնդրեց Ֆերենցին հետազոտողների թիմ հավաքել ու գալ Բեռլին:
«Նա ինձ մի խուրձ մատյաններ տվեց, որտեղ գրի էին առնվել օրական զեկույցներն այն մասին, թե որ քաղաքում, գյուղում որքան մարդ է սպանվել: Դասակարգված էր` այսքան հրեա,այսքան գնչու, այսքան մյուս ազգերից»:
Ֆերենցի ձեռքին հայտնվեցին ՍՍ հատուկ մահվան խմբերի գաղտնի զեկույցները, որոնք գերմանական բանակի հետևից մտնում էին գյուղեր ու քաղաքներ, սպանում էին կոմունիստներին, գնչուներին ու հատկապես հրեաներին:
«3000 ՍՍ սպաներին հենց այդ նպատակի համար էին պատրաստել: Նրանց հանձնարարված էր սառնասրտորեն, առանց խղճահարության սպանել իրենց ճանապարհին պատահած յուրաքանչյուր հրեայի, բոլորին անխտիր` կին լինի, թե երեխա»:
Մահվան խմբի գործունեության մասին միայն մեկ տեսագրություն կա, հեշտ չէ այն դիտել:
«Երբ թիվն անցավ մեկ միլիոնը ես գնացի Բեռլին ու ասացի գեներալին` մենք պետք է դատական գործընթաց սկսենք»:
27-ամյա Ֆերենցի նախաձեռնությամբ ու նրա ղեկավարությամբ սկսվեց 22 ՍՍ-ականների N9 դատական գործընթացը Նյուրենբերգում:

«Նրանք բոլորը միանման պատասխաններ էին տալիս`  մեղավոր չենք»:
Ֆերենցը գիտեր, որ մեղավոր են և կարող էր ապացուցել դա: Առանց որևէ վկայի, միայն իրենց իսկ գրանցամատյաններով:

Մատյան 111. վերջին 10 շաբաթում մենք վերացրել են 55 հազար հրեա:


Մատյան 179. Կիև 1941թ. – Քաղաքի հրեաները, 34.000 ներառյալ կանայք ու երեխաները, ոչնչացված են:


«Նրանք չէին ամաչում, նունիսկ հպարտ էին, ասում էին, որ իրենց ղեկավարության հրամանն են կատարել: Նրանք նստած էին այնպես, ինչպես կնստեին կանգառում, ավտոբուսին սպասելիս»:

Բոլոր 22 մեղավոր ճանաչվեցին, նրանցից 4-ին կախեցին: Ֆերենցն ասում է, որ նրա հիմնական նպատակը օրենքի գերակայության հաստատումն էր ու ապագայում նման վայրագությունների կանխումը:
«Եթե պատերազմ չլիներ, այդ մարդկանցից շատերը նորմալ մարդիկ կլինեին,, նրանք ցիտում էին Գյոթե, սիրում էին Վագների երաժշտությունը, քաղաքակիրթ էին: Այդ ամենի պատճառը պատերազմն էր»: