Լեհաստանը ազատվում է ռուսական հետքից. որոշել են ապամոնտաժել Խորհրդային զինվորի հուշարձանները

June 24, 2017

Վարշավան որոշում է կայացրել իր երկրում վերջնականապես վերացնել Սովետական հետքը: Մոտ 500 արձաններ ու արձանախմբեր, որոնք նվիրված են Երկրորդ Համաշխարհային պատերազմում հաղթանակած Սովետական զինվորի հիշատակին, կապամոնտաժվեն ու կուղարկվեն ձուլարան: Որոշումն ամրագրվել է օրենքով ու ընդունվել Լեհաստանի խորհրդարանի պատգամավորների ձայների մեծամասնությամբ՝ 408 կողմ: Դեմ է եղել 7 պատգամավոր, 15-ը ձեռնպահ են:
Առաջարկը խորհրդարան էր մտել 2 ամիս առաջ՝ ամրագրվելու մեկ այլ օրենքում, որն ընդունվել էր 1 տարի առաջ. 2016-ին ապրիլին լեհ խորհրդարանականները նույն ոգևորությամբ օրենք ընդունեցին՝ ըստ որի, երկրի տարածում արգելվում էր կոմունիզմի կամ տոտալիտար այլ համակարգի պրոպագանդան:  Օրենքը պահանջում էր փոխել այն փողոցների, հրապարակների ու կամուրջների անունները, որոնք հիշեցնում են սովետական ժամանակաշրջանը: Օրենքի ա՛յս լրացումը վերաբերվում է հու  շարձաններին: Օրենքն ուժի մեջ կմտնի 3 ամսից, բոլոր հուշարձանները կհանվեն 1 տարվա ընթացում: Ապամոնտաժման աշխատանքների համար լեհական կառավարությունը կհատկացնի 3 մլն. զլոտ (մոտ 1 մլն. դոլար):
Որոշումը սկանդալային չէր դառնա, եթե չընդունվեր հունիսի 22-ին: Այդ նույն օրը Գերմանիան հարձակվեց ԽՍՀՄ-ի վրա, սկսվեց Հայրենական Մեծ պատերազմը: Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությանը բարկացրել է հենց այդ փաստը: Ճիշտ է, լեհական իշխանությունները հայտարարեցին, որ որոշումը հերթական  քայլն է՝ տոտալիտար համակարգի հիշողությունն արմատախիլ անելու և չի վերաբերվում այն տարածքներին, որտեղ թաղված են զինվորների աճյունները, սակայն Մոսկվան Լեհաստանի այս որոշումը համարեց «զոհված զինվորների հիշատակն անարգող ու բացահայտ ծաղրող»:
Ըստ էության, Վարշավան չի մոռացել ԽՍՀՄ-ի նենգ քայլը 1939-ին: 1939 թ. օգոստոսի 23-ին Մոսկվան նացիստական Գերմանիայի հետ գաղտնի համաձայնության եկավ՝  կիսելու Լեհաստանը: Ըստ Մոլոտով-Ռիբենտրոպի պակտի, 1939 թ. սեպտեմբերին Հիտլերը հարձակվեց Լեհաստանի վրա: Գերմանիան զավթեց Բուգ և Սան գետերից դեպի արևմուտք ընկած տարածքը, իսկ ԽՍՀՄ-ը դեպի արևելք գտնվող լեհական հողերը:
Ճիշտ է, հետո Հիտլերը նաև որոշեց հարձակվել ԽՍՀՄ-ի վրա՝ խախտելով Ստալինի հետ ձեռք բերված համաձայնությունը: 1941 թվական, հունիսի 22. հենց այդ չարաբաստիկ օրն էլ Գերմանիան ներխուժեց ԽՍՀՄ տարածք:
Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտին Սովետական բանակը եվրոպական մի շարք երկրներում հանդես եկավ ազատարարի կերպարով: Սակայն Համաշխարհայինից հետո Լեհաստանը հայտնվեց Մոսկվայի ազդեցության տակ.  ԽՍՀՄ-ն իրեն պահեց 1939 թվականի սեպտեմբերին Լեհաստանից խլած գրեթե բոլոր հողերը:
Հիմա Լեհաստանը Եվրամիության անդամ է (2001 թ.-ից): Լեհաստանի ներկայիս սահմանները նույն են, ինչ ձևավորվել են Երկրորդ աշխարհամարտից հետո։ Տարածքներ կորցրած Լեհաստանը ընդամենը որոշել է այս կերպ պատասխան տալ Մոսկվային: Սակայն հարցն այլ է, ինչու հիմա՝ ԽՍՀՄ-ի փլուզումից 30 տարի հետո: Եվ վերջապես՝ պատահականությո՞ւն է քվեարկությունն անցկացնելը հենց հունիսի 22-ին: