Գնել Նալբանդյան. Թանձրամիտ պաշտոնյան ունի մեկ գերխնդիր. շփվել չմտածող մարդկանց հետ

November 1, 2014

Ինտելեկտուալների շրջանում իդիոտների կայուն քանակը հաստատուն մեծություն է: Նորմալ մարդու համար չմտածելը նորմ է: Աննորմալի համար` նույնպես: Մարդկության մեծագույն մասի համար` նորմալ մարդկանց համար, մեծագույն երանությունը չմտածելն է: Մտածող մարդը չմտածողներին չի հետաքրքրում: Մինչդեռ մտածողին հետաքրքրում են նա՛և չմտածողները: Մտածողների մի մասը` չնչին մասը` փիլիսոփաները, հոգևորականներն ու արվեստագետները, տառապում են չհասկացված լինելու բարդույթից, երբ փորձում են հասկանալի դառնալ չմտածող մեծամասնության համար: Փիլիսոփան կարող է ցավ ապրել դրանից, բայց չպետք է զայրանա, վրդովվի, բարկանա: Փիլիսոփային պետք է որ դուր չգա միայն սեփական անձը: Սեփական անձի հանդեպ շատ լուրջ տրամադրված, ինքն իրեն շատ լուրջ ընդունող, իր անձնական ապրումներին ու համոզմունքներին լուրջ վերաբերվող մարդը չի կարող փիլիսոփա լինել: Այն կարող է դառնալ կուսակցական կամ պետական ֆունկցիոներ:
Թանձրամիտ պաշտոնյան ունի մեկ գերխնդիր. շփվել չմտածող մարդկանց հետ, քանի որ մտածողները խնդրահարույց են ու դժվարահաճո: Իր անձի կարևորությունը գիտակցող պաշտոնյայի համար հումորի բոլոր տեսակները նախ և առաջ անիմաստ են, հետո` կասկածելի, վերջում` վտանգավոր: Որովհետև հումորի հիմքում սրամտությունն է, որը մտածելու կարևորագույն գործիքն է: Որքան սուր է միտքդ, աչքդ, լեզուդ, այնքան մեծ է հավանակությունը, որ բարձր պաշտոն չես զբաղեցնի: Հիերարխիկ սանդուղքի պտուտակները մարդու և ամեն ինչի բոլոր սուր անկյունները տաշելու, կլորացնելու համար են, քանի որ սուր, կտրող, ծակող ամեն բան փչացնում է մարդաղաց ապարատի նուրբ մեխանիզմը: Անմիտ մարդը հանրային բարեկեցության հիմնական պտուտակն է, մտածող մարդը` այդ նույն բարեկեցության շարժիչ ուժը: Բայց մտածող ու չմտածող մարդիկ ընդհանրություն էլ ունեն. նրանք երկուսն էլ ի վիճակի են երբեմն-երբեմն ժամեր շարունակ նայել միևնույն կետին: