Հայաստանին պե՞տք է Մարզահամերգային համալիրը

February 27, 2016

Մարզահամերգային համալիրը Խորհրդային Միության փլուզումից հետո ձեռքից ձեռք է անցնում, բայց այն այդպես էլ իր տիրոջը չի գտնում: Վերջինը Կոմիտասում, երկուսենյականոց մի բնակարանում հապճեպ գրանցված ՆՏԱԱ Ինվեստմենտ ՍՊԸ ընկերությունն էր, որ գնեց ՄՀՀ-ն, սակայն կազինո ու սաունա կառուցելու պարտավորությունը չկատարեց, ու կառավարությունը 2016-ի փետրվարին հետ վերցրեց համալիրը:



[ Իրականում` ոչ ] Արդյո՞ք անհրաժեշտ է քանդել «Զվարթնոցի» կլոր մասնաշենքը





Մարզահամերգայինը դրանից առաջ Պաշտպանության նախարարության հաշվեկշռի վրա էր, դրանից էլ առաջ ԲԱՄՕ ընկերությունն էր գնել, բայց այդ ընկերությունն էլ չկարողացավ շահագործել: Դատական երկար պրոցեսներից հետո կառավարությունը համալիրը հետ վերցրեց ու փոխանցեց քիչ թե շատ կայուն բյուջե ունեցող Պաշտպանության նախարարության հաշվեկշռի վրա:
Հիմա կրկին համալիրի ճակատագիրն անորոշ է: Կգտնվի՞ գնորդ, կանցկացվի՞ մրցույթ, թե՞ այն կմնա կառավարության հաշվեկշռի վրա:
Խորհրդային Միության գրանդիոզ այս կառույցը կարծես բեռ է դարձել ու մնացել անկախ Հայաստանի կառավարության կոկորդին:

Մարզահամերգային համալիրը Հայաստանին պետք է, որովհետև ամենից առաջ այն Խորհրդային Հայաստանի ճարտարապետության գլուխգործոցներից մեկն է, պատմամշակութային հուշարձան: Այս տեսակ կառույցները վերջին շրջանում մեկը մյուսի հետևից քանդում են, քանդվում են կամ քանդման եզրին են` Երիտասարդության պալատը հիշողություն է, «Զվարթնոցի» կլոր մասնաշենքի քանդման համար էլ գուցե հաջորդ գիշերահավասարին են սպասում:
Համալիրը պետք է Հայաստանին, որովհետև միջազգային մեծ միջոցառումներ կազմակերպելու ուրիշ կառույց չկա Հայաստանում:

Օրինակ` անցած տարի Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների հիմնական մասը որտե՞ղ պետք է արվեր, եթե ոչ` համալիրում: Կամ Բոլոնյան միջազգային համաժողովը կրթության նախարարության դահլիճո՞ւմ էին անելու, եթե չլիներ Մարզահամերգայինը:
Համալիրը Հայաստանին պետք է, որովհետեւ առանց այդ էլ Հայաստանում մշակութային ու մարզական միջոցառումներ քիչ են: Այն միակ վայրն է, ուր հնարավոր է բերել, լսել միջազգային աստղերի: Համալիրի պահպանումն ու գործարկումը ազգային արժանապատվության հարց է, որովհետև սա այն կառույցն է, որ հարևան երկրները կերազեին ունենալ:

Բայց Հայաստանին պե՞տք է Մարզահամերգային համալիրը: Իրականում` ոչ:


Բանն  այն է, որ ՄՀՀ-ն միայն Հայաստանի համար չէր նախատեսված` այն համամիութենական նշանակության կառույց էր: Համալիրը կառուցել է Մոսկվան, գումարը տվել է Մոսկվան և Մոսկվան էլ պետք է լիներ շահագործողը: Այսինքն համալիրը կառուցվում էր այն հաշվարկով, որ Խորհրդային Միությունը հավերժ էր, և եկամտաբերությունն ամենակարևոր հատկանիշը չէր գաղափարականացված կայսրությունում:


Ի սկզբանե պարզ էր, որ երեքմիլիոնանոց Հայաստանի համար Մարզահամերգային համալիրի նման գրանդիոզ կառույցը անտանելի մեծ էր ու ժամանակակից տերմինաբանությամբ ասած ոչ շահութաբեր` անգամ Խորհրդային Միության համար: Այնպես, ինչպես «Նաիրիտ», «ԵրԱԶ», «Հայէլեկտրո» գործարանները, որոնք Խորհրդային տերության փլուզումից հետո մեկը մյուսի հետևից պարտքերի մեջ թաղվեցին ու լուծարվեցին: Այսինքն` կայսրության փլուզումից հետո այլևս անհնար էր պահել այն գիգանտային նախագծերը, որոնք ԽՍՀՄ տարիներին հպարտություն էին առաջացնում:


[ Իրականում` ոչ ] Հնարավո՞ր էր ԵԽԽՎ-ում կանխել հակահայկական բանաձևը





Մարզահամերգային համալիրը` լինելով 20-րդ դարի եզակի պատմամշակութային կառույց, իրականում բեռ է դարձել չնչին բյուջե ունեցող անկախ Հայաստանի համար:
Միայն շինությունը պահպանելու ծախսը ամսական 100 հազար դոլար է: Ճեմասրահի լույսերը մեկ ժամ միացնելու դեպքում հոսանքի վարձը մոտ 1000 դոլար է: Հենց դա է պատճառը, որ այն  խանդավառությամբ գնում են ու ճարահատյալ վաճառում:

ԲԱՄՕ ընկերությունը միլիոնավոր դոլարների ներդրում արեց Համալիրը վերականգնելու համար, բայց ոչ մի օր շահույթով չաշխատեց: ՆՏԱԱ ԻՆՎԵՍՏՄԵՆՏ ԳՐՈՒՊ ՍՊԸ-ն չհասցրեց նույնիսկ իր պարտավորությունները կատարել, ու համալիրը կրկին հենվեց քիչ թե շատ կայուն բյուջե ունեցող Պաշտպանության նախարարության ֆինանսների վրա:
Իրականում համալիրը կարող է աշխատել ու եկամտաբեր լինել միայն մի դեպքում, եթե դառնա ամենօրյա ռեժիմով աշխատող կառույց:

ՆՏԱԱ ԻՆՎԵՍՏՄԵՆՏ ԳՐՈՒՊ ՍՊԸ-ն միակն էր, որ ելք էր փորձել գտնել, բայց խնդրին մոտեցել էր բոլորովին այլ տեղից` հարակից տարածքը դարձնել կազինո, սաունա ու առևտրի կենտրոն, որի եկամուտով պարզապես հնարավոր կլիներ համալիրի պահպանման ծախսը հոգալ: Բայց համալիրը չէր դառնալու եկամտաբեր ու սկսելու էր խժռել այդ ընկերության բյուջեն: Կառավարությունը գուցե ժամանակավոր լուծում էր գտել` համալիրի պահպանման բեռն իր ուսերից թոթվելու համար: Այժմ հերթը հաջորդինն է:

Հիմա` Հայաստանին պե՞տք է մարզահամերգային համալիրը


Համալիրը Հայաստանին պետք է իր պատմական ու ճարտարապետական արժեքով: Կառավարությունը պետք է առաջնորդվի ոչ թե ժամանակավոր լուծումներով, ինչպես հիմա է արվում, այլ հստակ ու երկարատև ծրագրով: Վստահաբար մեկ առանձին ընկերություն չի կարող միայնակ գլուխ բերել այդպիսի նախագիծ:


[ Իրականում՝ ոչ ] Նորմա՞լ է, որ Արմեն Աշոտյանը քաղաքական հաղորդում է վարում





Համալիրը արդյունավետ կառավարելու համար պետք է այստեղ տարվա մի մասն անցկացնել միջազգային սպորտային միջոցառումներ, մյուս մասը` համերգային ծրագրեր, որոնց համար միայն Հայաստանի բնակչությունը բավարար չէ:
Այսինքն Համալիրը պետք է դառնա ռեգիոնալ մի կենտրոն, որտեղ անցկացվող միջոցառումների տոմսերը գոնե կես տարի առաջ կգնեն Վրաստանի, Իրանի արևմուտքի, Թուրքիայի արևելքի, Ռուսաստանի հարավի բնակիչները:

Դրա համար օդանավի տոմսերի գները չպետք է լինեն աստղաբաշխական թվեր, պետք է երկաթուղի աշխատի, ավտոբուսային ցանց: Երևանի հյուրանոցները պետք է կարողանան ամեն օր սպասարկել տասնյակ հազարավոր այցելուների: 20-րդ դարում կառուցված Համալիրի տեխնիակական պայմանները պետք է համապատասխանեցվեն 21-րդ դարի պահանջներին: Իսկ ծրագրելն ու նախագծելը կառավարության գործն է:
Եթե կառավարությունը չունի Հայաստանի զարգացման գրանդիոզ ծրագիր, գրանդիոզ շինությունները կառավարության համար կմնան բեռ, ու մի գեղեցիկ գիշեր կհայտնվեն գրանդիոզ բուլդոզերի գերակա շահի թրթուրների տակ: