[Բեռլինալե-2017] Իտալացի քանդակագործի փարիզյան մեկ կտավի ստեղծման պատմությունը Ջեֆրի Ռաշի կատարմամբ

February 13, 2017

2015 թվականին, Նյու Յորքում, քանդակագործ Ալբերտո Ջակոմետտիի «Մատնացույց մարդը» քանդակը վաճառվեց 141.3 միլիոն դոլարով` դարձնելով իտալացի էքզիստենցիալիստին աշխարհի ամենաթանկ գնով վաճառված քանդակի հեղինակ։

Վաճառքից ամիսներ անց հայտնի դերասան Սթենլի Տուչչին սկսում է աշխատել Ջակոմետտիի կենսագրության վրա՝ գլխավոր դերի համար հրավիրելով Ջեֆրի Ռաշին։ 2017-ի փետրվարին ռեժիսոր Տուչչին ներկայացրեց արդեն պատրաստի ֆիլմը կինոմամուլին՝ նշելով, որ սա սովորական կենսագրական ֆիլմ չէ։

Ինչի մասին է ֆիլմը


Ալբերտո Ջակոմետտին առաջարկում է իր ընկեր՝ արվեստագետ Ջեյմս Լորդին (Արմի Համմեր), ստեղծել վերջինիս դիմանկարը, մինչև Լորդը կմեկնի Փարիզից Նյու Յորք։ «Կտևի մեկ-երկու ժամ»,-հավաստիացնում է Ջակոմետտին։ Սակայն առաջին իսկ ստեղծագործական վայրկյաններից պարզ է դառնում, որ Ջակոմետտին «մեկ-երկու ժամում» չի ավարտի, աշխատանքը թվում է անընդհատ կիսատ, անավարտ, չհասած վերջնական կատարելության։ Նա աշխատում է գերէմոցիոնալ, անհանգիստ, կռվելով ու վիճելով կտավի հետ, ընդհատելով աշխատանքը հանուն երիսարարդ մարմնավաճառ-սիրուհու (Կլեմենս Պոեզի) և մի քանի բաժակ կարմիր գինու։ Ջակոմետտին եսասեր է և եսակենտրոն, իր բացահայտ սիրավեպով կարծես դիտավորյալ ցավ է պատճառում կնոջը՝ Անետին, ով ժամանակին եղել է իր հայտնի քանդակների միակ մուսան։

Հետաքրքիրն այն է, որ Ջեյմսն ու Ալբերտոն չեն վիճում, բացակայում է իրական կոնֆլիկտը, երևում են միայն անհամբերության ակնարկներ. սկզբնական 1-2 ժամ նախատեսված և մինչև 19 օր երկարած համատեղ աշխատանքը նյարդային է միայն և միայն Ալբերտոյի մտորումների և ինքնաքննադատության պատճառով։ Ջեյմսի էլեգանտ ջենտլմենությունը և օրեցօր հետաձգվող մեկնումը հանուն Ալբերտոյի արտիստիկ ինքնաբավարարվածության նման է ինքնազոհության՝ հավատարմության ակտի։
Սթենլի Տուչչին նշում է, որ այս ֆիլմում կարևոր են դետալները: Նա հետաքրքրված չէր պատկերել քանդակագործի ամբողջ կյանքը առավելագույն իրադարձություններով։ Նա ստեղծել է այդ օրերի Փարիզի ամենաազդեցիկ արտիստներից մեկի կենցաղը՝ պարզ ու ընկերական։
90 րոպեանոց պատմությունը նման է փարիզյան զբոսանքի, որտեղ հանդիսատեսը լսում է խարիզմատիկ և վրդովված քանդակագործի սուր կատակները, ծերության ֆոնին ծնվող վախերը և ապրելու անհագ ցանկությունը, որը երևում է մարմնավաճառուհի Կերոլայնի հետ շփման ընթացքում։
http://www.youtube.com/watch?v=2j75HGZcqXg
Դիտելով իրական Ջակոմետտիի հարցազրույցները, նրա խոսելաոճն ու ժեստերը՝ վավերագրականից հետո ֆիլմում ակնհայտ երևում է որոշակի գրոտեսկ՝ Ջակոմետտիին մարմնավորած Ջեֆրի Ռաշի կողմից։ Բայց միևնույն ժամանակ նման կտրուկ տարբերության պատճառը հասկանալի է և արդարացված. Ջակոմետտին իրական էր ոչ թե թանգարաններում՝ ցուցահանդեսների բացմանը և ոչ էլ լրագրողների դիմաց՝ հարցազրույց տալիս։ Նա շնչում էր, երբ իր կողքին էին իր ընկերները, կանայք, իր սիրած ուտեստները, որոնց համար նա ուներ հատուկ ծիսակարգ։ Նա ստանում է ամեն ինչ, ղեկավարում ամենն ու ստիպում շարժվել ոչ միայն իր քանդակներին, այլ իրական մարդկանց։ Սեփական քմահաճություններն, իհարկե, կրում էին պաշտպանողական վահանի կարգավիճակ, ինչի մասին նա ակնհայտ չէր խոսում, միայն շատ նուրբ ակնարկում էր։
Տուչչին ակնարկում է, չի եզրակացնում, խոսում է մի փոքր կիսատ, կարծես շշուկով։ Մնացածը պետք է պատկերացնել։