Ինչպես կխաղա Ռոբերտ Արզումանյանը քիչ փողով

September 23, 2014

առաջին հոնորարը
Կաշվե գնդակի հետ ընկերացա բավական հասուն տարիքում, դե, այսինքն` չեմ կարող ասել, որ դեռ չէի քայլում, բայց արդեն ֆուտբոլ էի խաղում: Ոչ, մեծ եղբայրս էր շատ խաղում, ես էլ կողքից վազվզում էի, հետո, ավելի ու ավելի... մինչև այդ վազքն ինձ բերեց ազգային հավաքական: Հիշում եմ. երբ առաջին հոնորարս ստացա.. հագուստ գնեցի ու այդ նույն օրն էլ հասկացա, որ փողը միշտ քիչ է լինում:
լիակատար երջանկություն
Եթե հենց հիմա մի կախարդական փայտիկ հայտնվեր, ու մի ցանկության հնարավորություն ունենայի, հաստատ փողը չէ, որ կուզեի: Հենց հիմա ու շատ ուժեղ միայն մի բան կուզեի` խաղալ «Բարսելոնայի» կազմում: Սա իմ երազանքի թիմն է: Թեև առաջին ֆուտբոլիստը, որ հայտնվեց իմ սենյակի պատին, Ռոնալդոն էր: Իսկ հիմա այլ կուռք ունեմ: Մալդինին է: Պաոլոյի հետ մի օր անպայման ձկնորսության կգնամ, նրան շատ եմ սիրում, լավագույն ֆուտբոլիստն է: Ֆուտբոլի աշխարհի առաջնության ժամանակ Զիդանի «գոլը» Մատեռացցիի կրծքին... սխալ էր, այդպես չէր կարելի,բայց ես էլ նույն կերպ կվարվեի: Գիտեմ, որ այն օրը, երբ դառնամ բարձր վճարվող, հայտնի ֆուտբոլիստ, ստիպված կլինեմ շատ գայթակղությունների դիմագրավել` մեծ փողերին, փոքր ինտրիգներին, ո՞վ գիտի, գուցե աստղային հիվանդությամբ էլ տառապեմ: Գիտեմ, դափնիները փշոտ են: Բայց կարծում եմ՝ պատրաստ եմ... կարծում եմ կկարողանամ... հավատում եմ, որ կստացվի:
թերահավատ մի ժպտա
Չերչիլն ասում էր. «Հեռատես չէ նա, ով շատ հեռուն է նայում»: Իսկ ինչո՞ւ ես զարմանում: Կարծում էիր ոտքերո՞վ եմ մտածում: Այս տարի եմ ավարտել տնտեսագիտականն ու միշտ աշխատում եմ միտքս էլ մարզել: Բայց ֆուտբոլային հաշիվը, այն էլ հաղթական, նախընտրեցի բոլոր հաշվարկներից: Ու հիմա ինքնամոռաց աշխատում եմ: 99 % աշխատանք +1 % տաղանդ, սա է ֆուտբոլիստ դառնալու գրավականը: Այդ պատճառով էլ որոշել եմ ինձ առայժմ հեռու պահել կյանքի հաճույքներից: Հիմա եթե տրվեմ դրանց, շատ բան կկորցնեմ: Իհարկե դժվար է: Երիտասարդ տղա եմ, ուզում եմ ընկերների, ընկերուհիների հետ գնալ ուրախանալու, պարելու, խմելու... բայց... Չէ°, այնպես չի, որ աբեղայի կյանքով եմ ապրում, ուղղակի միշտ զգոն եմ, երբեք պարապմունքի հաշվին չեմ գնա զվարճանալու: Բայց օրինակ, եթե ընկերոջս պետք լինի, որ իր կողքին լինեմ, ես էլ, պարզվի, շատ կարևոր խաղի պետք է գնամ, ընկերոջս չեմ թողնի: Եթե նույնիսկ դրանից հետո զրկվեմ ամեն ինչից: Թերահավատորեն մի ժպտա... այդպես եղել է:
մարզադաշտում ՝ ինչպես թատրոնում
Երկրպագուները շատ կարևոր են, առանց նրանց ֆուտբոլ չկա: Ճիշտ է, խաղի ժամանակ մոռանում ես ամեն ինչ, նույնիսկ անունդ: Բայց եթե մի պահ պատկերացնում եմ, որ տրիբունաները դատարկ են, ոչ ոք չի սուլում, բղավում, քաջալերում ու հայհոյում... սարսափում եմ: Գնդակը, դու և հակառակորդը` դեռ ֆուտբոլ չէ, երկրպագուն է պարտադիր: Ինչպես թատրոնում. պատկերացրու դերասանը բեմին է, իսկ դահիլիճում միայն դատարկ աթոռներն են: Չի լինի, չէ՞:
աղջիկների մասին
Խաղից հետո երբեմն գերհոգնում եմ, բայց հոգնել... մեծ առումով, դեռ շատ վաղ է: Դեռ չեմ կարող ինձ նման բան թույլ տալ, ա′յ, մի 30 տարի հետո կարելի է: Հիմա շատ կարևոր է կանոնակարգված կենսակերպը: Օրական 2 ժամ մարզվում եմ, ռեժիմով սնվում, չեմ ծխում, խմում եմ միայն լավ խաղից հետո: Ռեժիմը շատ կարևոր է: Օրինակ ՙՄանչեստեր-Յունայթիդը՚ պայմանագրում հատուկ կետ ունի, որտեղ նշված է, որ խաղից երկու օր առաջ ֆուտբոլիստներին խստիվ արգելվում է գնալ գիշերային ակումբ: Մեզ մոտ նման բան դեռ չկա, այսինքն՝ առայժմ առաջնորդվում ենք չգրված օրենքներով:
երկու սեւ կատու
Փորձում եմ մինչև վերջ հասցնել սկսածս գործը: Օրինակ, մի անգամ խաղից առաջ, երբ տնից դուրս եկա, երկու սև կատու կտրեցին իմ ճանապարհը: Մի պահ մտածեցի` վատ նշան էր... ուրիշ ճանապարհով գնամ... Բայց ինքս էլ գիտեի, որ ոչ մի դեպքում այդպես չեմ անի, դեռ մի բան էլ ծիծաղեցի...
կյանքի իմաստը
Հաճախ մտածում եմ. իսկ ի՞նչ կլիներ, եթե ընդհանրապես փող չստանայի: Կկարողանայի՞ արդյոք նույն եռանդով աշխատել: Չգիտեմ... երևի ոչ: Ճիշտ է հիմա խաղում ենք ավելի բարձր նպատակների համար, ու փողը չէ, որ ամենակարևորն է. հիմա անվան համար ենք խաղում: Բայց միևնույն է, եթե փող չստանամ կամ ավելի քիչ ստանամ, հաստատ նույն կերպ չեմ խաղա, որքան էլ սիրեմ իմ գործը: Իսկ ես շատ եմ սիրում ֆուտբոլը. այն իմ կյանքի ամենակարևոր, գուցե միակ իմաստն է: Ֆուտբոլիստներ կան, որ նույնիսկ մեծ սպորտը թողնելուց հետո չեն կարողանում հրաժարվել գնդակից... երևի ես էլ այդպիսին կլինեմ: Բայց, իհարկե, հիմա այդ մասին չեմ մտածում, հիմա շատ մեծ նպատակներ կան, բարձունքներ, որ անպայման պետք է նվաճեմ: Ու եթե շատ մտածեմ «հետո»-ի մասին, ոչինչ էլ չի ստացվի: