[newmusic] Դուետ Ֆիլադելֆիայից, Hot Chip էլեկտրո, սկանդալ Snoop Dogg-ից և մի ֆրանսահայ դիջեյ

March 18, 2017

Արդեն 10-րդ անգամ պետք է ներկայացնեմ շաբաթվա լավագույն երգերն ու տեսահոլովակները: Որպես հոբելյանական ցուցակի առաջաբան` կուզեի ամփոփել նախորդ ցուցակներից ստացած արձագանքների տպավորությունները:
Նախ, շնորհակալ եմ բոլոր ակտիվ երաժշտասերներին` ոչ մասնագիտական ու խիստ սուբյեկտիվ տեքստերս ընթերցելու և դրանցով կիսվելու համար: Շատ կուզեի, որ «պասիվ» ընթերցողները նույնպես ակտիվանային, գրեին կարծիքներ երգերի մասին և առաջարկեին սեփական տարբերակները: Կարելի է գոնե կես ժամով շեղվել քաղաքական ճնշող նորություններից, «հայկական համացանցը» դարձնել մի փոքր ավելի պոզիտիվ ու երաժշտական:
Իսկ հիմա` շաբաթվա հրաշալի վեցնյակն ու մեկ բոնուս` ֆրանսահայ դիջեյից, որին բացահայտել եմ վերջերս:

Հետաքրքիր դուետ Ֆիլադելֆիայից` Marian Hill անունով: «Down» երգի առաջին 58 վայրկյանները թվում են պարզունակ, և երբ արդեն ուզում ես անցնել մեկ այլ կատարման, դուետը կարծես ասում է «սպասի՛ր, հետաքրքիրը դեռ առջևում է»: Ես սպասեցի, հուսամ դուք էլ:



Բրիտանական Hot Chip էլեկտրո, իսկ ավելի ստույգ` ինդիտրոնիկա կոչվող ժանրի խմբի վոկալիստ Joe Goddard-ը թողարկել է սեփական, ոչ միանշանակ ու մի փոքր «խառը» տեսահոլովակ: Խառը` «Home» երգի պես: Նման դեպքերում չշեղվելու համար կարելի է պարզապես չդիտել տեսահոլովակն ու լսել միայն երգը:
http://www.youtube.com/watch?v=_qZYVn8_DOg&feature=youtu.be&list=PLpChgP165ilfoq7nng8pSPG5c_a5HlOgn
 

Գնալով ավելի ու ավելի են շատանում բրիտանացի Hip Hop կատարողները: Նրանցից է Wikipedia-ում դեռևս էջ չունեցող Leaf Dog-ը: Չեմ կարող նշել ժանրի բրիտանական բոլոր առանձահատկությունները, բայց մի բան հստակ է` բրիտանական անգլերենը յուրահատուկ շարմ է հաղորդում կատարումներին, ինչպես, օրինակ, «Today»-ին:
http://www.youtube.com/watch?v=RYtJZcSggvs&feature=youtu.be&list=PLpChgP165ilfoq7nng8pSPG5c_a5HlOgn

Մոտեցանք շաբաթվա լավագույն եռյակին:
Առաջին հերթին ուզում եմ ներկայացնել դրանցից ամենասկանդալային ու քննարկված տեսահոլովակը` Snoop Dogg-ի «Lavender»-ը: Սկանդալն առաջացավ բուն տեսահոլովակից, որտեղ ինձ համար անսովոր կերպով «չարացած» Snoop-ը ամերիկյան մեդիան, բնակչության մեծ մասին ու նախագահ Թրամփին ներկայացրել է որպես ծաղրածուներ: Եվ սա դեռ քիչ է` հոլովակի վերջին հատվածում Snoop-ը զենք է ուղղում Թրամփի վրա: Արդյունքում` շատերը նրան մեղադրեցին բռնության քարոզչության և նույնիսկ նացիզմի մեջ, իսկ անձամբ Թրամփը թվիթերյան իր էջում գրեց, որ եթե Snoop-ն իր հոլովակում այդպես աներ Օբամայի հետ, նրան բան կնստեցնեին:
http://www.youtube.com/watch?v=E4i3bAtEuJE&feature=youtu.be&list=PLpChgP165ilfoq7nng8pSPG5c_a5HlOgn

Շվեդուհի Snoh Aalegra-ն հաստատուն քայլերով սկսել է գրավել ամերիկյան շուկան, ինչի համար ունի բոլոր նախադրյալները` փայլուն վոկալից մինչև ինքնատիպ երաժշտական մոտեցում ու արտաքին: Դժվար է վիճել նաև նրա ճաշակի հետ, քանի որ մեր օրերի ամենատաղանդավոր ու մի փոքր թերագնահատված ռեփերներից մեկի` Vince Staples-ի հետ համագործակցությունը ինձ համար ոչ այնքան կոմերցիոն, որքան հենց լավ երաժշտություն մատուցելուն ուղղված քայլ է: Ի դեպ` քայլն իրեն արդարացրել է լիովին` «Nothing Burns Like The Cold»-ի տեսքով:
http://www.youtube.com/watch?v=5hNT2wtVIBI&feature=youtu.be&list=PLpChgP165ilfoq7nng8pSPG5c_a5HlOgn
 

Եվ երգ, որն այսօր ամբողջ օրն ինձ հետ է: Չինական ծագումով ամերիկացի երաժիշտ ZHU-ն միանգամից տանում է իր նոր գործի` «Nightcrawler»-ի բիթերի ու նոտաների աշխարհ: Երգն ուղիղ կեսից թողնում է մի փոքր հանգստանաս, սակայն հետո կրկնակի եռանդով սկսում է ստիպել, որ մոտակա մի քանի ժամվա ընթացքում ուրիշ ոչինչ չուզես լսել:
http://www.youtube.com/watch?v=RlCW8W3E-84&feature=youtu.be&list=PLpChgP165ilfoq7nng8pSPG5c_a5HlOgn
 

ԲՈՆՈՒՍ
Մեծ ուրախությամբ ուզում եմ նշել, որ վերջերս ինձ համար բացահայտեցի Viken Arman անունով ֆրանսահայ DJ-ին: Իհարկե, առաջին հայաստանցին չէի այդ գործում, քանի որ ֆեյսբուքյան ընկերներիցս առնվազն 15 հոգի արդեն հավանել էին նրա էջը, բայց, ամեն դեպքում, ուզում եմ կիսվել նրա գործերից մեկով և հուսալ, որ մի օր հնարավոր կլինի լսել նրան նաև Երևանում: Իսկ եթե ընթերցողներից կան մարդիկ, ովքեր Viken-ին անձամբ են ճանաչում, փոխանցեք, որ մեծ սիրով հարցազրույց կպատրաստեմ նրա հետ :) :
http://www.youtube.com/watch?v=RcbfQDS0ZQU