Կյուրեղատառը` թրենդ. ռուսական կարգախոսներն ու նշանաբանները հագուստի վրա

October 2, 2017

Օրերս ամերիկացի բասկետբոլիստ Կեվին Դյուրենտը մամուլի ասուլիսին հայտնվել էր շապիկով, որի վրա գրված էր «Стиль»: Նույն բառով բլուզով վերջերս կրում էր նաև Քիմ Քարդաշյանի աղջիկը:




Ռուսատառ տեքստերի բումն աշխարհում սկսվեց ռուս դիզայներ Գոշա Ռուբչինսկու հավաքածուից: Դիզայների` գուլպաների մեջ դրված մարզասրահի տաբատներն ու  «Спорт» գրությամբ շապիկներն ուղղակի գերեցին նորաձևության աշխարհին: Հետո արդեն մյուս դիզայներների հերթն էր, ռուսատառ հագուստ ներկայացրեցին նաև վրացի Դեմնա Գվասալիան, ուկրաինուհի Լիլիա Պուստովիտն ու Յուլիա Եֆիմչուկը: Օտար մշակույթների խորհրդանիշները հաճախ են դառնում թրենդ, քանի որ օտար տառերը մի քիչ էկզոտիկ են ու մի քիչ էլ թարմություն են բերում:

Վերջին երկու տարիներին ռուսերենն օգտագործող դիզայներներն ու բրենդներն ուղղակի գրավել են նորաձևության ինդուստրիան: Սնդուսափայլ ամսագրերի շապիկներից չեն իջնում Արտյոմ Կրիվդայի «Мир» բառով վերնաշապիկները, Յուլիա Եֆիմչուկի «Весна» գրությամբ նարնջագույն կոմբինեզոնները, Լիլիա Պուստովիտի «Где мама» բառակապակցությամբ զգեստները, Անդրեյ Արտեմյեվի «Walk of Shame» անգլատառ գրությունը ռուսատառով փոխած  «Волк оф шейм» հագուստը:Լատվիական QooQoo բրենդն էլ զարմացրեց «Красава» շապիկներով ու «Творю чудеса» լեգինսներով: Դեմնիա Գվասալիան էլ եվրոպացի մոդայիկներին առաջարկեց բլուզներ, որոնց վրա գրված էր «Земфира»:



Դեռ անցյալ տարի կյուրեղատառն օգտագործեցին նաև լյուքս բերնդները: Նույն Ռուբչինսկին կոլաբորացիա արեց անգլիական Burberry ընկերության ու ճապոնական  Comme de Garçons բրենդի հետ:  Հիմա արդեն կյուրեղատառը կարելի է հանդիպել նաև մասսայական բրենդներում: Adidas-ը թողարկեց շապիկներ «Футбол» գրությամբ, իսկ ամերիկյան գիգանտ բրենդներից մեկը`Urban Outfitters-ը` «Равноправие» ու «Никогда» բառերն օգտագործեց: Եվրոպական ու ամերիկյան կյուրեղատառ թրենդը չշրջանցեց նաև ճապոնական նորաձևության շուկան: Հետաքրքիրն այն է, որ մեծ հետաքրքրություն են վայելում նաև, այսպես ասած, օրենքից դուրս ռուսական թեմաներն ու բառակապակցությունները, ինչպես, օրինակ` «Охрана»-ն, «Спаси и сохрани»-ին:



RIA