[newmusic] Ленинград-ի նոր տեսահոլովակը, IOWA-յի և Սերժ Թանկյանի դուետը և հայկական նոր պրոդուկտ

November 11, 2017

1993թ. Նոյեմբերի 9-ին լույս տեսավ հիփ հոփ ժանրի՝ այսօր արդեն լեգենդար ու խիստ թերագնահատված խմբերից մեկի՝ Wu-Tang Clan-ի «Enter The Wu-Tang (36 Chambers)» ալբոմը: Նույնիսկ եթե ատում եք այս ժանրը, այս ալբոմը լսելուց հետո, վստահ եմ, առնվազն մի փոքր կփոխեք ձեր կարծիքը մեր օրերի ամենազարգացող ու ակտուալ ուղղության մասին: Մինչև սկսեք ալբոմի ունկնդրումը՝ առաջարկում եմ ծանոթանալ շաբաթվա լավագույն երգերին ու տեսահոլովակներին: Դրանք այս անգամ այնքան էլ շատ չեն, բայց խիստ յուրօրինակ են և ուշադրության արժանի:
[embed]https://youtu.be/jOLuW2w5kgg[/embed]
Սկսեմ շաբաթվա ամենաասպասելի դուետից՝ բելորուսական IOWA խումբ և Սերժ Թանկյան:
Նոյեմբերի 30-ին Ռուսաստանում էկրաններ է բարձրանալու «Легенда о Коловрате» պատմական ֆիլմը, որի պաշտոնական սաունդթրեքի հեղինակներից մեկն է մեր հայրենակիցը (երաժշտության հեղինակ և խոսքերի համահեղինակ): Իսկապես դժվար էր պատկերացնել Թանկյանին ռուսական շուկայում, բայց փաստը մնում է փաստ: Երգը գլուխգործոց չէ, բայց ունի պատմական շունչ, մի փոքր էլ զգացվում է Game of Thrones-ի երաժշտության ազդեցությունը: Հետաքրքիր է, որ տեսահոլովակի յութուբյան դիսլայքերն իրենց քանակությամբ չեն զիջում լայքերին, իսկ թե ինչով է դա պայմանավորված՝ դժվարանում եմ ասել, համենայն դեպս բուն երգը այդ աստիճանի տհաճ ու անտանելի չէ:
[embed]https://youtu.be/3-xi-VqgEhk[/embed]
Մնանք Ռուսաստանում և դիտենք նաև Ленинград-ի նոր տեսահոլովակը, որը, իմ խիստ սուբյեկտիվ կարծիքով, գերազանցել է նախորդներին թե՜ որակական, թե՜ տեխնիկական առումով, և դա պատահական չէ, քանի որ ռեժիսորը Իլյա Նայշուլլերն է՝ մարդ, ով ֆանտաստիկ տեսահոլովակ է նկարահանել The Weekend-ի համար: «Voyage»-ի գլխավոր հերոսին մարմնավորել է ռուս ամենահեռանկարային դերասաններից Ալեքսանդր Պալը:
[embed]https://youtu.be/sl_pxCAcJz4[/embed]
 
Երբեմն լինում են երգեր, որոնք այս ցուցակում ներառելուց առաջ երկար մտածում եմ, քանի որ դրանք ո՜չ լավն են, ո՜չ վատը, ո՜չ հետաքրքիր են, ո՜չ էլ՝ հակառակը: Այդպիսինն է Phillip Phillips-ի «Magnetic»-ը: Այն ի վերջո ներառեցի՝ հուսալով, որ հավանողներ կգտնվեն: Բացի այդ՝ համաձայնեք, որ այս երգը ավելի լավն է, քան Ֆիլիփսի անվանակցի ցանկացած «գլուխգործոց»:
[embed]https://youtu.be/UFPSIa1cLRQ[/embed]
Alicia Keys-ը շարունակում է զարմացնել և ուրախացնել: Տպավորություն է, որ նա որոշել է հասունանալ և զբաղվել երաժշտությամբ: Համենայն դեպս այդպիսի տպավորություն է նրա նոր՝ «When You Were Gone» երգից: Բլյուզի և Սոուլի այս ժամանակակից խարնուրդի մեջ, ինչպես ասում են, ինչ-որ բան կա:
[embed]https://youtu.be/5x1FAiIq_pQ[/embed]
Լեգենդար The Notorious B.IG.-ի «նախկիններից» Lil’ Kim-ը որոշել է վերակենդանացնել իր հանրահայտ «Queen Bitch»-ը, որն իր նոր ռեինկարնացիայում ստացել է «Wake Me Up» անվանումը, իսկ որպես հիմնական կատարող նշված է Remy Ma-ն:
[embed]https://youtu.be/8l_e6bx8UG8[/embed]
Եթե ինձ պես շատ քիչ պատկերացում ունեիք դանիական երաժշտության ներկայացուցիչների մասին, սիրով ուզում եմ ձեզ ծանոթացնել MØ-ի հետ (կարդացվում է Մոու): Ծանոթությունը բավականին հաճելի էր՝ թե՜ տեսահոլովակի, թե՜ երաժշտության առումով: Հուսանք՝ նման ծանոթությունները ապագայում էլ ավելի հաճախակի կդառնան:
[embed]https://youtu.be/5gFpcEKayz4[/embed]
Ու կրկին այն հաճելիագույն պահերից է, երբ ցանկում կա հայկական պրոդուկտ: Արման Աղաջանյանը գրեթե միշտ աչքի է ընկել որակյալ աշխատանքներով, հատկապես եթե հիշենք նրա՝ միաժամանակ և՜ հումորային և՜ շատ որակյալ ու մեղեդային դուետները հայկական էստրադայի երգչուհիների հետ:
Այս անգամ Աղաջանյանը լուրջ է: Այդպես են ստիպում Ռուբեն Մխիթարյանի հեղինակած խոսքերն ու երաժշտությունը: Վերջինս, այո, գուցե և նմանեցնեք ինչ-որ այլ մեղեդու, բայց էականը դա չէ: Էական է, որ հայկական փոփ կոչվածում միջին վիճակագրական (լավ իմաստով) երգերը լինեն հենց այսպիսին՝ նորմալ մարդկանց երաժշտական ճաշակը չվիրավորող: Առանձին շնորհակալություն նաև Գրիգ Վահրամյանին՝ վերոհիշյալ դրական հատկանիշներին համապատասխանող տեսահոլովակի համար:
 
[embed]https://youtu.be/OqtfZjw4LxI[/embed]