Ինչո՞ւ եմ ես խաբում ընկերներիս և չեմ գնում քեֆի, փաբ կամ բլոտ խաղալու

July 3, 2016

Հուսով եմ իմ ընկերները այս հոդվածը չեն կարդա: Այնպես չէ, որ newmag.am-ը ոչ պոպուլյար է, ուղղակի նրանք սովորաբար ինձ չեն կարդում, ոչ էլ դիտում են մեծ հաշվով: Իմ կարիերայի հավաքական և չփոփոխվող հասցեն` Հայլուրն է: Ես աշխատում եմ Հայլուրում` լինի դա Հանրայինը, Արմնյուզը կամ Արմենիան: Ամենայն հավանականությամբ նրանք նկատի ունեն հեռուստալրատվությունը:
Ու հենց հեռուստալրագրող լինելու և չնորմավորված գրաֆիկ ու զբաղվածություն ունենալու հանգամանքով եմ ես պայմանավորում իմ բացակայությունները քեֆերից, հավաքներից, բլոտ խաղալուց, միասին ֆուտբոլ նայելուց: Ես բացակայում եմ, որովհետև սովորաբար «հիմա խառն եմ, չեմ կարող բացատրել հեռախոսով»,«ժողովի, հեսա քեզ կզանգեմ»,«հանդիպման եմ, հենց ավարտեմ, միանգամից գալիս եմ»:
Դրանց մի մասն այդպես է, մյուսները` չափազանցություն, մի մասն էլ պարզապես սուտ: Անհնար է բացատրել, որ 14-ժամյա գրաֆիկից հետո դու ուղղակի էներեգիա չունես նույնիսկ տեղաշարժվելու, ուր մնաց ուշ երեկոյան գարեջուր խմելու: Բայց պարզվեց, ես միայնակ չեմ իմ արդարացումներում և ստերում: Ավելին, պարզվում է, իմ բացակայությունները, վիճակագրորեն և հետազոտությունների համաձայն, տարածված են, նաև` շատ մտահոգիչ:
Բացատրեմ, ինչու:
Ուրեմն:
Վերջերս ԱՄՆ-ի Աշխատանքի վիճակագրության Բյուրոն հրապարակել է ամենամյա հետազոտություն, թե ինչպես են մարդիկ ծախսում իրենց թանկարժեք ժամանակն իրենց կարճ կյանքում:
Մարդիկ ամենաշատը քնում են (գրեթե 9 ժամ օրական), աշխատում (մոտավորապես 8 ժամ), եւ հեռուստացույց դիտում (3 ժամ): Մոտ 40 րոպե էլ միջինը օրվա ընթացքում ծախսում են այլ մարդկանց հետ շփվելու համար: Հենց ֆիզիկական շփումը վերջին տասը տարում նվազել է 9 %-ով:
Եվս մեկ ուսումնասիրություն է արել YelpEat24-ը, որը ըստ էության ամերիկյան menu.am-ն է` պատրաստի սննդի առաքման կայք է: Պարզվում է, ընկերությունը կատարել է հետազոտություն, ըստ որի ամերիկացիները գնալով նախընտրում են ուտել տանը, քան դրսում:

FOMON-ն ընդդեմ POMO-ի


Ժամանակակից ամերիկյան հոգեբանության ամենապոպուլյար բառակապացությունները փոխվում են: Նախկինում ամերիկացիները տառապում էին FOMO-յով (the Fear of Missing Out, այսինքն ինչ որ բանից բացակայելու վախ), հիմա հակառակը, ամերիկացիների մեծ մասի մոտ POMO է (the PLEASURE Of Missing Out, երբ քեզ լավ ես զգում, որ չես գնացել կամ բացակայել ինչ որ միջոցառումից):
Ըստ ուսումնասիրության, մարդկանց գրեթե 30 տոկոսը հիասթափված է քեֆերից, փաբային հավաքներից ու կորպորատիվներից, ավելի քան մեկ երրորդը ավելի շատ ստրես է զգում, քան հաճույք, գումարած հարբուխներն ու հնարավոր վեճերը: Այդ պատճառով մարդկանց ավելի քան 80 տոկոսը խոստովանել է, որ իրականում ստել է` հրավերը մերժելու կամ քեֆին, հավաքին չմասնակցելու համար:
Չգնալու պատրվակները բոլորին են հայտնի` երեխաս հիվանդ է, երկար եմ աշխատում, շեֆս կանչել է, ժողովի եմ, վատ եմ զգում: Հասկանալի է, որ այդ ստերը պետք է լինեն հիմնավոր, որ պահպանեն սոցիալիզացիան հնարավորինս ոչ ցավոտ: Այդ ստերը անհրաժեշտ են սոցիալական փոխազդեցությունը դիստանցիայի վրա, բայց կենդանի պահելու համար:
Ինչու մարդիկ պարզապես չեն ասում ճշմարտությունը: Դե, ըստ YelpEat24-ի, մարդիկ չեն գնում քեֆի / հավաքի / փաբ / կորպորատիվի, որովհետև այդ ընթացքում զբաղված են

  1. Հեռուստացույց նայելով

  2. Հանգստանալով կամ ննջելով

  3. Տանը ճաշելով

  4. Ժամանակ անցկացնելով կնոջ/ամուսնու հետ

  5. ժամանակ անցկացնելով երեխաների հետ

  6. Կարդալով

  7. Երաժշտություն լսելով

  8. Տանը բզբզալով

  9. Խմելով

  10. Վիդեոխաղեր խաղալով


Հասկանալի է, որ երբեք պետք չէ ափսոսալ ժամանակը, որ ծախսում ես երեխաների կամ սիրած մարդու վրա: Բայց Vice.com-ի հեղինակը, որը և ներկայացրել էր այս տվյալները, անկեղծորեն զարմանում է` ի՞նչ է նշանակում քեֆի չգնալ, որովհետև երաժշտություն ես լսում կամ տանը բզբզում ես: Դա ո՞րն է:
Ըստ Աշխատանքի վիճակագրության բյուրոյի, ամերիկացիները ավելի քիչ ժամանակ են հատկացնում երեխայի խնամքին, աշխատանքին և մարդկանց հետ շփվելուն և ավելի շատ ժամանակ են վատնում ինտերնետի և հեռուստացույցի վրա (այստեղ պետք է նկատել, որ«ես հեռուստացույց չեմ դիտում» արտահայտությունը վաղուց վերածվել է դեբիլոտության առաջին ախտանշանի, որովհետև նույնիսկ Youtube-ը և Torrentn-ները ներկայացնում են հեռուստապրոդուկցիա: Խնդիրն ընդամենը էկրանի չափի մեջ է):
Այս վիճակագրության թերևս միակ սփոփող փաստն այն է, որ այդպես են վարվում շատերը: Ընդ որում ոչ միայն ամերիկացիները: Ալարկոտությունն ու անկեղծ լինելու անընդունակությունը մյուսների և գուցե ինքներս մեր հետ, ցույց են տալիս, որ սա մեկ մարդու կամ առանձին մասնագիտության կամ ազգության մարդկանց խնդիր չէ: Սա համընդհանուր սիպտոմ է, որը հասարակությանն աստիճանաբար տանում է լեթարգիական քուն:
Որքան էլ տարօրինակ է, բայց ապրելու համար ջանք է պահանջվում և պլանավորում: Պլանավորել շաբաթն այնպես, որ ժամանակ ունենաս և ընտանիքի և երեխաների, և սպորտի և ընկերների համար: Թվում է, պարզ բանաձև է, բայց որքան դժվար է այն կյանքի կոչել, երբ դրա փոխարեն կարող ես գնալ տուն, ընթրել կամ մի 3-4 սերիա The Walking Dead նայել կամ որևէ այլ սերիալ: Ըստ ճաշակի:
Ի դեպ, նախընտրում եք սերիալները գոնե սրանք նայեք: Դիանան է ընտրել, ճաշակով է: Հիմա դրանցից մեկն եմ ավարտում: