Ստեփան Սաֆարյան. Միկոյանի արձանի սինդրոմը

November 13, 2015

Պատմությունը երբեք չի դասվել ճշգրիտ գիտությունների շարքին: Փաստերին ու դրանց պատճառահետևանքային կապերին տրվող մեկնաբանությունները գիտական այդ հայեցակարգերին հաղորդել ու հաղորդելու են սուբյեկտիվ երանգ: Սակայն ԽՍՀՄ կուսակցական գործիչ Անաստաս Միկոյանի արձանը Երևանում տեղադրելու մասին քաղաքային ավագանու ապրիլի 30-ի որոշման շուրջ ծավալվող պատմաքաղաքագիտական բուռն քննարկումները գերազանցեցին սուբյեկտիվիզմի մասին բոլոր պատկերացումները:
Հետխորհրդային Հայաստանի քաղաքական, իրավական, տնտեսական խոր նիհիլիզմը լրացվեց ևս մեկով՝ գիտական նիհիլիզմով:

Թերևս այստեղ տեղին է հիշել Նիցշեի հանրահայտ նիհիլիստական արտահայտությունը. «Չկան փաստեր, կան միայն մեկնաբանություններ»:

Խորհրդային հասարակագիտությունը, պատմագիտությունը առաջնորդվում էին հենց այդ սկզբունքով` «անցանկալի» փաստերը մերժել, թաքցնել ու շրջանցել և հրապարակ նետել ցանկալի մեկնաբանություններ, որոնց համար փաստեր կարող են նույնիսկ չլինել:
Անաստաս Միկոյանի արձանը տեղադրելու կողմնակիցները և ժառանգները նրան գրեթե աստվածացնում են` որպես տիեզերական մասշտաբի գործչի. «Կարիբյան ճգնաժամի ժամանակ նա կանխել է երրորդ համաշխարհային պատերազմը», «զարգացրել է Խորհրդային Հայաստանի տնտեսությունը», «հայրենիքին մատակարարարել է սպառողական ապրանքներ», «ստալինյան բռնադատումից ու աքսորից փրկել է որոշ հայերի՝ Ավետիք Իսահակյանին, Հովհաննես Բաղրամյանին և իր ընկերներին»:
Միկոյանին վերագրվող հանցագործությունների ու հակահայկական դիրքորոշումների առնչությամբ էլ նրանք մերժում են ակնհայտ փաստերը. «Փաստաթղթերի տակ Միկոյանի ստորագրությունը չկա», «Դրանք կեղծիք են, Ստալինն օգտագործել է նրա ստորագրությունը», «Միկոյանը չէր կարող ընդդիմանալ Ստալինին», «Միկոյանը ոչինչ չէր որոշում», «Եթե չլիներ Միկոյանը, զոհերն ավելի շատ կլինեին», «Եթե Միկոյանը դեմ գնար, Ստալինը նրան ու իր ընտանիքին նույնպես կգնդակահարեր», «Այդ ամենը հերքել է պատմաբանների անկախ հանձնաժողովը», «Դրանց կողքին արվել են մեծ գործեր», և այսպես շարունակ... Բացատրություններ, որոնք «անզոր, անճար, անպաշտպան» Միկոյանին ամենևին չեն բնութագրում որպես տիեզերական գործչի:
Երևանում Անաստաս Միկոյանի արձանը տեղադրելու որոշման նախաձեռնողները հաշվի են առել սոսկ նրա «ավանդն» ու «քաղաքական և պետական գործունեության բարդ ուղին»: Սա էլ մեկ այլ նիհիլիզմ է` փաստերը շրջանցելու տեսքով:

ԽՍՀՄ առաջին 4 առաջնորդների օրոք կուսակցական բարձր պաշտոններ զբաղեցրած, բռնակալ Իոսիֆ Ստալինի վստահությունը վայելած, նրա, Եժովի, Վորոշիլովի, Մոլոտովի ու այլոց հետ բազում ոճրագործությունների մեղսակից դարձած Անաստաս Միկոյանի կենսագրության սարսափազդու էջերը, բարեբախտաբար, վավերագրված են կա´մ նրա ստորագրությամբ, կա´մ նրա ձեռամբ գրված գրություններով և հեռագրերով: Այդ փաստերը ոչ միայն անողոք են Միկոյանի ու նրա հանցակիցների հանդեպ, այլև անգամ մեկնաբանության տեղ չեն թողնում:
Այսպես, Անաստաս Միկոյանը մանր, նյութապաշտական ու կարիերիստական շահախնդրությամբ 1919 թ. կասեցնել է տվել Հայաստանի կոմունիստական կուսակցության գործունեությունը՝ նրա անդամներին մեղադրելով «ազգայնամոլության» մեջ, քանի որ նրանք ձեռնամուխ էին եղել Կոմունիստական կուսակցության` Թուրքահայաստանի մասին դեկրետի (29.12.1917 թ.) իրականացմանը:
Նա դեմ է արտահայտվել «Մեծ» թե «Փոքր» Թուրքահայաստանի ստեղծմանը՝ դա համարելով «միջազգային հեղափոխության շահերին ու իմպերիալիզմի դեմ պայքարին հակառակ»: