Ձմեռային 3-րդ փառատոնին Newmag-ը ներկայացրեց նոր հեղինակ ու նրա առաջին գիրքը (լուսանկարներ)
Newmag-ը հրատարակել է Թովմաս Առաքելյանի «Ճանապարհ» գիրքը։ Շնորհանդեսը տեղի ունեցավ Winter Fest 2024-ին։ Գրքի առաջին խմբաքանակը սպառվեց մինչև շնորհանդեսը։ Երկրորդ տպաքանակն արդեն պատրաստ է։ Տպավորիչ օրվա մասին՝ ֆոտոռեպորտաժով։
«Ճանապարհը» Հայոց եկեղեցու մասին պատմում է փոքրիկ ճամփորդությունների միջոցով։ Գրքի հերոսն ընթերցողն է, որին հեղինակն ուղեկցում է ամբողջ ընթացքում, ծանոթացնում Եկեղեցու Խորհուրդներին, ծիսակարգին, բարեպաշտական սովորություններին, անդրադառնում եկեղեցական մշակույթին, հերքում թյուրընկալումներն ու սնահավատությունները։
«Ճանապարհը» Թովմաս Առաքելյանի առաջին գիրքն է։ Լեցուն դահլիճն ու ջերմ արձագանքը հեղինակի համար անակնկալ էր։ Շնորհանդեսի տպավորությունների մասին խոսեց օրեր անց՝ ֆեյսբուքյան հանրագրում. «Կես ժամում մեր sold out-ը վկայում է` հոգևորը նորաձև է, գիրք կարդալն ակտուալ է (ամեն ինչ կպատկերացնեի, բացի գրքի հսկա՜ հերթից)), դե իսկ նման որակ ունեցող ազգը դեռ հաղթական ասելիք ունի»։
Գրքի շնորհանդեսին ելույթ ունեցավ «ՏաԼույս» երգչախումբը։
Հայ Առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ գերաշնորհ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանն իր խոսքում ընդգծեց՝ այս օրը վերստին մարդ դառնալու օր է։ Գրականությունը, մշակույթը միտված են մարդու հոգևոր կյանքը բարելավելուն, նրան ազնվացնելուն, վերափոխելուն, կերպարի ստեղծմանը, ճշմարտությանը, արդարությանը՝ շնորհանդեսին.
«Նորանոր ճանապարհներ եմ մաղթում Թովմասին, ինչպես ասել եմ, թող այս ճանապարհը մեծ ու լայն ճանապարհ դառնա դեպի Քրիստոսի ճշմարտության ճանաչողությունը։ Մեզ համար կյանքում ո՛չ ավելի մեծ արժեք կա, ո՛չ էլ ավելի մեծ փորձություն, քան մեր Տիրոջ ճանապարհի ճանաչողությունը, մեր ինքնության ճանաչողությունը։ Այս գիրքը նաև մտերմիկ զրույցների, ճանապարհորդության միջոցով է, իսկապես, շատ յուրահատուկ ձևով է մատուցված. մտերմացնելու, ծանոթացնելու, ճանաչելու, համը, ճաշակը փոխանցելու մեր Տիրոջ ու նաև իր ճանապարհով։ Այդ Ճանապարհը յուրաքանչյուրի համար է, ոչ միայն գիտելիք ամբարելու, այլ նաև աստվածճանաչողություն ունենալու, մեր եկեղեցու ճանաչողության համար։ Ինչպես ասեցի, գրքում ուսուցման ձևը, գաղափարի փոխանցման ձևը ճանապարհորդության միջոցով է արվում, ինչը ինքնին արդեն շատ գրավիչ ու հետաքրքիր է»։
«Ճանապարհ» գրքի մտերմիկ զրույցի ոճը թույլ է տալիս ծանոթանալ մեր ինքնությանն ու արժեքներին առանց ձանձրանալու։