Ինգա և Անուշ. Եթե լինեին հայկական ֆոլկով «հիվանդ» մարդիկ, մեր երաժշտությունն ավելի ակտիվ կներկայացնեինք

November 27, 2014

ռեալիստ ու ռոմանտիկ
Անուշ. Ես իմ ռոմանտիզմն ամբողջովին արտահայտում եմ երգերի մեջ, ինչը չեմ կարող ասել քույրիկիս մասին: Շատերը կարծում են` Ինգան շատ ակտիվ, ադմինիստրատորի ձիրքով, խոլերիկ անձնավորություն է, բայց իրականում նա փափկամազիկ փիսիկ է, շատ փխրուն: Շատ հարցերում նրան ավելի հեշտությամբ կարելի է վիրավորել, քան նույնիսկ ինձ:
Ինգա. Անուշի մեջ գերիշխում է ռոմանտիզմը, նա անընդհատ երկինքներում է: Երբ իջնում է ներքև, հրաշք բաներ է ստեղծում, նրան բնորոշ է արժեքավոր բան ստեղծելը, ասենք` երգ, որը ոչ մի երգի նման չի: Դժվար պահերին, երբ ես չեմ կարողանում կողմնորոշվել, նա ճիշտ որոշում է ընդունում:
եթե լինեի
Անուշ. Ես միշտ պայքարի մեջ եմ իմ գաղափարների, չիրականացրած ծրագրերի համար: Եթե զղջում եմ, ապա միայն իմ կորցրած ժամանակի, իմ աշխատասիրության պակասի համար: Եթե ավելի համառ լինեի, ավելի շատ բանի կհասնեի: Եթե երգարվեստում չլինեի, օտար լեզուներ կուսումնասիրեի, գուցե Հին աշխարհի պատմություն ուսումնասիրեի` Հայաստան, Ասորեստան...
Ինգա. Ես կարող էի ավելի աշխատասեր լինել, ասենք` ջութակ ավելի շատ պարապել, ինչը հիմա չեմ անում: Պահեր կան, որ հիասթափվում եմ` պետք էր այսպես անել, այնպես անել, բայց ոչինչ պատահական չի լինում: Եթե երգարվեստում չլինեի, կընտրեի ռեժիսուրան: Երբ մենք երգում ենք, միանգամից պատկերացնում եմ, թե ինչպես է պետք նկարահանել երգի տեսահոլովակը:
երբ դժվար է
Անուշ. Սթրեսից սթափվում եմ բնության գրկում, բնության մեջ լինելն սփոփում է: Նաև օգնում են մեր այն ընկերները, որոնց հետ կարելի է կիսվել: Այդպիսի մարդիկ քիչ են, ավելի ճիշտ` ոչ թե քիչ են, այլ ուղղակի չենք ուզում մեր սթրեսային հոգեվիճակը փոխանցել մյուսներին:
Ինգա. Եթե չլինի անկումը, վերելքը չես ճանաչի: Մենք զգայուն մարդիկ ենք, ամեն ինչ մի փոքր ծանր ենք տանում, բայց մեր ծնողները մեր կողքին են ու ծնող լինելուց բացի նաև մեր ընկերներն են: Որքան մեծանում ես, որքան ավելանում է կյանքի փորձն, այնքան ավելի մեծ փորձու թյուներ են տրվում քեզ: Բայց դրանք երբեք այնպիսիք չեն, որոնք չես կարող հաղթահարել: Մարդը կամ կոտրվում է, փոխում է աշխարհայացքն ու սկսում այլ կերպ ապրել, կամ ավելի ամրանում է:
միակը
Անուշ. Սխալ եմ համարում իդեալ ստեղծելը. դա դնում է որոշ սահմանների մեջ: Սահմանափակ տղամարդը վանող է: Կարող է լինել ինտելեկտուալ ու առաջադեմ հայացքների տեր, բայց` սահմանափակ: Դա ինձ նյարդայնացնում է: Տղամարդը պետք է լինի այնպիսին, որ ինչ-որ պահ ինքս ինձ ասեմ` «ես ուզում եմ սովորել այս մարդուն սիրել»: Սովորել` նշանակում է ապրել, և ապրել` նշանակում է անվերջ կատարելագործվել: Սերն էլ անվերջ կատարելագործման ճանապարհ է: Եվ եթե դու ասում ես` ուզում եմ սովորել, նշանակում է դու ուզում ես առաջ գնալ և ոչ ենթարկվել, քեզ զոհաբերել: Ոչ մի դեպքում: Ոչ մի զոհաբերություն ու ոչ մի արգելք:
Ինգա.. Նա պետք է լինի տղամարդ` բառի իսկական իմաստով. բարի, մեծահոգի, աշխատասեր: Յուրաքանչյուր աղջիկ ուզում է, որ իր մեջքին սար կանգնած լինի, որին կարող է հենվել, որի կողքին կարելի է պաշտպանված զգալ: Կարևորը միմյանց հասկանալն է, միասին որոշում կայացնելը և ոչ թե` «չէ, էսպես պիտի լինի»: Այո, գուցե վերջին խոսքը տղամարդունն է, բայց պետք է, ի վերջո, համաձայնության գալ: Պետք է փոխադարձ հարգանք լինի:
մրցավազք
Անուշ. Լավ կլիներ, եթե մենք այլ հայ երգիչների հետ մրցելու խնդիր ունենայինք. ավելի արդյունավետ ու շատ աշխատելու ստիմուլ կունենայինք: Ցավով եմ ասում, որ մրցելու խնդիր չունենք: Եթե ունենայինք համախոհներ, եթե լինեին հայկական ֆոլկով հիվանդ մարդիկ, մեր երաժշտությունն ավելի ակտիվ կներկայացնեինք համաշխարհային գանձերի կողքին: Պարզապես, ինչպես բոլոր հայ երգիչները, ունենք միջազգային շուկայում մեզ ներկայացնելու խնդիր:
Ինգա. Անխտիր բոլոր մրցույթներին մասնակցելը խոսում է հոգեբանական բարդույթների մասին, որոնք չհաղթահարելու դեպքում անընդհատ մրցելու ես ինչ-որ մեկի հետ` ինքնահաստատման համար: Բայց միջազգային մրցույթներին մասնակցելը երևալու, արվեստդ աշխարհին ներկայացնելու, գործունեությունն ընդլայնելու և, ի վերջո, կոմերցիոն նպատակ ունի:
մերոնք
Անուշ. Շոու-բիզնեսի մեր ընկերները միայն գործընկերներ չեն: Մեր գործի յուրահատկությունն այն է, որ պահանջվում է հոգեբանական էներգիա, երբ մարդիկ լարվում են, որ հոգու մասնիկը դնեն ընդհանուր գործի մեջ: Հոգու մասնակցությունն անմիջապես երևում է, իսկ որպեսզի երևա, երգիչը պետք է բացվի, պետք է բոլորի հետ ընդհանուր շփման կետեր լինեն, և այդ պատճառով մեր գործընկերները նաև ընկերներ են:
Ինգա. Ընկերության մեջ ինձ համար կարևոր է անկեղծությունը: Ընկերությունը չի ենթադրում շահամոլություն, թեև կան մարդիկ, որ կարծում են` ընկերությունը «փոխշա հավետ համագործակցություն է»:
newmag #07