Արմենիա Հ/Ը «Բարի լույս» հաղորդման ժամանակ տեղի ունեցավ Թովմաս Առաքելյանի «Ճանապարհ» գրքի շնորհանդեսը (տեսանյութ)

March 4, 2024

Գիրք, որը հետաքրքիր ճամփորդություն է ՝ իր քրիստոնեության, քրիստոնեկան խորհուրդների, ծեսերի ու սովորությունների պատմություններով։ Արմենիայի «Բարի լույս» հաղորդման եթերում տեղի է ունեցել Թովմաս Առաքելյանի «Ճանապարհ» գրքի հեռուստաշնորհանդեսը, որին ներկա են եղել խմբագիրը՝ Տաթևիկ Նալբանդյանը, Տավուշի թեմի հոգևոր սպասավոր Տեր Աբել քահանա Քարտաշյանը և գրքի հեղինակը ` ուրարակիր Թովմաս Առաքելյանը։

«Ճանապարհ»  գրքի խմբագիրը՝ Տաթևիկ Նալբանդյանը ներկայացրեց, որ այս աշխատությունը քրիստոնեության մասին զրույցի, փոքրիկ ճամփորդությունների ոճով գրված կարևոր ուղեցույց է. «Այս բոլոր թեմաները, որի մասին խոսում է հեղինակը, զգացվում է, որ իր համար նվիրական թեմաներ են։ Թովմաս Առաքելյանը ոչ միայն փաստերն է շարադրում, այլ դա անում է համոզմունքով, ջերմեռանդությամբ, որ դրանով ընթերցողին է վարակում։ Իր սերը և իր նվիրումը, այդ ամեն ինչը փոխանցվում է նաև ընթերցողին։ Հաճախ չգիտենք, ինչպես դիմել հոգևորականին, ինչպես ընդունել, օրինակ, օրհնանքի հացը, ինչու ենք քահանային ասում՝ օրհնեցեք, Տեր հայր»։

Գրքի խմբագիրը շատ կարևոր է համարում այս հրատարակումը, քանի որ մեզ ընկալելով հայ քրիստոնյա, չտարանջատելով հայն ու քրիստոնյային, քրիստոնեությունը ավելի շատ ճանաչում ենք ծիսական մակարդակում, իսկ դավանաբանական հարցերի մեջ չենք խորանում. «Ավելի շատ սիրում ենք ծեսերը կատարել, բայց եթե մի քիչ էլ անկեղծանանք, մենք այդ ծեսերն էլ լավ չենք ճանաչում։ Այդ ամենը պահպանում ենք ավանդության, սովորության ուժով։ Դա հզոր ու կարևոր ուժ է։ Հեղինակը նշում է, որ դոգմանները, վարդապետությունը Աստված է հռչակել իր Սուրբ գրքում, ծեսերը, արարողությունները եկեղեցական հայրերն են մշակել, իսկ սովորությունները ժողովուրդն է ստեղծել։ Դրանք մեր քրիստոնյա նախնիների ստեղծագործությունն են։ Բայց մենք չենք ճանաչում այդ ստեղծագործությունները։ Գրքի հեղինակն ուզում է, որ ճանաչենք, հասկանանք ու գիտակցաբար այդ սովորությունները պահպանենք։ Հեղինակը շատ վարժ է ժամանակակից տեխնոլոգիաների մեջ, համացանցում շփումներ ունի մարդկանց հետ, բայց դա իր առավելությունն է, նա կարողանում է պարզ, հասկանալի ու կարճ խոսքի միջոցով իր միտքը տեղ հասցնել»։

Տավուշի թեմի հոգևոր սպասավոր Տեր Աբել քահանա Քարտաշյանը հիշեցնում է, որ Թովմաս Առաքելյանն, ինչպես առաքյալները, բոլոր մեթոդներն օգտագործում էին Աստծո խոսքն իրական կյանք բերեին. «Ամեն ժամանակում տվյալ ժամանակի գործիքակազմը պետք է օգտագործենք։ Կա մի ճանապարհ, այդ ճանապարհը, ինչպես նաև այս «Ճանապարհը» մեզ կտանի ամենաճշմարիտ տեղը՝ Աստծո մոտ։ Հայ առաքելական եկեղեցու հետևորդ դառնալու դժվարությունը այն է, որ բազմադարյա իրողությունները մեկ֊երկու օրում հնարավոր չէ ներկայացնել, դա կյանքի կերպ է դառնում, ինքնաճանաչողության ընթացք է։ Եթե այդ ամենը հնարավոր է անել Ինստագրամի, Տիկ֊տոկի միջոցով է, լավ է։ Բացեք գրքում գրականության ցանկը, կտեսնեք, որ այս գիրքը գուցե գրված է հանրամատչելի լեզվով, բայց ունի շատ լուրջ գիտական հենք, աղբյուրներ»։ 

Գրքի հեղինակը պատմեց, որ «Ճանապարհ» գիրքը շատ արագ է սպառվում, ու ընթերցողներից շատ դրական արձագանքներ ունի. «Newmag-ը գործակցում է գրախանութների լայն շրջանակի հետ, ընթերցողները գիրքը պատվիրում են նաև newmag.am կայքի միջոցով։ Ինստագրամի հետևորդների  բազում նամակներ եմ ստանում, թե ինչպես են պատվիրելուց կես ժամ հետո ստանում իրենց գիրքը։ Գիրքն արագ է սպառվում, «Անտենոր» տպարանն էլ շատ արագ տպում է նոր խմբաքանակները։ 

Գրքի հաջողությունը Թովմաս Առաքելյանը համարում է թիմային պրոֆեսիոնալ աշխատանքի արդյունք. «Այս գրքի հաջողությունը թիմինն է, մի դեպքում, դա Տավուշի թեմն է, իմ շուրջը հավաքված մարդիկ են, որոնց պատիվ ունեմ ծառայելու, որոնց շնորհիվ գրքի հրատարակման նախնական փուլը կայացավ։ Երկրորդ գերհզոր Newmag֊ի պրոֆեսիոնալ թիմն է, որն իրականություն դարձրեց չտեսնված փառատոն, չտեսնված արդյունքներ»։

Գիրքը գրված է գեղարվեստական ոճով, այն մտերմիկ զրույց ընթերցողի հետ։ Թովմաս Առաքելյանը շեշտում է, որ իր համար շատ կարևոր էր, որ այն պարզ լինի, բայց ոչ պարզունակ. «Կարևոր է, որ խոսես պարզ, բայց ոչ պարզունակ, հասկանալի, բայց ոչ էժան։ Հոգևոր ֆաստֆուդ պետք է չլինի»։

Ըստ Թովմաս Առաքելյանի, գրքի վերնագիրը՝ «Ճանապարհ», եկել է քրիստոնեության սկզբնական, նախնական բնորոշումից։ Այն մեր կրոնի պաշտոնական անունը չէր, բայց քանի դեռ տարածված չէր «քրիստոնեություն» եզրույթը, տարբեր տեղերում հիշատակվում է «ճանապարհ» բնորոշումը։ «Գործք առաքելոցում» այն մեկ֊երկու անգամ հիշատակվում է։ «Քրիստոնյա» առաջին անգամ կոչվել ենք Անտիոքում։ 

Կարդացեք նաև