Ամանորի և Սուրբ Ծնունդի երգերի թոփ տասնյակը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

December 25, 2014

Սովետական միության տարիներին Նոր տարին մեզ համար Սուրբ ծննդից կարևոր դարձավ, մինչդեռ Արևմուտքում ու հատկապես ԱՄՆ-ում Քրիստոսին նվիրված տոնական երգերը մի առանձին մշակույթ են։ Ահա փոքրիկ միքս-տասնյակ` Ամանորի և Սուրբ ծննդի մասին երգերով։
Սկսենք մեծ Ֆիցջերալդից ու նրա կատարմամբ «What Are You Doing New Year's Eve?»` «Ի՞նչ ես անելու Նոր տարվա նախաշեմին», երգից։ Բուխարու մոտ նստելու տրամադրող այս գործը ստեղծել է Ֆրենց Լեսրը 1947-ին` 9-րդ տեղը զբաղեցնելով 1949 թ. թոփ բիլբորդում։ Այն ժամանկ երգը կատարում էր «The Orioles» խումբը։ Ջազի թագուհին այդ «պատասխանատվությունը» իր վրա վերցրեց միայն 1960 թ., ու ինչպես միշտ, Էլլայի կատարումը դարձավ լավագույններից մեկը։

Ջազից բլյուզ մեկ քայլ է։ Բի Բի Քինգի «Merry Christmas Baby»-ն իսկական բլյուզ է` առանց պաթոսային կենացների ու մաղթանքների։ Ուղղակի «Շնորհավոր Սուրբ ծնունդ, սիրելի՜ս»։ Ու, դե՜, շնորհակալական խոսքեր՝ լավ վերաբերմունքի ու ադամանդե մատանի նվիրելու համար։ Դասական Բի Բի Քինգ, մի խոսքով։

Ամերիկյան երաժշտության ամենահետաքրքիր դեմքերից մեկը` Ջեֆ Բաքլին, շատերին հայտնի է Լեոնարդ Քոենի «Hallelujah» երգի կատարմամբ։ Ապրելով ընդամենը 30 տարի՝ Բաքլին հասցրեց մեծ երգադարան թողնել։ Այդ երգադարանի մասնիկ է «New Year's Prayer»-ը` «Նոր տարվա աղոթքը»։ Մի քիչ մռայլ, մի քիչ սյուրռեալիստական, բայց, ամենակարևորը, վարակելու աստիճան լսվող։

Վերադառնանք դասական դարձածներին։ Անհնար է, որ չիմանաք այս երգը ու գոնե մեկ անգամ դպրոցում երգած չլինեք, հատկապես անգլերենի ժամին։ Խոսքը, իհարկե, «Jingle Bells»-ի մասին է, որը գրել է Ջեյմս Լորդ Պիերպոնտը հեռավոր 1858 թ.։ Այն ժամանակ այն գրանցվել է որպես «One Horse Open Sleigh», իսկ այսօր արդեն կա դրա նույնիսկ հայերեն տարբերակը` «Զանգակներ»։ Երգի լավագույն կատարողներից է, եթե ոչ լավագույնը, Ֆրենկ Սինատրան։ Հենց այդ տարբերակն էլ առաջարկում ենք լսել:

90-ականների վերջի և 2000-ականների սկզբի թոփ աստղ Մրայա Քերին այսօր կարծես մի փոքր ստվերում է մնացել։ Այնուամենայնիվ, նրա «My All»-ն ու մի քանի այլ հիթեր մինչև այսօր կարելի է լսել սրճարաններում, իսկ որոշ դեպքերում դրանք «վերջին զանգի տանգոյի» անբաժան մասնիկն են։ Ամենը, ինչ ուզում եմ Սուրբ ծնունդին, դու ես. հենց այսպես է կոչվում նրա անչափ դրական ու տրամադրող երգը։

Ամանորի և Սուրբ ծննդի երգերի ամբողջական տասնյակին ծանոթացեք newmag-ի նոր` 55-րդ համարում: Այն վաճառքում է: