Մագդա Թախտաճյան. «Արմատներիս պատմությունն ինձ շատ բան օգնեց հասկանալ»

March 6, 2023

«Ինչպե՞ս ապրել, երբ գիտես, որ մահանալու ես». թվում է, թե հարցն ակնհայտ պատասխան ունի, սակայն մահվան մասին մտքից հաճախ ենք ձգտում թաքնվել: Սակայն այս «փախուստն» անհնար է դառնում պատերազմական գոտիներում, երբ մահն ամեն քայլափոխի է:

«Ինչպե՞ս ապրել, երբ գիտես, որ մահանալու ես». թվում է, թե հարցն ակնհայտ պատասխան ունի, սակայն մահվան մասին մտքից հաճախ ենք ձգտում թաքնվել: Սակայն այս «փախուստն» անհնար է դառնում պատերազմական գոտիներում, երբ մահն ամեն քայլափոխի է:

Այս հարցադրումը պատկանում է արգենտինահայ գրող Մագդա Թախտաճյանի «Ռոջավա» վեպի գլխավոր հերոսուհուն՝ Նանեին: Նա, մեծացած լինելով Խորհրդային Հայաստանում, թողնում է ամեն ինչ ու մեկնում Ռոջավա (Հյուսիսային եւ Արեւելյան Սիրիայի Ինքնավար Վարչակազմ)` իրական հորը գտնելու համար: Այնտեղ նա ծառայության է անցնում կանանց ինքնապաշտպանական ջոկատներից մեկում, որոնք պայքարում են «Իսլամական պետության» (ISIS) դեմ:

Վեպում իրական պատմությունները ներկայացվում են գեղարվեստական լուծումներով՝ միաձուլելով պատերազմն ու սերը, անցյալն ու ներկան, պայքարը հանուն արժանապատիվ կյանքի ու երջանկության:

«Ռոջավա» վեպը հեղինակի եռագրության երկրորդ գիրքն է, առաջինը «Ալմա Արմենիան» է, իսկ երրորդը կոչվում է «Արցախ»: Մագդա Թախտաճյանի բոլոր գրքերում շոշափվում է Հայոց ցեղասպանության թեման. հեղինակը Մեծ եղեռնից փրկվածների 3-րդ սերնդի ներկայացուցիչ է:

Վերջերս Newmag հրատարակչությունը ներկայացրեց «Ռոջավա»-ի հայերեն թարգմանությունը: Գրքի հրատարակության առիթով հեղինակը երկշաբաթյա այցով Հայաստանում էր:

Մեդիամաքսը Մագդա Թախտաճյանի հետ զրուցել է նրա ընտանիքի պատմության, հեղինակած վեպերի եւ սեփական արմատները ճանաչելու նշանակության մասին:

-  Ձեր հարցազրույցներում պատմել եք, որ երբ փոքր էիք, տանը շատ չէին խոսում Ցեղասպանության մասին, ձեր տատիկն ու պապիկը նախընտրում էին այդ մասին լռել: Ե՞րբ առաջին անգամ խորապես ծանոթացաք Հայոց ցեղասպանության պատմությանը:

- Ամբողջական պատմությունը իմացել եմ միայն 2015 թվականին՝ ցեղասպանության 100-րդ տարելիցին, երբ աշխատում էի Clarín թերթում (Արգենտինայի ամենամեծ շրջանառությամբ պարբերականներից-խմբ.), ու պետք է փոքրիկ ակնարկ գրեի այն մասին, թե ովքեր ենք հայերս, որն է մեր պատմությունը:

Ղեկավարս ինձ առաջարկեց, որ գրեմ իմ տատիկի պատմությունը, թե ինչպես է նա փրկվել ցեղասպանությունից: Փախուստի երկու պատմություն կա. առաջինը 1915 թվականին է եղել, երբ Արմենուհի տատիկս 1,5 տարեկան էր: Քանի որ միայն հայ լինելու համար տատիկիս ընտանիքին արտաքսում էր սպառնում Արեւմտյան Հայաստանից, տատիկիս հայրը մանուկ Արմենուհուն եւ նրա 9 ամսական եղբորը թաքցնում է ուսապարկի մեջ, բարձում էշի վրա, տատիկիս մորն էլ տղամարդու շորեր է հագցնում եւ այդպես նրանք Այնթապից քայլելով գնում են Հալեպ: Դրանից հետո կրկին վերադառնում են Այնթապ, սակայն մի քանի տարի անց՝ 1920 թվականին, երբ տատիկս արդեն 7 տարեկան էր, ինչպես մյուս հայերին, այնպես էլ տատիկիս ընտանիքին թուրքերը ստիպում են գնացք բարձրանալ, որը գնում էր դեպի Դեր Զոր: Տատիկիս հայրը գնացքի ներքեւի հատվածում անցք է գտնում, գիշերը ընտանիքի անդամներին շորով փաթաթած իջեցնում է երկաթգծի վրա: Այդտեղից առանց հաց ու ջրի՝ ցերեկները թաքնվելով ու գիշերները քայլելով, հասնում են Հալեպ ու այլեւս Այնթապ չեն վերադառնում: 14 տարեկանում տատիկս տեղափոխվում է Արգենտինա:

Ինձ համար մեծ ցավ էր իմանալը, որ մորաքույրս, մայրս եւ հայրս իմացել են այս պատմությունները, սակայն ինձ չեն պատմել: Ցավում էի հենց հարազատներիս ապրումների համար, որովհետեւ այդ ամբողջն իրենց մեջ կրելով ու այդ մասին չխոսելով՝ ցավը նրանց համար սովորական էր դարձել:

2015 թվականին արդեն սկսեցի խորապես ուսումնասիրել Ցեղասպանության պատմությունը, որովհետեւ կյանքս սկսեց փոխվել ու ես ինչ-որ ձեւով պետք է արդարադատության հասնեի, պայքարեի արդարության համար:

2016 թվականին հրատարակված «Մի մոռացիր ինձ, Արմենուհի» գիրքը գրելիս տատիկս արդեն չկար, տեղեկատվություն հավաքելու համար տատիկիս քույրերի եւ մորաքրոջս հետ հավաքվում էինք, միասին ճաշում ու բոլորը փորձում էին վերհիշել ընտանիքի պատմությունը: Այդ բոլոր տեղեկություններն ինձ պատմողներն այլեւս չկան ... սակայն կա իմ գիրքը: Մի օր ես էլ չեմ լինի, բայց տատիկիս պատմությունն անմահացել է, դրանում է գրականության կախարդանքը:

Գիրքը գրելուց հետո միայն սկսեցի հասկանալ հարազատներիս լռությունը, ընտանիքիս ապրած ցավը: Գրելիս նաեւ իմացա, որ Հայաստանում բարեկամներ ունեմ, 2016 թվականին սոցիալական ցանցերում գտա նրանց, ծանոթացանք եւ այժմ մտերիմ ենք:

- 2018 թվականից ամբողջապես նվիրվել եք գրականությանը եւ հեղինակել «Ալմա Արմենիա» (2020), «Ռոջավա»  (2021) եւ «Արցախ» (2022) վեպերը, որոնք եռագրություն են: Ի՞նչը դրդեց գալ դեպի գրականություն:

- Թուրքական սերիալներն Արգենտինայում մեծ հաջողություն ունեն: Առաջին անգամ դրանք սկսեցին հեռարձակել 2015 թվականի ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի օրը: Այդ ժամանակ հայերը խոշոր բողոքի ակցիաներ սկսեցին, պահանջում էին հեռացնել դրանք եթերից, սակայն անարդյունք: Թուրքական լոբբին այնտեղ շատ լավ է աշխատում: Ինձ շատ վատ էի զգում, որ դրա դեմ ոչինչ հնարավոր չէր անել, եւ դա հիմք հանդիսացավ, որ սկսեմ գրել:

Պայքարը կարող է տարբեր ձեւեր ունենալ: Շատ լավ կլիներ, եթե այս վեպերը թարգմանվեին նաեւ անգլերեն: Արգենտինական մամուլը իմ վեպերին անդրադառնում է, սակայն բաց թողելով դրա քաղաքական մասը, քանի որ դրանք ակնհայտ ցույց են տալիս Էրդողանի ու Ալիեւի ռեժիմը:

- Ձեր եռագրությունից դեռեւս միայն երկրորդ՝ «Ռոջավա» վեպն է հրատարակվել հայերենով: Հետաքրքիր է՝ ինչպե՞ս ծանոթացաք Ռոջավայի պատմությանն ու որոշեցիք գրել համանուն վեպը:

- Առաջինն ինձ ոգեշնչեց Ռոջավայում պայքարող քուրդ կանանց տեսնելը, այն, թե ինչպես էին նրանք զինվորական համազգեստով, ԱԿ-47-ն ուսին բեռնատարով գնում պատերազմի: Նրանք հատկապես պայքարում էին «Իսլամական պետության» (ISIS) դեմ: Իսլամիստները փորձում էին քուրդ կանանց գերի վերցնել, քանի որ նրանց սեքսուալ շահագործման էին ենթարկում, վաճառում շուկաներում:

Սկզբում սկսեցի տեղեկատվություն հավաքել այս թեմայով, որովհետեւ այն ինձ շատ հետաքրքրեց: Առաջարկեցի ակնարկ գրել այն ամսագրում, որտեղ աշխատում էի, սակայն ինձ մերժեցին:

Ինձ նաեւ այս տարածաշրջանն էր շատ հետաքրքրում, որովհետեւ նախնիներս Արեւմտյան Հայաստանից Սիրիա էին գաղթել, նրանց մի մասն էլ մնացել էր Հալեպում, ուզում էի նաեւ իմանալ, թե ինչպես են ապրել այդ շրջանի հայերը:

Սկզբից չէի հասկանում՝ ինչ ձեւով պատմել Ռոջավայում իրենց ընտանիքները պաշտպանող կանանց ու Սիրիայում տեղի ունեցողի մասին: Իմ գրած առաջին գեղարվեստական վեպում՝ «Ալմա Արմենիա»-ում, որը նշանակում է հայ հոգի, կար նաեւ Նանեի կերպարը, որ ծնվել եւ մեծացել էր Հայաստանում: Ընթերցողներս կերպարի մասին շատ էին հարցնում, ուզում էին ավելին իմանալ: Առաջին վեպում ես նաեւ Նանեին երջանիկ կյանք էի պարտք, նա դժբախտ էր եղել, մեծացել էր խիստ հայրիշխանական բարքերի պայմաններում: Հետո Ռոջավայի պատմությունն ուսումնասիրելիս իմացա, որ այնտեղ նաեւ հայեր են կռվում: Մի նկար տեսա՝ զինվոր էր հրացանով, դեմքը ծածկած, իսկ թիկունքում Քրդստանի եւ Հայաստանի դրոշներն էին, նա Ռոջավայի հայկական առաջին գումարտակից էր: Երբ տեսա նկարը, գիշերվա 4-ն էր, սակայն անմիջապես վեր կացա մահճակալից ու սկսեցի գրել, որովհետեւ ամբողջ վեպն արդեն աչքիս առաջ եկավ՝ ինչպես եմ շարադրելու, «Ալմա Արմենիա»-ից որ հերոսներն են այստեղ շարունակելու իրենց պատմությունը:

Սկսեցի ուսումնասիրել, թե ինչպիսի հասարակություն է ուզում ստեղծել Հյուսիսային եւ Արեւելյան Սիրիայի Ինքնավար Վարչակազմը, ինչ արժեքներով են առաջնորդվում, ինչ նպատակի համար են պայքարում:

Կանայք համայնքով են ապրում եւ իրար հետ շատ միասնական են, որովհետեւ միայնակ չէին կարողանա դիմադրել եւ պաշտպանվել: Նրանց մազերը գրեթե միշտ հյուսած են, եւ հյուսքը խորհրդանշում է հենց այդ միասնությունը:

Շատ հետաքրքիր, կոլորիտային դետալ է այն, որ կանայք պատերազմի գնում էին շպարված, հերարձակ ու մազերի մեջ ծաղիկներ դրած: Ջիհադիստները հավատում են, որ կնոջ ձեռքից սպանվելու դեպքում դժոխք են գնալու, եւ վախենում են դրանից: Մի քուրդ կնոջ մասին իմացա, որ մազերն արձակել ու պայթեցրել էր իրեն ու իր հետ մի քանի տասնյակ ջիհադիստների: Նրա արձանը կանգնեցված է Ռոջավայում: Այս բոլոր սիմվոլներն ու իրական պատմությունները գրքում տեղ են գտել:  

- Երբ իմացա՝ ինչն է ընկած վեպի սյուժեի հիմքում, առաջին հարցը, որ առաջացավ այն էր, թե ինչպես է քրդերի ազատագրական պայքարի մասին գրել ցեղասպանությունից փրկված սերնդի ներկայացուցիչն այն դեպքում, երբ քրդերի մասնակցությունը հայերի ջարդերին ակնհայտ փաստ է: Վեպն ընթերցելուց հետո համընդհանուր ցավի ու պայքարի զգացում ունեցա, սեփական արժանապատիվ կյանքի համար ծանր դիմադրության ու վեպում տեղ գտած բոլոր ողբերգական ճակատագրերի մեջ հարցս կարծես ձուլվեց: Այդուհանդերձ, կուզեի, որ անդրադառնաք այդ թեմային, քանի որ այս հարցը շատերին կարող է հուզել:

- Ընդունում եմ, որ վիճելի հարց է: Քրդերին Թուրքիան օգտագործել է ցեղասպանության ժամանակ: Նրանց ուղարկում էին առաջին գծում հայերի դեմ կռվելու, որովհետեւ փոքրամասնություն էին եւ նրանցից էլ էին ուզում ձերբազատվել: Գրքում հիշատակում եմ, որ քրդերը մասնակցել են Հայոց ցեղասպանությանը: Նույն կերպ հիմա Էրդողանն օգտագործում է «Իսլամական պետության» վարձկաններին:

Ի զարմանս ինձ, գրքի հրատարակումից հետո ինձ շատ քրդեր են գրել եւ նրանք երկու բան էին ասում՝ շնորհակալություն եւ ներողություն: Ինձ նաեւ Թուրքիայում հետապնդման ենթարկվող, ծպտված քրդեր են գրել ու ինձ համար տեղեկատվության աղբյուր հանդիսացել գիրքը գրելիս:

Էրդողանը հիմա ընդհանուր թշնամի է հայերի եւ քրդերի համար: Նա մինչ օրս շարունակում է ռմբակոծել Ռոջավայի տարածքը, իսկ նրա հայատյաց քաղաքականությունն այսօր էլ բոլորս տեսնում ենք:

Հաջորդ հարցն ու պատասխանը ներառում են սփոյլեր

- Ինչու՞ «Ռոջավա» վեպի վերջում գլխավոր հերոսուհի Նանեն չվերադարձավ Ռոջավա, ի՞նչը պայմանավորեց նրա ընտրությունը... կամ գուցե դեռ կվերադառնա՞:

- Ձեր հարցի պատասխանը հաջորդ՝ «Արցախ» վեպում է: Դա միայն «Ռոջավայի» վերջն էր, չգիտենք՝ հետո ինչպես է շարունակվում: Եթե Նանեն վերադառնար, կստացվեր, որ մերժում է իր սիրեցյալին, իսկ ես դեռեւս առաջին վեպից՝ «Ալմա Արմենիա»-ից Նանեին երջանիկ սիրո պատմություն էի պարտք: Ինձ հետաքրքիր էր բարձրացնել այդ հարցը՝ արդյոք այն կանանց կյանքում, որոնք զենքով երդվում էին դրոշի վրա իրենց կյանքը նվիրել պայքարին, կարո՞ղ էր տեղ գտնվել ռոմանտիկ սիրո համար: Ինձ պատասխանեցին, որ այդ պայքարը ռոմանտիկ սիրուց վեր է, Ռոջավայի կանայք ավելի նման են գրքում առկա Թոլհիլդանի կերպարին:

Նանեի չվերադառնալու որոշումը չի նշանակում, որ նա դադարեցնում է պայքարը: Նա վճռում է պայքարել իր սիրեցյալի հետ: Ես ուզում եմ ընդգծել, որ պայքարելու շատ տարբեր եղանակներ կան եւ դրանք իրար չեն հակասում: Եռագրության հաջորդ՝ «Արցախ» վեպի հիմնական գիծը հենց դա է, որ պայքարը շարունակվում է:

- Քանի որ «Արցախ» վեպը թարգմանված չէ, այն կարդալու հնարավորություն չեմ ունեցել, բայց շատ կուզենայի իմանալ՝ ի՞նչ է սպասվում եռագրության հերոսներին:

Պատասխանը ներառում է սփոյլեր

- Վեպի վերնագիրն «Արցախ» եմ դրել, որպեսզի մարդիկ կենտրոնանան այս կոնֆլիկտի վրա, փորձեն ծանոթանալ դրան: Հերոսներիցս Ալմային եւս երջանիկ կյանք էի պարտք, այս վեպում նա բուժում է իր վերքերը: Գրքի առաջին մասում Ալման եւ Շերին (Ռոջավայում բժիշկ-կամավոր, ծագումով հայ հերոս-հեղ.) գնում են Արեւմտյան Հայաստան՝ դեպի իրենց արմատներ, այս հատվածն ավելի շատ ներկայացնում է Թուրքիայում ապրող հայերի կյանքը: Այստեղ եւս կարեւոր սիմվոլներ կան: Ալման Արեւմտյան Հայաստանում շալով կապում է իր որովայնը: Կնոջ որովայնը կյանքի սկիզբն է, եւ այս սիմվոլներով փորձել եմ օտար ընթերցողի համար ավելի պատկերավոր ներկայացնել Հայկական հարցը:

Հետո հերոսները որոշում են գնալ Շուշի՝ ամուսնանալու Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցում... եւ սկսվում է պատերազմը: Գրքի երկրորդ մասն արդեն Արցախյան վերջին պատերազմի մասին է:

Պատերազմի ժամանակ Արգենտինայում շատ ուշադիր հետեւում էի իրադարձություններին, բարկության, տագնապի ու անզորության զգացողությունները միախառնվել էին ինձանում: Այդ ժամանակ արդեն զգում էի, որ պետք է սկսեմ գրել այդ մասին:

«Արցախ» վեպը նվիրված է մորաքրոջս՝ Ալիսային: Նա ինձ շատ բան է պատմել մեր ընտանիքի ապրածի մասին: Իր մահվանից չորս օր առաջ պատմեցի, որ Հայաստան եմ գալու, ասաց՝ թուրքերից զգույշ կլինես: Սա մեր ընտանիքի ապրած ցավի հետքերն են, որ դեռ առկա են: Հիշում եմ, թե պապիկս ինչպես էր արթնանում մղձավանջներից ու ասում՝ թուրքերը գալիս են:

- Այս երեք վեպերում էլ կարմիր գծով անցնում է դեպի արմատներ գնալն եւ ինքնության փնտրտուքը: Ձեր այլ հարցազրույցներում նշել եք, որ շատ ընթերցողներ՝ անկախ իրենց ազգությունից, վեպերը կարդալուց հետո սկսել են փնտրել իրենց արմատները: Օտարության մեջ մեծանալով՝ այս հարցերն ավելի բնականորեն են գալիս դեպի մարդը, նա ուզում է հասկանալ ինքն ով է, որովհետեւ զգում է՝ այն ինչ իրեն շրջապատում է, քիչ բան է պատմում իր մասին: Մյուս կողմից շատ հայեր, որ ապրում են Հայաստանում, ինքնության ու դեպի արմատներ գնալու մասին հարցեր ավելի քիչ են ունենում, հավանաբար, որովհետեւ դրա պահանջը պակաս ակնհայտ է: Ի՞նչ եք կարծում, ինչու՞ է կարեւոր ճանաչել սեփական արմատները, ի՞նչ է դա տալիս մարդուն:

- Բոլորս պետք է մեզ հարց տանք՝ որտեղից ենք, քանի որ մեր ծագումը մեր ԴՆԹ-ն է, դրանից շատ բան կարող ենք իմանալ ինքներս մեր մասին: Յուրաքանչյուրն ինքը պետք է որոշի, թե հետո ինչ անի այդ տեղեկատվության հետ: Ակունքները ճանաչելուց հետո այնպես չէ, որ մարդ պետք է ապրել անցյալում:

Իմ պարագայում արմատներիս պատմությունն ինձ շատ բան օգնեց հասկանալ՝ ինչու են իմ ընտանիքում լռում շատ հարցերի շուրջ, իմ ընտանիքի ցավը: Փոքր տարիքում ինձ փոքր-ինչ այլ էի զգում, ուրիշների նման չէի համարում, զգում էի, որ չեմ տեղավորվում այդ կերպարի մեջ:

Միշտ ինչ-որ փնտրտուքների մեջ էի, 23 տարեկանից սկսեցի թերապիայի գնալ: Երբ 47 տարեկանում իմացա պատմությունս, նոր միայն ամեն ինչ իր տեղն ընկավ, ստացա իմ բոլոր հարցերի պատասխանները, հասկացա սեփական որոշումներս ու կյանքը:

Մագդա Թախտաճյանի հետ զրուցել է Գայանե Ենոքյանը