[ Արդեն դիտել ենք ] «Գերբնական գազաններ». համակրելի մոգական էակներ, ոչ գրավիչ սյուժե

November 18, 2016

Նյուտ Սալամանդերը (բնօրինակով Սքամանդեր) մասնագիտությամբ մոգազոոլոգ-գրող է, այսինքն զբաղվում է մոգական կենդանիների ուսումնասիրությամբ. գրեթե Հագրիդ, ուղղակի ավելի փոքրամարմին և ոչ այդքան միամիտ։ Եվ ահա Բրիտանացի Նյուտը (Էդդի Ռեդմեյն) ուղևորվում է Նյու Յորք, որպեսզի կատարի իր մոգոզոոլոգիկ պարտքը Արիզոնա նահանգում իր` շատ սովորական ճամպրուկից բաց թողնի հսկա ամպրոպաթռչնակին՝ մոգական կենդանուն վերադարձնելով հայրենի բնակավայր։ Սակայն ճամպրուկը բացվում է, և դուրս է պրծնում հանդիսատեսին դեռ Հարրի Փոթերից հայտնի թանկարժեք քարեր և դրամներ որսացող նյուխլերը։

Գազանը վազում է բանկ, չի զսպում իր կենդանամոգական բնազդները, ինչի պատճառով էլ տեղի են ունենում բազում զավեշտալի իրադարձություններ: Օրինակ՝ բանկում Նյուտը շփոթում է իր մոգական կենդանիներով լի ճամպրուկը բանկի հաճախորդ՝ մագլ Կովալսկու (Դեն Ֆոգլեր) թխվածքով լի ճամպրուկի հետ: Այդտեղից էլ սկսվում է իրավիճակների կատակերգությունը՝ մոգերն ու ոչ մոգը Նյու Յորքով մեկ փնտրում են գերբնական կենդանիներին։
Ջոան Ռոուլինգը, որն այս անգամ ոչ թե գրքի, այլ հենց ֆիլմի սցենարի հեղինակն է, հայտնվել է երկակի վիճակում. խոսում է և մոգական, և սովորական աշխարհի անունից։ Նա փորձում է ստեղծել միաժամանակ և սփին օֆֆային, և պրիքվելային իրականություն` այն կերպարները, օրենքները և բարքերը, որոնք գոյություն ունեին մինչև Հարրի Փոթերը։ Սակայն փոթերային աշխարհից ներկայացված է միայն մեկը՝ Սալամանդերը, մյուսներն ամերիկացիներ են: Պարզ է, որ երկու երկրների մշակույթները խիստ տաբեր են։
http://www.youtube.com/watch?v=nk59iD96q0M
Պատմության սյուժեն բավականաչափ պարզունակ է, և, ցավոք, ի տարբերություն նախորդ յոթ գրքի և ութ ֆիլմի, զուրկ է խայտաբղետ ու տարրատեսակ կերպարների պնակից։ Սալամանդերի բնավորությունը զրկված է մյուս ռոուլինգական հերոսների ինդիվիդուալությունից, և մեր առջև ավելի շուտ Էդդի Ռեդմեյնն է՝ (կիսակողք նայող գլխի կեղվածքով), քան արկաձախնդիր և կենդանասեր կախարդը։ Այստեղ Ռոուլինգին օգնության է հասել բոլոր սցենարիստների ամենասիրած աճպարարություններից մեկը՝ «գլխավոր հերոսի մտերիմ ընկեր» անվամբ։
Հացթուխ Կովալսկին հմայիչ է ու խարիզմատիկ, իսկ նրա բացականչություններն այս կամ այն մոգական երևույթի հանդեպ չեն կարող անտարբեր թողնել հանդիսատեսին։ Եվ, իհարկե, հրաշալի են պատկերված բոլոր գազանները, մասնավորապես` հարուստ դիմախաղ և բարձր ինտելեկտ ունեցող նյուխլերը, բադակտուց հիշեցնող փոքրիկ գողն ունի կոմիկի մեծ պոտենցիալ։
Ինչ վերաբերվում է ֆիլմի երկրորդ սյուժետային գծին՝ սառնասիրտ պարոն Գրեյվսին (Քոլին Ֆարել) և կախարդների դեմ պայքարող որբ երեխաների ընտանիքին, ապա ստիպված պետք է նշել, որ Օբսկուրը (չարացած և կուտակված մանկական էներգիան) որպես երևույթ և չարության միջոց թույլ է նախորդ փոթերական անտոգոնիստական երևույթների կողքին` հասարակ ու կանխատեսելի է։

Այնուամենայնիվ, չնայած այն փաստին, որ սյուժեն չի կլանում սկզբից մինչը վերջ և չի ստիպում շուրջ 133 րոպելարված դիտել ֆիլմը, «Գերբնական գազանները» լի են նոստալգիկ հիշողություններով, հմայիչ մոգական կենդանիներով, ընկերասեր մագլ-հացթուխով և բաց ավարտով, որտեղ, ըստ տրամաբանության, կներկայացվի Վոլենդեմորտից առաջ ապրող ամենակարևոր չարագործի՝ Գրինդևալդի այդպես կոչված գործունեությունը։ Եվ Գրինդևալդի միայն դերակատարն իսկ կստիպի մեզ այցելել կինոթատրոն։

Ֆիլմը ցուցադրվում է Կինոպարկում