[ Top Modern ] Ջեֆ Կունս. Առանց հետին մտքի

December 15, 2016

Ամերիկացի գեղանկարիչ, քանդակագործ Ջեֆ Կունսը մեր ժամանակների Էնդի Ուորհոլն է: Ուրհոլն ուներ Մերիլին Մոնրո, Կունսը` Մայքլ Ջեքսոն: Ուորհոլն ուներ գլուգործոցների արտադրության «Ֆաբրիկա», Կունսը`գործարան-ստուդիա: Միայն թե ի տարբերություն Ուոհոլի, Կունսն արվեստի նոր մակարդակի է բարձրացնում փոփ-արթն ու կիչը ( գերմ` Kitsch- ցածրարժեք, անճաշակ ), դրանց տալով կոնցեպտուալիզմի նոտաներ: Նա էլ` Ուորհոլի պես, իր սյուժեներում անդրադառնում է ժամանակի հայտնիների կերպաներին ու համընդհանուր պահանջարկի առարկաներին:

Ջեֆ Կունսի ամենասիրելի նյութը չժանգոտող պողպատն է` ծածկված գունավոր փայլով: Այն նրա մոնումենտալ գործերը դարձնում է թեթև ու գրեթե թափանցիկ: Ջեֆ Կունսի ստեղծագործություններն այսօր համարվում են ժամանակակից արվեստի ամենաթանկ նմուշները:
Ջեֆ Կունսը ծնվել է 1955-ի հունվարի 21-ին, Յորքում (Փենսլիվանիա, ԱՄՆ): Սովորել է Գեղարվեստի ինստիտուտում (Չիկագո) և Գեղարվեստի քոլեջում (Մերիլենդ): Փող աշխատել սկսել է Ուոլ Սթրիթում, բրոքեր է եղել: Զուգահեռ զբաղել է նաև արվեստով: Առաջին հաջողություններն ունեցել է 1980-ականներին: Այդ ժամանակ էլ ստեղծել է ստուդիա, որտեղ աշխատում էին 30-ից ավելի նկարիչներ:
Ջեֆ Կունսը 1985-ին ստեղծեց իր կոնցեպտուալ գլխավոր գործերից մեկը` բասքեթբոլի 3 գնդակ` ջրով լի, թափանցիկ տարայի մեջ:

1990-ականներին սկսեց աշխատել պողոպատով: Շներ, նապաստակներ, կարապներ, բադեր, կակաչներ, կամ էլ սովորական պողպատե գնդակներ` ա լյա անտիկ քանդակների, սրտիկների, ձվի կճեպների և, սատանան գիտի` թե էլ ինչի հետ համադրված:


Ջեֆ Կունսի ստեղծագործություներն արժեն տասնյակ միլիոնավոր դոլարներ: Ամեն դեպքում` վճառվում են այդքան: Օրինակ «Նարնջագույն շունը» Քրիստիս աճուրդում 2013-ին վաճառվեց 58,4 մլն դոլարով:

Կունսի ամենահայտնի գործերից մեկը պողպատից չէ, բայց կրկին արտիստի սիրելի թեմատիկայով է: 13 մ բարձրությամբ ծաղկապատ շնիկն է, որը 1997-ից «ապրում է» Գուգենհեմի թանգարանի հարևանությամբ Բիլբաոյում (Իսպանիա): Այն ստեղծվել էր 1992-ին` Գերմանիայում ցուցադրվելու համար:

Կունսը BMW-ի պատվերով 2010-ին նկարազարդեց այդ ընկերության սպորտային մոդելը:

2013-ին աշխատեց Լեդի Գագայի «Արթ-փոփ» ալբոմի շապիկի վրա:

2014-ին H&M-ի համար ստեղծեց կնոջ պայուսակ, որի վրա հայտնի «Նարնջագույն շնիկի» պատկերն է:

Ջեֆ Կունսի նյույորքյան ստուդիայում աշխատում են ավելի քան 130 արտիստներ, որոնք ստեղծում են Կունսի հեղինակային գործերը: Կունսը համակարգչով անում է մոդելների գծագրերը, անձնակազմը դրանք նյութականացնում է:

Արվեստի քննադատները հակասական վերաբերմունք ունեն Կունսի աշխատանքների հանդեպ: Ոմանք նրան համարում են նորար, նրա գործերը` պատմական գեղարվեստ: Շատերն էլ համարում են, որ Կունսը ստեղծում է միայն ինքնագովազդով «փառաբանված» կիչ:
Ջեֆ Կունսն ասում է` իր աշխատանքներում հետին միտք չկա, այն է, ինչ տեսնում ենք ու հասկանում: