«Երևանյան բեսթսելեր» նախագծում «Ճանապարհ» գիրքը կրկին առաջին հորիզոնականում է

May 9, 2024

«Արմենպրես» լրատվական գործակալության այս շաբաթ ներկայացրեց մարտի փաստավավերագրական ստեղծագործությունների լավագույն տասնյակը։ Առաջին հորիզոնականում անհամեմատ ցուցանիշով Թովմաս Առաքելյանի «Ճանապարհ» գիրքն է։ Լույսընծայման իսկ օրվանից այս գործն ամենապահանջված գրքերից է ոչ միայն newmag.am կայքում, այլև հայաստանյան բոլոր գրախանութներում։ Մի քանի անգամ վերահրատարակվելուց հետո էլ այն շարունակում է մնալ առաջատարի դիրքում։

«Ճանապարհը» փոքրիկ ճամփորդությունների միջոցով պատմում է Հայ Առաքելական եկեղեցու մասին։ Գրքի հերոսը հենց ընթերցողն է։ Հեղինակը բացատրում, թե ինչն ինչոց է Հայոց եկեղեցում` Խորհուրդներ, ծիսակարգ, բարեպաշտական սովորություններ, անդրադառնում է եկեղեցում վայելուչ կեցվածք ունենալու կարևորությանը, հերքում թյուրընկալումներն ու սնահավատությունները։

Զուգահեռ հնչում են նաև եկեղեցական հայրերի, վարդապետների, հոգևորականների խոսքերը, որոնք անբաժան են մեր հոգևոր կյանքից։ Այստեղ ամփոփված տեղեկությունները կարևոր են, քանի որ առօրյա կյանքում անկասկած առնչվելու ես քրիստոնեական այս Խորհուրդներին, ավանդություններին, սովորություններին: Լավ կլինի, որ գիտակցես, թե դրանք որտեղից են եկել, ուր են գնում և ուր կարող են մեզ տանել. չէ՞ որ քրիստոնեությունն ինքնին ճանապարհ է, որը տանում է դեպի փրկություն։ 

Ըստ Թովմաս Առաքելյանի, շատ հաճախ քրիստոնյա լինելու համար քաջություն է պետք, և իզուր չէ, որ իրապես, ոչ թե ադաթով եկեղեցականացված քրիստոնյաները պատարագի են մասնակցում, աղոթում են, նրանց կյանքում միշտ առկա է Աստվածաշունչը, բարոյագիտությունը, և այդ մարդիկ հաջողություն են ունենում ամենատարբեր ոլորտներում: Այս գրքի հրատարակումը շատ արդիական է, քանի որ մեզ ընկալելով հայ քրիստոնյա, չտարանջատելով հայն ու քրիստոնյային, քրիստոնեությունն ավելի շատ ճանաչում ենք ծիսական մակարդակում, իսկ դավանաբանական հարցերի մեջ չենք խորանում։

«Ճանապարհը» Թովմաս Առաքելյանի առաջին գիրքը չէ։ Նա  2019 թվականին տպագրել է հեղինակային` «Բարեպաշտական սովորությունները Հայոց եկեղեցում» գիրքը: Այժմ զբաղվում է բլոգինգով, ծառայում Հայոց եկեղեցու Տավուշի թեմում: 

Կարդացեք նաև