Տեղի ունեցավ «Թքել ենք բոլորս» գրքի շնորհանդեսը (տեսանյութ)

February 28, 2020

«Մեկ ամիս Newmag-ի հետ» միջոցառման շրջանակում «Զանգակ» գրատանը կայացավ Մարկ Մենսոնի «Թքել ենք բոլորս» գրքի շնորհանդեսը:

Ճանապարհը դեպի 7-րդ երկինք ապահովում են  թքած ունենալու և հույսը չկորցնելու նուրբ արվեստները: Newmag-ը ներկայացնում է տարվա գլխավոր հիթը. հայերեն է թարգմանվել Մարկ Մենսոնի՝ «Թքել ենք բոլորս. հույսը չկորցնելու նուրբ արվեստը» գիրքը:

Գիրքը թարգմանել են Սերգեյ Սարգսյանն ու Նարեկ Մարգարյանը:  Նրանք եղել են  նաև «Թքած ունենալու նուրբ արվեստը» գրքի թարգմանիչները: Պնդում են, որ  երկրորդ գրքում  իրավիճակներն են ուրիշ, բայց էմոցիոնալ ու էներգետիկ դաշտը նույնն է:

«Թքել ենք բոլորս» գիրքը Մենսոնը գրել է 2 տարում: Հեղինակը ավելի քան 18 ամիս հետազոտություն է արել, 3 անգամ սկսել է նորից, տեքստը  վերախմբագրել է 6 անգամ: Հայերեն տարբերակը խմբագրել է Գնել Նալբանդյանը: Նա կարծում է, որ այս գիրքը հայ ընթերցողին կօգնի ազատվել կոմպլեքսներից:

Newmag-ի թիմը մանրակրկիտ մշակել է յուրաքանչյուր դետալ: Երկար են մտածել յուրաքանչյուր տողը, անգամ բառը ընտրելիս: Բարդ է եղել նաև վերնագրի ընտրությունը: Մենսոնը վերնագրի 47 տարբերակ է փորձել: Գրքի հայերեն տարբերակում Newmag-ի թիմը փորձել է պահպանել ամերիկյան սլենգն ու լեզվամտածողությունը:

Մենսոնի` հույս չկորցնելու նուրբ արվեստի բանաձևին ընթերցողները երկար են սպասել:Գոհար Նավասարդյանն, օրինակ, գրքի առաջին մասը մի քանի անգամ է կարդացել:

Միջազգային ֆենոմեն, վաճառքի միլիոնավոր օրինակներ և Մենսոնի գիրքը համաշխարհային բեսթսելլեր է: Հայերեն տարբերակը վաճառվում է բոլոր գրախանութներում: