Ինչպես է քաղաքականությունը փոխում պատմությունը. Ռուս պրոֆեսոր Իվան Կուրիլայի դիտարկումները (տեսանյութ, լուսանկարաներ)

June 6, 2022

Երևանում շարունակվում են Սանկտ Պետերպուգի Եվրոպական համալսարանի օրերը: Պրոֆեսոր Իվան Կուրիլլան ներկայացրել է «Պայքար անցյալի համար» իր նոր գիրքն ու խոսել սեփական պատմության հայելու առաջ չսեթևեթելու պատմական պատասխանատվության մասին: Ապագան հնարավոր է անցյալի մեղքն ու հանցանքը ընդունելու ու ապաշխարհելու դեպքում միայն: Մյուս բոլոր դեպքերում հարևանության, հարաբերությունների նորմալացման, միասնական վաղվա մասին բոլոր զրույցները ժամանակի վատնում է:

Ռուս պատմաբան, Սանկտ Պետերբուրգի Եվրոպական համալսարանի պրոֆեսոր Իվան Կուրիլան պայուսակից հանում է իր նոր գիրքը՝ «Պայքար անցյալի համար» աշխատությունը, որտեղ բացատրում է, թե ինչպես է քաղաքականությունը փոխում պատմությունը: Ինչ է մտածում ռուս պատմաբանն այդպիսի ամենաթարմ դեպքի մասին: Ադրբեջանի նախագահը Հայաստանի մայրաքաղաքն անվանում է հին ադրբեջանական քաղաք. «Նման բնույթի հայտարարությունները, որոնք փորձում են պատմությունը հարմարեցնել քաղաքական նպատակներին, իհարկե, որպես կանոն, միայն ուժգնացնում են կոնֆլիկտային վիճակը երկրների միջև»:

 

Պատմությունն ընդհանրապես օգտագործվում է հակամարտությունները խորացնելու, ոչ թե խաղաղեցնելու համար, կարծում է պատմաբանը: Առավել ծանր է, երբ պատմությունն արյունոտ է, ինչպես Թուրքիայի պարագան է. «Ավտորիտար երկրների համար հատկապես, ընդունելը, որ անցյալում հանցանքներ են գործել, անհաղթահարելի խոչընդոտ է: Մենք նույնիսկ տեսնում ենք, որ Ռուսաստանում, կարծես, ընդունել էին ստալինյան ռեժիմի որոշ հանցանքների պատասխանատվությունը, հիմա նկատվում են հետքայլեր»:

  

Հայաստանը և Թուրքիան սկսել են նոր գործընթաց հարաբերությունները կարգավորելու նպատակով: Կան առաջին հանդիպումները, առաջին բացահայտ հակասությունները: Եվ գլխավոր հստակությունը՝ այս կարգավորման գործընթացում կարևորագույն գործոն է ցեղասպանությունը. «Տեսնում եմ, որ հիմա ինչ-որ քայլեր արվում են, դրանք հետևողական չեն, տեսնում ենք, որ լինում է քայլ, հետո հետքայլ, բայց ոչ մի տեղ չենք փախչի նույնիսկ այն հարևաններից, որոնց հետ հարաբերությունները ծանր են, այն պատմությունից, որը ողբերգական է: Այն պատասխանատվությունը, որն ընկած էր Թուրքիայի ցեղասպանությունն իրագործած սերնդի ուսերին, այսօր՝ 100 տարի անց, կարող է ավելի հաղթահարելի լինել նրանց թոռների համար, եթե Թուրքիայում ավտորիտար ռեժիմը փոխվի փոքրիշատե ժողովրդավարի»:

Մինչև այդ՝ առանց ցեղասպանության ճանաչման, արդյոք հնարավո՞ր է կարգավորել Հայաստան-Թուրքիա, հայեր-թուրքեր հարաբերությունները՝ ըստ Կուրիլայի, մենք ենք որոշելու դա հնարավոր է, թե ոչ: