[newmusic] Շաբաթվա հակաթրամփյան երգերը, ահավոր վատ նոր Gorillaz-ը և մի հավես նիգերիացի

January 21, 2017

Անցնող շաբաթը երաժշտական առումով ստացվեց երգաշատ` տեղ-տեղ հակաթրամփական, տեղ-տեղ հիփ-հոփային, իսկ մեկ դեպքում` այնքան հիասթափեցնող, որ ցանկացա վերադառնալ 2011թ.: Բայց խախտեմ տարածված սովորույթը և սկսեմ լա՛վ նորություններից` վատի փոխարեն:
Այս շաբաթ արևմտյան շատ արտիստներ որոշեցին իրենց բողոքն արտահայտել Դոնալդ Թրամփի` ԱՄՆ նախագահ դառնալու կապակցությամբ: Ոմանք դա արեցին ցույցի դուրս գալով, ոմանք էլ` իրենց երգերով: Ինձ, բնականաբար, հետաքրքրում է երկրորդ խումբը, որից առաջին հերթին կառանձնացնեմ կանադական Arcade Fire խմբի «I Give You Power» երգը որպես հակաթրամփական շարքի լավագույն ստեղծագործություն (չենք մոռանում, որ այս ամենը միայն իմ սուբյեկտիվ կարծիքն է):
 




Լեգենդար «Wake Me Up When September Ends» երգը կատարած ոչ այնքան լեգենդար Green Day խումբը նույնպես որոշեց անդրադառնալ Թրամփին, սակայն ավելի գլոբալ տեսանկյունից: «Ապրում ենք դժվարին ժամանակներում» և այլն` մի քիչ ծեծված խոսքերով «Troubled Times» երգը երաժշտական առումով բավականին լավ է ստացվել:
[embed]http://youtu.be/9cVJr3eQfXc?list=PLpChgP165ilfoq7nng8pSPG5c_a5HlOgn[/embed]


Մի պահ շեղվենք Թրամփից: Անցյալ շաբաթ ներկայացրել էի The Internet խմբից Syd-ի սոլո երգը: Այս շաբաթ նույն խմբից Matt Martians-ը որոշեց հետ չմնալ ու ներկայացրեց սոլո կարիերա անելու իր տարբերակը: Արդյունքում ստացվեց Syd-ին արժանի մրցակից` «Diamond In Da Ruff»:
[embed]http://youtu.be/2yeyh9lRsiw?list=PLpChgP165ilfoq7nng8pSPG5c_a5HlOgn[/embed]


Շաբաթը հաջող էր նաև ակումբային երաժշտության սիրահարների համար, որն, ի դեպ, շատ փոքր, բայց հաստատուն քայլերով ավելի ու ավելի տարածում է գտնում Հայաստանում: Մի խոսքով` Bonobo - «No Reason»:
http://youtu.be/ebzEEEdjHj0?list=PLpChgP165ilfoq7nng8pSPG5c_a5HlOgn


Ականջահաճո կամ եթե մի քիչ ավելի խոսակցական, «կայֆոտ» երգերի շարքից. «Stolen Dance» մեգահիթի հեղինակ Milky Chance-ը ներկայացրեց «Doing Good»-ը: Դժվար թե այն վերոհիշյալ հիթի հաջողությունն ունենա, բայց Daft Punk լսողները ծանոթ ու հարազատ հնչյուններ կգտնեն:
http://youtu.be/5xtm0iRTWEE?list=PLpChgP165ilfoq7nng8pSPG5c_a5HlOgn


Հավանածս տեսահոլովակների շարքի վերջում ուզում եմ ներկայացնել Young Thug-ի «Wyclef Jean»-ը: Այստեղ առանձնահատուկ է ոչ այնքան երգը, ինչքան բուն տեսահոլովակը: Ռեժիսորն ու Young Thug-ը չեն հանդիպել նկարահանման հրապարակում: Իսկ թե ինչպես, ինչու և ինչ եղավ հետո` կպատմի հենց տեսահոլովակը:
http://youtu.be/_9L3j-lVLwk?list=PLpChgP165ilfoq7nng8pSPG5c_a5HlOgn


ՇԱԲԱԹՎԱ ՀԻԱՍԹԱՓՈՒԹՅՈՒՆ


Իսկ հիմա շաբաթվա հիասթափությունս: «Հիասթափություն» բառը մոտ 5%-ով է արտահայտում այն էմոցիաները, որոնք զգացի այս տեսահոլովակը դիտելիս: 6 տարի անց լեգենդար Gorillaz խումբը որոշեց նոր ալբոմ թողարկել, և դրա առաջին սինգլը այս շաբաթ ներբեռնեց YouTube: Գուցե ոչ պրոֆեսիոնալ կամ շատ ծայրահեղ թվամ, բայց վատ է, շատ վատ: Իրավիճակը չեն փրկում ո՛չ հակաթրամփական տեքստը, ո՛չ լավ վոկալիստ Benjamin Clementine-ը, ո՛չ էլ Դեյվիդ Լինչի ոճով նկարահանած տեսահոլովակը: Հուսանք «Hallelujah Money»-ն գալիք ալբոմի վատագույն երգն է:
http://youtu.be/CDUrpPvU1_4?list=PLpChgP165ilfoq7nng8pSPG5c_a5HlOgn


ԲՈՆՈՒՍ


Այս շաբաթ կյանքից հեռացավ նիգերիացի երաժիշտ William Onyeabor-ը, որի մասին առաջին անգամ լսեցի հենց այդ ցավալի լուրի միջոցով: Պարզվեց` բավականին հետաքրքիր, ինքնատիպ և հեղափոխական երաժիշտ է եղել: Գործերն անչափ հավանեցի: Այնքան, որ ուզում եմ կիսվել դրանցից մեկով: Եթե հավանեք, մնացածները հեշտությամբ կգտնեք համացանցում:
[embed]http://youtu.be/xoUY_0-w9hQ[/embed]