[Արդեն դիտել ենք] Սթիվեն Քինգի ամենահայտնի վեպի շատ միջակ էկրանավորումը` «Այն» ֆիլմը

September 11, 2017

1300 էջանոցը գիրքը ամերիկյան փոքր քաղաքի ալմանախն է: Այն պարզապես սարսափ ժանրի գիրք չէ: Այն ամեն ինչ է. սկսած մանկական վախերից վերջացրած ամերիկյան փոքր քաղաքների տնտեսությունից մինչև համայնքային հարաբերություններ: Այն գրեթե պարտադիր գրականություն է ցանկացած ամերիկացու և գրքասերի համար:
Ու հենց այդ պատճառով 1300 էջանոց ծավալը միայն սկզբում է թվում անհաղթահարելի: Հետո, երբ ավարտում ես, պարզվում է, որ կարդացել ես մեկ շնչով, ապրել ես հերոսների հետ, մեծացել նրանց վախերի հետ ու հաղթահարել դրանք:
«Այն» վեպը մարդկային վախերի մասին է և այն հաղթահարելու երկար ճանապարհի: Հիմնական հակահերոսը ներկայանում է ծաղրածուի տեսքով, թեև դա էլ ոչ բոլոր դեպքերում: Նա մարմնավորում է այն կերպարը, որ հերոսներից ամեն մեկն ավելի շատ է վախենում: Իսկ վեպի ավարտին հերոսները պարզում են, որ այն ամենևին էլ մարդ չէ, այս երկրից չէ: Այն տիեզերական, վերմարդկային ծագում ունի:



Կինոյի մասին կարդացեք նաև.



Սա սփոյլեր չէ: Ավելին, այն ինչ գրեցի, դուք չեք գտնի ֆիլմում: Որովհետև ֆիլմը որևէ աղերս չունի գրքի հետ: Իհարկե, հատկապես Քինգին դժվար է էկրանավորել, և ավելի հեշտ է թվարկել ձախողվածները, քան հաջողվածները («Փախուստ Շոուշենկից», «Միզերի»): Թարմ օրինակ, «Մութ ամրոցը» հենց այս ամառ բարձրացավ էկրաններ ու այնտեղից ընկավ` կինոքննադատների սուր քննադատության և կինոսերների տեղատարափ դժգոհության արդյունքում:
Ամենամեծ վերապահումը «Այն»-ից դա մեծ ակնկալիքներ ձևավորելն էր: Եթե ֆիլմի հեղինակները այն անվանեին, Քինգի գրքի մոտիվներով, ապա դժվար որևէ մեկը դժգոհեր: Բայց ֆիլմը, իր պրոմոներով իրեն դիրքավորել է որպես գրքի «Էկրանավորում»: Հենց այստեղից է գալիս ամենամեծ հիասթափությունը:

Ֆիլմի ռեժիսորը ուղղակի վերցրել է որոշակի էպիզոդներ գրքից, բավական խառնել ժամանակագրությունը, հատընտիր սարսափ դրվագներ ընտրել և վերջ: Հա, հակահերոսն էլ մի հատ «տուֆտա» ծաղրածու: Չվախենալու: Ընդհանրապես, ֆիլմը, որը սարսափ ժանրից է, գոնե պետք է անակնկալի բերի, վախեցնի: Վստահեցնում եմ Ձեզ, որ դա Ձեզ չի սպառնում գոնե այս ֆիլմով:
Հ. Գ. Գիրքը և ֆիլմը անգլերեն «IT» է, որը հայերեն թարգմանվել է «Այն»: Կարելի էր ոչ թե բառացի թարգմանել, այլ ելնելով գրքի բովանդակությունից, թարգմանել այ օրինակ «Էակը» կամ «Հրեշը», որն ավելի մոտ է: