Փարաջանովի վերջին օրերը Փարիզի հոսպիտալում. Ականատեսի պատմություն

October 15, 2014

Նրան չափազանց ուշ բերեցին Փարիզ: Սեն-Լուի հիվանդանոց: Ես չէի ուզում այնտեղ գնալ: Չէի ուզում տես­նել մեռնող Փարաջանովին: Ուզում էի նրան մտապահել այնպիսին, ինչպիսին կար փայլուն, սրամիտ, եոանդուն՝ ինչպես բոցը, ինչ­պես կենարար լույսը, որ ձգում էր մարդկանց՝ ասես լույսի վրա նետվող թիթեռնիկների:
Ոք ոք չէր կարող առանց թույլտվու­թյան մտնել Փարիզի Սեն-Լուի հիվան­դանոց: Բայց Փարաջանովի շուրջ բազ­մաթիվ մարդիկ կային: Ինչպես միշտ: Ապշեցուցիչ էր և զարմանալի: Մեկը նկարահանում էր, մյուսը՝ հիվանդին կերակրում, ինչ-որ մեկն էլ հին լուսան­կարներ էր բերել...

Ինչ-որ մեկը հիշեցրեց, որ կերա­կուրը պաղում է: Եվ, ո՜վ փրկություն, գրեթե ուրախացած, հարցրեցի. «Կու­զե՞ք Ձեզ կերակրեմ»: Նա համաձայնեց. ուտում էր իմ ձեռքից, երեխայի պես, ուտում էր դանդաղ, հաճույքով: Հետաքրքրվեցի. «Համե՞ղ է»: Գլխով արեց: Եվ հանկարծ գիտակցեցի, թե ինչ է կատարվում: Վաղուց՝ դեռևս երեք-չորս տարի առաջ, Փարաջանովն ուզում էր, որ իր «Խոստովանություն» ֆիլմում իր մոր դերը խաղամ: Արտա­քինով շատ նման չէի նրա մորը: Բայց Սերգեյն ամենքին ասում էր. «Ի՞նչ կա­րող եմ անել: Երբ Անահիտը ժպտում է, Ես իմ մորն եմ հիշում»: Այդ ծրագիրը չիրականացավ: Ֆիլմում ուրիշ դերա­սանուհի սկսեց խաղալ: Սակայն այս պահին դա չէր կարևորը, այլ այն, որ ճակատագիրն ինձ ստիպեց դա զգալ: Այդ պահին ես իսկապես նրա մայրն էի, և չկար կողքին ավելի մոտիկ մարդ, քան ես, և ոչ ոք նրան այնպես չէր կա­րեկցում, ինչպես ես, ոչ ոք նրան այն­պես չէր սիրում, ինչպես ես: Եվ նա դա զգում էր: Ես նրան ըմպելիք էի տալիս ու ասում.
- Դուք ուզում էիք, որ Ձեր մոր դե՞րը խաղամ... Ահա', խաղում եմ այդ դե­րը...,- ասում եմ և արցունքներս հազիվ զսպում, կոկորդս էլ սեղմվել է:
Գուցե մի քիչ չափազանցում էի, բայց դա նրան դուր էր գալիս: Հրաժեշտի պահին հարցրեցի, թե ի՞նչ բերեմ հաջորդ անգամ, ի՞նչ միրգ է սիրում: Նվիրված, բայց մի տե­սակ չտեսնող հայացքով նայեց ինձ և շշնջաց. «Կաթ»:
Ենթագիտակցությունն էր: Մա՜յր - կա՜թ:
Փարիզում՝ Սեն-Լուի հիվանդանո­ցում, ուզածիդ չափ կաթ կար: Բայց նա հատկապես ինձնից կաթ ուզեց: Այդ դերն ավելի երկար խաղալն ան­կարելի էր դառնում: Շուտափույթ հրա­ժեշտ տալով և խոստանալով նորից այցելել՝ հեռացա...
Գիշերն անհանգիստ էր, ծանր... Այլևս նրա մոտ չգնացի: Վիճակն ավելի ու ավելի էր ծանրանում: Կրկին ասում էին, թե ոչ մեկին չի ճանա­չում (գուցե չէ՞ր ուզում ճանաչել): Ինձ ճանաչեց, չէ՜ր կարող չճանաչել: Հետո պատմում էին, թե արդեն ան­գիտակից վիճակում շտապում են տա­նել Երևան, որպեսզի հասցնի հայրենի­քում մեռնել:
Ասում էին նաև, թե ճոխ ու հանդի­սավոր թաղում է եղել, հայերը թաղել գիտեն... Անձամբ ես ատում եմ թա­ղումները:

NewMag #03