[բացատրագիր] Ի՞նչ է ՍԾՏՀ-ն և ի՞նչ է տալիս Հայաստանին

December 19, 2017

Անցած շաբաթ Հայաստանը ստանձնեց Սևծովյան տնտեսական համագործակցության նախագահությունը, ինչը տեղի ունեցավ դրանից տասն օր առաջ Կիևում նույն կազմակերպության խորհրդարանական վեհաժողովում հակահայկական հռչակագրի ընդունումից հետո։ ՍԾՏՀ ԽՎ-ում հայկական պատվիրակությանը նույնիսկ չէին հրավիրել հռչակագիրը քննարկելու և ընդունել էին փաստաթուղթ այնպես, ինչպես դա ցանկացել էին Ադրբեջանն ու Թուրքիան։ Դա դարձել էր սկանդալի պատճառ. ՌԴ ԱԳՆ-ն դատապարտել էր հայկական պատվիրակության նկատմամբ վերաբերմունքը, Հայաստանը հայտարարել էր, որ նման գործելաոճը վնասում է կառույցի հեղինակությանը: ՍԾՏՀ շրջանակում մեծ է Թուրքիայի և Ադրբեջանի ազդեցությունը, բայց Հայաստանը այս կառույցի լիիրավ անդամ է, արդեն նախագահողն է և կարևորում է թուրք-ադրբեջանական ազդեցության տակ գտնվող այս կառույցում իր անդամակցությունը. ինչո՞ւ.
Նախ, խորհրդարանական վեհաժողովը, որի ղեկավարն ադրբեջանցի է, կառույցի միայն մի մասն է: Սևծովյան տնտեսական համագործակցության հիմքը դրվել է 1992 թվականին, երբ Սև ծովի հարևանությամբ, դրանից մեկ տարի առաջ, ի հայտ էին եկել անկախ երկրներ: Հենց նրանց հետ ու միմյանց միջև տարածաշրջանային մակարդակում հարաբերություններ հաստատելու համար էլ ստեծվեց կազմակերպություն, որի մասը դարձավ 11 երկիր, այդ թվում՝ Հայաստանը:
Սա հարթակ է, որի միջոցով միմյանց հետ քաղաքական լուրջ խնդիրներ ունեցող երկրները միասին աշխատում են ոչ քաղաքական, բայց ոչ պակաս կարևոր ոլորտներում: Օրինակ, թմրանյութերի, զենքերի և ռադիոակտիվ նյութերի անօրինական ներկրման, ահաբեկչության դեմ: ՍԾՏՀ շրջանակում կան փաստաթղթեր, որոնք վերաբերում են արտակարգ իրավիճակներում փոխօգնությանը, հաստատված է գործակցություն տարերային և տեխնածին աղետների կանխարգելման և դրանց հետևանքների վերացման ոլորտներում: Քանի որ տարածաշրջանը տնտեսական խաչմերուկ է, հենց այս կառույցի միջոցով են լուծվում բազմաթիվ խնդիրներ, որոնք կարևոր են տնտեսական զարգացման տեսանկյունից: Օրինակ, ՍԾՏՀ անդամ երկրների գործարարների ու բեռնատար վարորդների համար տարատեսակ արտոնագրեր ստանալը հեշտացված է:



Նաև բացատրել ենք․



Բայց ամենակարևորը՝ սա կառույց է, որի միջոցով Հայաստանը պաշտոնական մակարդակով կապ է պահպանում Թուրքիայի հետ: Ավելին, սա տարածաշրջանային միակ կառույցն է, որի շրջանակում Հայաստանն ու Թուրքիան կարող են մշտական շփման մեջ լինել: 2001 թվականի օգոստոսից Ստամբուլում գործում է ՍԾՏՀ-ում Հայաստանի Հանրապետության Մշտական ներկայացուցչություն դիվանագիտական անձնակազմով: Ներկայացուցչությունը փաստացի փոխարինում է Հայաստանի դեսպանությանը մի երկրում, որի հետ չկան դիվանագիտական հարաբերություններ: Սա միջոց է, որը թույլ է տալիս հարևան 2 երկրներին տեխնիկական մակարդակով շփում պահպանել քաղաքական մակարդակով շփման բացակայության պայմաններում:
Բացի այդ, ՍԾՏՀ շրջանակում Հայաստանը մասնակցում է տարածաշրջանային տարատեսակ խնդիրների քննարկումներին, դառնում է տարբեր նախաձեռնությունների հեղինակ, առաջ է քաշում Հայաստանի շահը տարածաշրջանային մակարդակում, ձայն ունի ռեգիոնալ ծրագրեր կազմելու գործընթացում:
ՍԾՏՀ-ն տնտեսական նախաձեռնություն է, բայց Թուրքիան և Ադրբեջանը այս հարթակը փորձում են վերածել քաղաքական շահարկումների և ինտրիգների թատերաբեմի։ Հայաստանի նախագահությունն էլ ուղղված է հենց դա չեզոքացնելուն՝ պահպանելով տնտեսական գործակցության խթանման հավելյալ հնարավորությունները մյուս երկրների հետ, որոնք ձևավորվում են այս կառույցի միջոցով։