Հայաստանում 86 տոկոսն օգտագործում է համակարգչային ոչ արտոնված ծրագրեր

August 4, 2017

Հայաստանում կեղծ և ոչ արտոնագրված համակարգչային ծրագրերի օգտագործման թիվը բավական բարձր է:
BSA կազմակերպության անցած տարվա տվյալներով՝ Հայաստանն աշխարհում կեղծ, չարտոնված ծրագրեր օգտագործող երկրների շարքում 3-րդն է, զիջում է՝ Վենեսուելային և Զիմբաբվեին: Այս մասին «Ամերիկայի ձայն»-ին ասել է «Microsoft» ընկերության հայաստանյան գրասենյակի ղեկավար Լիանա Կորկոտյանը:
Հայաստանում համակարգչից օգտվողների 86 տոկոսը, նրա խոսքով, օգտագործում են հենց կեղծ է և ոչ արտոնագրված ծրագրեր, ինչն ունի մի շարք բացասական հետևանքներ:
«Հենությունը լրջորեն ազդում է երկրի վարկանիշի վրա, մասնավորապես օտարերկրյա ներդրումների համատեքստում, քանի որ միշտ ուշադրություն են դարձնում հեղինակային իրավունքի պաշտպանության և հենության ցուցանիշներին, ինչպես նաև առաջացնում է տարբեր կիբերռիսկեր»,- հայտարարել  է Լիանա Կորկոտյանը:
Նա շեշտել է, որ հարկավոր է մեծացնել մարդկանց իրազեկումը և բացատրել նրանց, թե ինչու է վտանգավոր չարտոնագրված ծրագրերի կիրառումը:
Տարածաշրջանում և հետխորհրդային երկրներում Հայաստանն առաջատար է ոչ արտոնագրված ծրագրերի օգտագործման ցուցանիշով: Տարածաշրջանի մի շարք երկրներ, ներառյալ Վրաստանն ու Ռուսաստանը զգալիորեն բարելավել են իրենց ցուցանիշներն այս առումով, ուստի հայաստանյան գրասենյակի տնօրենը կոչ է անում անցում կատարել արտոնագրված ծրագրերի, որով կապահովվի օգտատերերի այսօր այդքան արդիական դարձած կիբերանվտանգությունն ու կնվազի հենության ցուցանիշը Հայաստանում: