Աշխարհի ամենահարուստ մարդկանց կարողությունը հավասարվել է աշխարհի բնակչության կեսի կապիտալին

January 18, 2017

Աշխարհի 8 ամենահարուստ մարդկանց կարողությունը համապատասխանում է մոլորակի չքավոր բնակչությանը ընդհանուր կարիքներին: Այս մասին են վկայում Oxfam բարեգործական կազմակերպության անցկացրած հետազոտության տվյալները:
 8 ամենահարուստ մարդիկ են՝


  • Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսը (ակտիվների զուտ արժեքը՝ 75 մլրդ դոլար),

  • Inditex-ի նախկին նախագահ Ամանսիո Օրտեգան, որին պատկանում է Zara հագուստի խանութների ցանցը (67 մլրդ դոլար),

  • ամերիկացի ձեռնարկատեր Ուորեն Բաֆեթը (60.8 մլրդ),

  • մեքսիկացի գործարար Կարլոս Սլիմը (50 մլրդ),

  • Amazon-ի ղեկավար Ջեֆ Բեզոսը (45.2 մլրդ),

  • Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը (44.6 մլրդ),

  • Oracle կորպորացիայի ղեկավար Լարի Էլիսոնը (43.6 մլրդ)

  • Մայքլ Բլումբերգը (40 մլրդ):


«Վրդովեցուցիչ է, որ այդ միջոցները կենտրոնացած են ընդամենը մի քանի մարդու ձեռքում, երբ աշխարհում յուրաքանչյուր 10-րդը ստիպված է գոյատևել օրական 2 դոլարից էլ պակաս գումարով: Անհավասարությունը նպաստում է նրան, որ հարյուր միլիոնավոր մարդիկ գտնվում են չքավորության ծուղակում: Դա փլուզում է մեր հասարակությունները և խարխլում ժողովրդավարությունը»,- ասել է կազմակերպության գործադիր տնօրեն Ուիննի Բյանիման:
Հետազոտությունը նաև ցույց է տվել, որ առաջիկա 25 տարիներին աշխարհում կարող է ի հայտ գալ առաջին տրիլիոնատերը: Oxfam-ի հաշվարկներով՝ 1 տրլն դոլարը ծախսելու համար անհրաժեշտ է 2738 տարի օրական ծախսել 1 մլն դոլար:
Ըստ Oxfam-ի՝ այսօր 10 մարդուց 7-ն ապրում է այնպիսի երկրում, որտեղ վերջին 30 տարում եկամուտների անհավասարությունն աճել է: Ընդ որում, ըստ կազմակերպության կանխատեսման, կպահանջվի շուրջ 170 տարի, որպեսզի կանանց աշխատանքը գնահատվի տղամարդկանց հավասար: