Գիրք նվիրելու օրը Երևանի կոնյակի գործարանը վերածել է տոնի (տեսանյութ, լուսանկարներ)

February 25, 2022

Փետրվարի 19-ին՝ Գիրք նվիրելու օրը, Երևանի Կոնյակի գործարանը հանդես է եկել հետաքրքիր նախաձեռնությամբ: Հայաստանի ամբողջ տարածքում գտնվող իր աշխատակիցներին և գործընկերներին մատուցել է անակնկալ՝ գրքի տեսքով: Նախաձեռնության, Newmag-ի հետ գործակցության մասին գործարանի հասարակայնության հետ կապերի մենեջեր Զարուհի Սարիբեկյանն ու հրատարակչության գրական ծրագրերի ղեկավար Ավետիս Հարությունյանը պատմել են Արմենիա հեռուստաընկերության «Բարի լույս» ծրագրի ընթացքում:

Newmag հրատարակչությունն իր գործունեության 4 տարիների ընթացքում ակտիվ գործակցել և տարբեր նախագծեր է իրականացրել Երևանի Կոնյակի գործարանի հետ: Գիրք նվիրելու օրվա կապակցությամբ, տեղի ունեցավ ևս մեկ համատեղ ծրագիր. «Կոնյակի գործարանը պարբերաբար մշակութային ծրագրեր է իրականացնում, իսկ այս անգամ որոշել ենք նաև մասնակցել Գրքի տոնին: Այս տոնին խրախուում ենք աշխատակիցներին գրքով»,- ասում է Զարուհի Սարիբեկյանը։

Ըստ նրա, գիրք ընտրելու բավականին պատասխանատու և գայթակղիչ գործն անցել է ջերմ մթնոլորտում: Գործարանին օգնել են Newmag-ն ու Զանգակ գրատունը. «Գիրք նվիրելու ավանդույթը մեր գործարանում ձևավորվել է շատ վաղուց ու այս տարի, քանի որ կոնյակագործության 135-ամյակն ենք նշում, որոշեցինք ավելի ընդգրկուն դարձնել տոնը: Գիրքը ժառանգություն ձևավորող նախադրյալներից մեկն է, ամենակարևորը միգուցե, ու մեզ ոչ միայն գիտելիք է տալիս, այլև այն մեր մնայուն հիշողությունն է»:

Newmag-ի գրական ծրագրերի ղեկավար Ավետիս Հարությունյանի խոսքով, յուրաքանչյուր գիրք ընտրել են մեծ պատասխանատվությամբ ու հաշվի առնելով աշխատակիցների նախընտրությունները. «Ողջունելի է Երևանի կոնյակի գործարանի այս նախաձեռնությունը, ու այն պետք է ոգևորի մյուս խոշոր ընկերություններին ևս: Մենք գործարանի հետ նման բազմաթիվ ծրագրեր ենք իրականացրել»:

 

«Գիրք նվիրելու օրվա» նախօրեին, Երևանի կոնյակի գործարանի ARARAT թանգարանում հատուկ միջոցառման շրջանակներում Երևանի կոնյակի գործարանի ամբողջ անձնակազմին ընկերության տնօրինությունը մատուցեց անակնկալ նվերներ՝ տարբեր դարաշրջանների և հեղինակների գրքեր։

Երևանի կոնյակի գործարանը, դիտարկելով գրքի դասական ձևաչափը՝ իբրև նոր աշխարհներ բացահայտելու վայելք, որը հնարավոր է դարձել բնության պարգևներից մեկի շնորհիվ, յուրաքանչյուր գրքի կցվել է հատուկ էջանիշ՝ որպես բնության հանդեպ պատասխանատու վերաբերմունքի հիշեցում: