Օբամայի «ախրանի պետի» հրաժարականն ու այդ առիթով ծաղրանկարները

October 2, 2014

Միացյալ Նահանգների գաղտնի ծառայության ղեկավար Ջուլիա Պիրսոնը հրաժարական է տվել երկրի նախագահի անվտանգության ծառայությունում գրանցված սկանդալի պատճառով: ԱՄՆ ղեկավար Բարաք Օբամայի անվտանգության աշխատակիցները թերացել են իրենց լիազորությունները կատարելիս, որի հետևանքով ԱՄՆ քաղաքացին ներխուժել էր Սպիտակ Տուն: Սեպտեմբերի 19-ին Իրաքի վետերան Օմար Գոնսալեսը, ցատկելով Սպիտակ Տան ցանկապատի վրայով, դանակով զինված, ներխուժել էր Սպիտակ Տան արևելյան սենյակ: Նրան անմիջապես զինաթափել են ու ձերբակալել: 42-ամյա Գոնսալեսը մեղավոր չի ճանաչվել և ուղարկվել է հոգեբուժական կլինիկա` հոգեկան խանգարումների կասկածանքով:
Զուլիա Պիրսոնի հրաժարականը սպասված էր, քանի որ ամերիկացիների համար Սպիտակ Տան անվտանգությունը պետք է անթերի լինի: Ավելին, Գաղտնի ծառայությունը ամերիկացիների համար նույնքան խորհրդանշական ու էտալոնային նշանակություն ունի, որքան հենց նախագահն ու Սպիտակ Տունը: The New Yorker ամսագիրը Պիրսոնի հրաժարականի առիթով հրապարակել է իր լավագույն ծաղրանկարները թիկնապահների ու անվտանգության ծառայության մասին: Դրանք երբեք չեն կորցրել իրենց արդիականությունը, իսկ 1963 թվականի ծաղրանկարիչ Ալան Դաննի ծաղրանկարը Ժաքլին Քենեդիի ձիերի առիթով մինչև հիմա էլ ընկալվում է դիպուկ, սուր և զվարճալի: