Shutdown. Ինչպե՞ս է «անջատվել» ամերիկյան կառավարությունը

January 20, 2018

Կառավարության գործունեությունը անխափան ապահովելու համար ամեն տարի Կոնգրեսը պետք է ընդունի երկրի բյուջեն: Դա նշանակում է, որ ծախսերի ու եկամուտների, կրճատված ու նոր ծրագրերի շուրջ երկար ու ծանր բանակցություններ և բանավեճեր են ընթանում: Այս անգամ Թրամփի նախաձեռնություններից մեկն այնքան աղմուկ է բարձրացրել, որ դեմոկրատները հրաժարվել են հաստատել բյուջեն: Սենատում անհրաժեշտ է 60 ձայն, մինչդեռ հանրապետականներն ունեն միայն 51-ը: Արդյունքում՝ բյուջեն չի ընդունվել, ինչը նշանակում է, որ կառավարությունը ֆինանսավորում չունի ու դադարում է աշխատել մինչև բյուջեի ընդունումը:
Խառնաշփոթի պատճառը Թրամփի միգրացիոն նախաձեռնությունն է: Նա ցանկանում է չեղարկել Օբամայի հաստատած միգրացիոն ծրագիրը, որի միջոցով կառավարությունը աջակցում է ԱՄՆ-ում հայտնված գաղթականներին: Դեմոկրատների համար սա անընդունելի է, նրանք պնդում են, որ Ամերիկան ինքնին գաղթականների երկիր է և անհնար ու անիմաստ է դադարեցնել նրանց հոսքը ԱՄՆ: Թրամփը պնդում է, որ պետությունը անիմաստ միջոցներ է վատնում ապօրինի ներգաղթյալների վրա, ինչը վտանգում է երկրի անվտանգությունը և անարդարություն է ԱՄՆ քաղաքացիների նկատմամբ: Եթե բյուջեն հաստատվի առանց այս ծրագրի, ԱՄՆ-ից կվտարվի 700 հազար մարդ:



Կարդացեք նաև.



Կառավարական քաոսը, ուշագրավ զուգադիպությամբ, տեղի է ունեցել Դոնալդ Թրամփի նախագահության 1-ամյակի օրը՝ հունվարի 20-ին: Սպիտակ տանը դեմոկրատների դիրքորոշումը անվանել են «անհաջողակների վարքագիծ»: Ինչևէ, փոխզիջման հասնել չի հաջողվել և կառավարությունը «անջատվել» է անորոշ ժամանակով:
Օբամայի ժամանակ նույնպես գրանցվել է մեկ «Shut down»: Այն ժամանակ հակառակն էր՝ հանրապետականներն էին կաթվածահար արել երկրի բյուջեն, քանի որ դեմ էին Օբամայի առողջապահական ծրագրին: Ի վերջո հարցը լուծվեց փոխզիջումային տարբերակով: