Մատենադարանը համալրվել է իրանահայ արվեստագետների բարձրարժեք աշխատանքներով

July 24, 2015

Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի հավաքածուն համալրվել է միջազգային ճանաչում վայելող իրանահայ հայր և որդի արվեստագետներ՝ լուսանկարիչ Անթուան Խան Սևրուգինի և գեղանկարիչ՝ Անդրե (Դերվիշ) Սևրուգյանի բարձրարժեք աշխատանքներով: Նվիրատվությունն իրականացրել է երկու արվեստագետների ժառանգորդ Էմմանուել Սևրուգյանը:
Ուղիղ մեկ տարի առաջ՝ 2014 թ. սեպտեմբերի 9-ին,Մատենադարանը համաձայնագիր կնքեց Գերմանիայի Դաշնության քաղաքացի, 90-ամյա Էմմանուել Սևրուգյանի հետ,  ըստ որի՝ Էմմանուել Սևրուգյանը Մատենադարանին էր նվիրաբերում իր հոր և մեծ հոր կողմից որպես ժառանգություն ստացած գեղանկարների և լուսանկարների հավաքածուները, հարյուրից ավելի մեծարժեք նմուշներ:
Թե´ լուսանկարիչ Անթուան խան Սևրուգինը, թե´ նրա որդին՝ գեղանկարիչ Անդրե (Դերվիշ) Սևրուգյանը, միջազգային համբավ վայելող արվեստագետներ են: Նրանց աշխատանքները ցուցադրվում են աշխարհի ամենահայտնի թանգարաններում: Նրանց յուրօրինակ, ինքնատիպ արվեստի մասին գրվել են բազմաթիվ ուսումնասիրություններ, լույս են տեսել նրանց գործերին նվիրված մի քանի ալբոմներ:
Սա իսկապես բացառիկ արժեք ներկայացնող շքեղագույն հավաքածու է: Անդրե Սևրուգյանի ստեղծագործությունները աչքի են ընկնում փոփոխվող գույների ու երանգների հարստությամբ, կատարելության հասցված գեղեցկության, նրբագեղության և բանաստեղծական պատկերայնությամբ:
Գեղանկարչի գործերի ամբողջական համապատկերը բնութագրվում է մշակութային փոխառումների և փոխազդեցությունների բազմաշերտությամբ, դրանով իսկ դիտվում և ընկալվում է համամարդկային շրջագծում, որն իր մեջ միավորում է քրիստոնեական և իսլամական արվեստի հրաշալի սինթեզը:
Սևրուգյանի գործերը, հատկապես մանրանկարները, ակներևաբար իրենց վրա կրում են հինարևելյան և մասնավորաբար պարսկական մշակույթի դրոշմը: Ուշագրավ է, որ ծագումով հայ գեղանկարչը ներշնչվել է առավեալապես պարսկական պոեզիայի գագաթներից՝ Հաֆեզից, Ֆիրդուսու հռչակավոր «Շահնամե»ից, Խայամի «ռուբաիներ»ից և հայ հանճարեղ աշուղ-բանաստեղծ Սայաթ Նովայի քնարեգության նուրբ լարերից: Սա, անշուշտ, հրաշալի հանդիպում է հնագույն քաղաքակրթությունների և փոխհարստացման հոլովույթում:
Անթուան Խան Սևրուգինը լուսանկարիչ է, որի բացառիկ տաղանդն ու անկրկնելի ոճը հնարավորություն են տվել նրան դառնալու Նասեր էլ Դին շահի պալատական լուսանկարիչը և դիմանկարի լավագույն վարպետներից մեկը: Նրա լուսանկարները գրավում են կատարողական արվեստով, հատկապես պահը որսալու, լույսի և ստվերի նրբերանգը սևեռելու նուրբ զգացողությամբ:
Լուսանկարչի սուր հայացքը տեսել ու պատկերել է մարդուն, իրեն շրջապատող աշխարհը, այնքան հարազատ ու բնական,  և զարմանալիորեն կարողացել է այդ պարզության մեջ խոր իմաստ և արտահայտչականություն տեղավորել:
Մեծարժեք այս հավաքածուները հանրությանը ներկայացնելու համար, Մատենադարանի տնօրենությունը նախատեսում է մի շարք ցուցահանդեսներ, այդ թվում՝ թեմատիկ ցուցադրություններ, ինչպես նաև զույգ արվեստագետների ստեղծագործությունների գեղատիպ ալբոմների հրատարակություն: Ծրագրվում է թեմատիկ սեմինար այս նյութի շուրջ:
Այս բոլորից զատ, Մատենադարանում կարևորվում է այս հավաքածուների ամբողջական, համապարփակ ուսումնասիրումը, գիտական շրջանառության դրվելը և ուսումնասիրող-հետազոտողներին հասանելի դարձնելը: