[NYTimes] Եթե ամեն ինչ լավ է, ինչո՞ւ են բրիտանացիները դուրս գալիս ԵՄ-ից, իսկ ամերիկացիները ընտրում Տրամփին

March 2, 2017

Մարդիկ հարցեր են տալիս ու դա կարևոր է, ինչո՞ւ են բոլորը զայրացած, ինչո՞ւ են նրանք սեփական հետաքրքրություններին դեմ քվեարկում` ընտրելով Դոնալդ Թրամփի պես շահամոլին, որը երբեք փոքր մտքերից բացի այլ բան չի ունեցել և հիմա ամեն օր ասում է, որ կմաքրի ճահիճը, ինչպես պլանավորել էր:
Մարդիկ հարցնում են՝ ո՞րն է խնդիրը, եթե աշխատատեղերը քիչ չեն, և ինչպես Ուորեն Բաֆեթն է ասում, ամերիկյան տնտեսությունը կշարունակի իր հրաշք վերելքը: Բայց այդուհանդերձ, բավականաչափ զայրույթ կա կուտակված, որպեսզի մարդը գնա և ընտրի խարդախ մեկին, որն ասում է, թե Ամերիկան նորից հզոր կդարձնի, այն կդարձնի ամենառազմականացվածն իր պատմության մեջ: Մինչդեռ պատմությունը ցույց է տվել, որ ռազմականացումը բերում է պատերազմի:  
Խնդիրը զայրույթն է: Դա եվրոպական, ինչպես նաև ամերիկյան ֆենոմեն է: Միշտ զգուշավորությամբ աչքի ընկած բրիտանացիներին մի օր դա բերեց Բրեքզիթի: Դա արվեց մի բանի համար, որպեսզի բավարարեին իրենց պահանջը՝ անհապաղ վերադարձնել սեփական երկիրը (ինչ էլ դա նշանակելու լիներ):
Բազմաթիվ տեսություններ կան այս զայրույթի մասին: Եթե հակիրճ՝ շատ մարդիկ կարծում են, որ իրենց դավաճանում են: Եթե դու մտածում ես, որ քեզ ֆռռացնում են, ուղղակի կատաղում ես: Մարդիկ տեսնում են, թե ինչպես են ուզում քամել ցանակացած գործարքից ստացված շահույթի վերջին կոպեկը՝ ամենուրեք դուրս մղելով մարդկային փոխգործակցությունը: Անողոք տեխնոլոգիաները շարունակում են արդյունավետ ծառայությունը, և ինչ-որ տեղ ու ինչ-որ պահի կյանքը կորցնում է ուրախությունն ու հմայքը, և գոյությունը դառնում է վտանգավոր: Մարդիկ նկատում են, որ լավ միությունները, կենսաթոշակները, արտադրական աշխատատեղերը, արտաժամյա և առողջապահական ծրագրերը վերանում են կամ կրճատվում՝ հանուն այդ վերջին կոպեկի:
Նրանք գիտեն, որ եթե մի բան այն չեղավ այդ կեղծ համակարգում, կորուստները «կսոցիալականացվեն»:  Հերթափոխով աշխատող «բանվոր հասարակարգը» կվճարի, մինչդեռ ինսայդերները կթողնեն, կգնան: Ահա թե ինչպես են իրերն աշխատում 21-րդ դարում: Հետևաբար ինչո՞ւ մարդիկ չպետք է եզրակացնեն, որ այլևս չկան բարոյական նորմեր, ոչ կարգապահություն կա, ոչ դաստիարակություն, և ի՞նչ է պետք է այդ համակարգը ցնցելու համար ու բարոյական որոշ ստանդարտներ վերականգնելու համար և ինչ-որ ժամանակ բոլորին հիշեցնելու, թե ում ձեռքում է փայտը, և ով կարող է բոլորին իրենց տեղերում պահել:
Ինչպես Ջորջ Օրուելն է ժամանակին նկատել, մարդիկ «միայն հարմարավետություն, ապահովություն, աշխատանքային կարճ ժամեր, հիգիենա և պլանավորված երեխաներ չեն ուզում, նրանք ցանկանում են նաև պայքարել, զոհաբերվել, էլ չասած՝ թմբուկների, դրոշների ու շքերթների մասին»:
Մի՛ թերագնահատեք զայրույթը կամ ամերիկացիների բազմությունը, որը դեռ հավատում է, որ Թրամփը պատմության մեջ ամենաազնիվ նախագահն է: Փոքր բան է, բայց էական է, երբ Բրիտանական ավիաուղիները Ամստերդամից Լոնդոն ճանապարհին 3 դոլար է ուզում մեկ բաժակ թեյի համար: Կրկին վերջին կոպեկը քամելու մասին է:
Գուցե Բրիտանական ավիաուղիների գործադիր տնօրենը շատ խելացի մարդ է, բայց ով էլ հանդիպի 3-դոլարանոց թեյի, կնյարդայնանա: Հետո էլ կսկսեն թթվածնի համար գումար պահանջել:
Մեծ բան չէ, բացի այն, որ թալան իրականացնող այդ համակարգը բերում է կատաղության:

Աղբյուրը