Սև երեքշաբթի. Մեծ ճգնաժամ

December 17, 2015

Առաջին աշխարհամարտի բացած վերքերը սկսել էին սպիանալ: 1929 թվականն էր: Մարդիկ տևական արյունահեղությունից հետո կյանքի նոր փուլ էին մտել: Ամերիկացիների տնտեսական կյանքում ամենաշատ օգտագործվող բառը դարձել էր «արժեթուղթ»-ը: Բաժնետոմսերի առք ու վաճառքի տենդը բռնել էր բոլոր նահանգները: Համաճարակը հասել էր նաև ոչ ունևոր քաղաքացիներին: Նրանց փողը, իհարկե, չէր բավարարում բաժնետոմսեր ձեռք բերելու համար: Բայց գայթակղությանը չդիմանալով` դիմում էին դրամատների օգնությանը: Բանկերից միջոցներ էին փոխառում և համալրում արժեթղթային վարակակիրների ցանկը:
Փողը հեշտ ու արագ հոսում էր դեպի տնտեսություն: Գումարն էլ վերածվում էր արտադրանքի և նոր հզորությունների: Բոլորը վստահ էին, որ պահանջարկը կարդարացնի գերարտադրությունը: 1929-ի ամռանը շիկացած տնտեսությունն ամբողջ ուժով առաջ էր գնում: Շարունակում էին արտադրել շատ, վաճառել քիչ: Սկսվեցին առաջին ու հազվադեպ պատահող սնանկացումները: Սակայն ոչ ոք դրանց լուրջ չէր վերաբերվում: Ամերիկյան տնտեսության ռեցեսիոն ախտանշաններն արդեն նկատելի էին: Լավագույն ինդիկատորը շինարարական ոլորտն էր. տեմպը կտրուկ ընկավ:
Ծաղկուն 20-ականներն ու փայլուն տասնամյակն ավարտին էին մոտենում: Բայց բոլորը կարծում էին, թե խնջույքը շարունակվում է:

Ամերիկյան ընտանիքների վարկային պարտքերը 1925-ին 1 միլիարդ 300 միլիոն դոլար էին, 1929 թվականին` 3 մլրդ։

Բորսայական խաղը շարունակվում էր։ Չդադարող ցիկլերում միլիարդներ էին պտտվում: Միտումներն առավել քան հուսադրող էին: Մեծ ճգնաժամի նախօրեին լույս էր տեսել մի ամսագիր, որի շապիկին գրված էր. «Բորսայում կարող են հարստանալ բոլորը»: Մարդիկ, այսպիսով, ապրում էին սպասումով, առավել հարստանալու սպասումով: