Գիրքը գիտելիք է և պատուհան՝ դեպի ապագա. «ԳեոՊրոՄայնինգ» ընկերության պաշտոնական ներկայացուցիչ Ռուզաննա Գրիգորյան

January 30, 2024

Հայաստանի 1000 խոշոր հարկատուներից ԳեոՊրոՄայնինգ ընկերությունների խմբի այս տարվա կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ծրագրերից է Newmag-ի ձմեռային փառատոնի գլխավոր հովանավորությունը։ Ընկերության պաշտոնական ներկայացուցիչ Ռուզաննա Գրիգորյանի խոսքով, այս նախաձեռնությանը միանալ, առավել ևս այսպիսի դժվարին պայմաններում, վկայում է կորպորացիայի՝ Հայաստանի մշակութային նախաձեռնությունները կարևորելու և աջակցելու աննահանջ հավատամքի մասին։

Գեոպրոմայնինգն իր պորտֆելում միշտ է ունեցել մշակութային նախաձեռնությունների աջակցության մեծ ցանկ։ Այդ առումով Newmag-ի հետ գործակցությունը թեև առաջինն է այս տարում, բայց մեկն է այն հազարավոր նախագծերից, որ ընկերությունն իրականացրել է այս տարիների ընթացքում։  

«Գիրքը կենսական արժեք է։ Ուրախ եմ նշել, որ սերունդը հետաքրքրված է գրքով, որովհետև գիրքն ու դրանում պարունակվող գիտելիքն այն ուժն է, որը նրանց պետք կգա ապագայում՝ ընդլայնելու իրենց մտահորիզոնը, պահպանելու և մեծացնելու իրենց կարողությունները, և կերտելու ապագա երկրի համար»,- նկատեց Ռուզաննա Գրիգորյանը։

Գրեթե ամեն տարի ԳեոՊրոՄայնինգը տարբեր ձևաչափերով միացել է փետրվարյան գիրք նվիրելու ակցիային։ Ավելին, հենց ընկերության շնորհիվ բազմաթիվ մարզային գրադարաններ համալրել են իրենց գրադարանները նոր գրականությամբ։  

Ըստ Ռուզաննա Գրիգորյանի. «Գիրքը գիտելիք է և պատուհան՝ դեպի ապագա։ Իսկ ապագան կարող է տարբեր լինել։  Առանց հոգևոր հարստության, մեզ շրջապատող աշխարհի խորությունն ու բարդությունը, մարդկանց ու համակարգերի փոխազդեցությունը հասկանալու ապագան շատ մռայլ կլինի»։  

ԳեոՊրոՄայնինգ ընկերության պաշտոնական ներկայացուցիչ Ռուզաննա Գրիգորյանի խոսքով, գիտելիքահեն տնտեսության և արդյունաբերության հիմքը՝ գիրքն է և ինտենսիվ ընթերցանությունը։ Այդ պատճառով կրթական նախանձեռնություններին աջակցելն ուղիղ բխում է ընկերության ռազմավարական ու երկարաժամկետ նպատակներից։