10 գարնանային լուք ամենօրյա ու աշխատանքային դրես-կոդին համապատասխան

April 11, 2017

Վերնաշապիկ+պալացո տաբատ



Լայն տաբատները պրակտիկ են: Մեզ են հասել70-80-ականների power dressing ոճից, երբ կանանց պետք էր օֆիսային դինամիկ հագուստ: 80-ականների թրենդն այս գարնան գլխավոր ուղղություններից է: Ընտրեք թեթև ու հարմար կտորից լայն տաբատ, այն համադրեք վերնաշապիկի ու տափակ մյուլի կամ բարձր պլատֆորմով կոշիկների հետ:

Oversize ժակետ+դասական մուգ ջինս



Մի քանի չափ մեծ ժակետ, որը կարելի է կրել գրեթե ամեն ինչի ու հատկապես ջինսերի հետ: Ընտրեք ամենաունիվերսալ տարբերակը` մուգ կապույտ, առանց ավելորդությունների ջինս, առանց դեկորի, միագույն շապիկ կամ վերնաշապիկ ու պարզ աքսեսուարներ:

Ուսերն ընդգծող տոպ+կարճ տաբատ+ kitten heels



Եւս մեկ, առաջին հայացքից պարզ, բայց ոչ ձանձրալի կերպար: Ծավալուն, ընդգծված ուսերով տոպը, կարճ տաբատն ու նրբագեղ kitten heels կոշիկները օֆիսային, բայց շատ մոդայիկ կդարձնեն ամեն մի կնոջ: Այս լուքը նույնպես 80-ականների ոճում է:

Մեկ ուսով բլուզ+բարձր գոտկատեղով տաբատ+երկար գոտի



Ուսերը բաց բլուզներն ու վերնաշապիկները այս գարնան թրենդներից են: Բաց ուսերը աշխատանքի համար հարմար չեն, բայց զուսպ, մեկ ուսը բաց, առանց փոռերի ու ոչ թափանցիկ տարբերակը բարձր գոտկատեղով տաբատի կամ միդի կիսաշրջազգեստի հետ օֆիսային դրեսկոդին կհամապատասխանի:

Երկար վերնաշապիկ+միդի կիսաշրջազգեստ



Զգեստ հիշեցնող երկար վերնաշապիկն արդեն վաղուց օֆիսային հագուստ է համարվում: Վերնաշապիկը կարող է լինել միատոն կամ գծավոր պրինտով: Եթե այն շատ երկար չէ, կարելի է համադրել տաբատի կամ միդի կիսաշրջազգեստի հետ:

Միդի կիսաշրջազգեստ+ժակետ+կորսետ



Եթե կորսետը չլիներ, այս լուքը կհամարվեր չափազանց պարզունակ: Կորսետը հենց դրա համար է, այն ամենագլխավոր թրենդներից է ու նաև չի հակասում օֆիսային դրեսկոդին: Կորսետը կարելի է համադրել շապիկների, վերնաշապիկների ու զգեստների ու նույնիսկ սվիտերների հետ:

Ժակետ+շորտ



Համադրությունը սովորական չէ: Բայց նաև` օֆիսային: Զուսպ, օֆիսային ժակետը շորտի հետ անգերազանցելի համադրություն է: Այս լուքի երկրորդ առանձնահատկությունն այն է, որ աշխատանքային օրվա վերջում կարելի է նաև գնալ զվարճանալու:

Զգեստ+գուլպա+կոշիկ



Գուլպաներով կոշիկ համադրությունը շատերին դեռ անսովոր է թվում: Ինֆանտիլ տեսք չունենալու համար խուսափեք վառ գույներից: Ընտրեք հանգիստ, չեզոք գույներ` մարմնագույն, մոխրագույն: Զգեստը նույնպես պետք է լինի պարզ, բայց ոչ շատ խստաոճ` դիսոնանսից խուսափելու համար:

Փակ վզով բլուզ+մետաքսից կիսաշրջազգեստ+սրածայր կոշիկ



Տարբեր գործվածքների համադրությունը գրասենյակային դրեսկոդը կդարձնի ոճային: Երբեմն բավական է կոնտրաստային վերև ու ներքև ընտրել, ու հագուստը ձանձրալի չի լինի: Սովորական սև փակ վզով բլուզը կարող եք համադրել թափվող մետաքսից կիսաշրջազգեստի ու այս սեզոնի կարևոր թրենդներից մեկի` սրածայր սլիպերների հետ: Բարձրակրունկների սիրահարները կարող են ընտրել դասական կոշիկներ:

Վառ գույնի, արտասովոր կտրվածքով գործնական կոստյում



Ամեն սեզոնի դիզայներները ցույց են տալիս կոստյումների տարբեր ռիմեյքեր: Կարող եք ընտրել մեծ ուսերով լայն ժակետով ու գծավոր մինի կիսաշրջազգեստով կոստյում: Նույն լուքը կարելի է կրկնել նաև լայն տաբատի հետ: Այս սեզոնին օֆիսային են համարվում նաև կարճ, լայն տաբատները: Օֆիսային դրեսկոդին չեն հակասում նաև սպիտակ կեդերն ու ռյուկզակը:

Աղբյուրը