[Արդեն դիտել ենք] «Արթուր թագավորի թուրը». ամեն դեպքում` չի զիջում Քանյե Ուեսթի ու Քենդրիկ Լամարի տեսահոլովակներին

May 15, 2017

«Շերլոք Հոլմս» ֆիլմի ռեժիսորից. այսպես են ներկայացնում կուլտային բրիտանացի ռեժիսոր Գայ Ռիչիի ժամանակակից կինոթատրոնների մարքեթոլոգները։ Զավեշտալի է, որ մի ամբողջ կինեմատոգրաֆիստական խավ ստեղծած ռեժիսորին բնութագրում են միայն քոնանդոյլական էկրանավորմամբ, որը զիջում է ռեժիսորի լավագույն աշխատանքներին։

«Ռոքնրոլայի» բացասական ընդունումից հետո Ռիչին որոշեց պատկերել իր սիրելի Լոնդոնն արդեն հին ժամանակներում և անդրադարձավ Շերլոք Հոլմսի իրականությանը։ Մեծ հաշվով կային հարմար շարժառիթներ. մեխանիզմներ. փողոցային բոքս, սրամիտ լեզվակռիվներ, հմայիչ թմրամոլներ ու մարդասպաններ։ Նույն տրաֆարեֆը, ուրվագիծն ու բանաձևը հագցվում է ամենահայտնի բրիտանական էպոսի՝ Արթուր արքայի վրա՝ դարձնելով լեգենդար պատմական կերպարին փողոցային ավտորիտետ (Չարլի Հանեմ)։
Այստեղ կա ամեն ինչ՝ ժամանակակից թրենդերին բնորոշ ազատամիտ լամբերսեքսուալ և նրան դեմ առ դեմ դրված իշխանատենչ դավաճան հորեղբայր (Ջուդ Լոու), որը սպանեց հարազատ եղբորը և զբաղեցրեց գահը։ Արդյունքում Արթուրը հայտնվեց հասարակաց տանը, որտեղ բարեգութ մարմնավաճառուհիները և հին ու «բարի» Լոնդինիումի քրեական բարքերը նրան դարձրեցին մարդ։ Հետո Ռիչին վերադարձավ սկզբնաղբյուրին, շատ կարճ, բայց կարևորագույն դրամատիկ ռեվերանսի համար՝ Արթուրը հանեց մոգական Էքսքալիբուրը և սկսեց պայքարը սրիկա հորեղբոր դեմ։
http://www.youtube.com/watch?v=jIM4-HLtUM0
Ռիչին մնացել է հարազատ իմ ֆիրմային ոճին՝ սուպերդինամիկ հոլովակային մոնտաժ, մի խումբ անլվա, բրուտալ բրիտանացիներ, գերարագ հետապնդումներ նեղլիկ փողոցների արանքով։ Իսկ այն տեսարանը, որտեղ ինքնավստահ և առնական Արթուրը մորթե բաճկոնով և ձիով ժամանում է ուզուրպատոր հորեղբոր մոտ, չի զիջում Քենդրիք Լամարի և Քանիե Ուեսթի հոլովակներներին։ Արդյունքում ստացվել է «Գահերի խաղը», դիսնեյական «Առյուծ արքան» (իրականում «Համլետը) և «Մատանիների տիրակալը» հիշեցնող լավորակ էքշն-ֆենթեզի, սակայն ինչ-որ բան պակասում է կամ ճիշտ հակառակը՝ չափից դուրս շատ է։

Ռիչիի դինամիկ ընթացքը գերում է, հատուկ էֆեկտներն ու մթնոլորտը նույնպես: Սակայն կանխատեսելի և տեղ-տեղ տեմպորիթմի հետ խնդիրներ ունեցող ժամանակակից փողոցային առասպելը գնում է առաջ ծանր քայլերով՝ ճիշտ ֆիլմում տեղ գտած հսկա փղերի պես։

Լուսանկարները` IMDb