The New Yorker. Պուտինը մեծ ծառայություն մատուցեց ՆԱՏՕ-ին

October 31, 2015

Նախագահ Օբամայի` Էստոնիա այցը և ՆԱՏՕ-ի` Ուելսում կայացած գագաթնաժողովը նոր լիցք հաղորդեցին ԱՄՆ նախագահի որդեգրած արտաքին քաղաքականության նոր մոտեցումներին: Վերջին շրջանում Օբամային ավելի ու ավելի հաճախ էին քննադատում, որ նրա վարչակազմը դեռ չի մշակել Իրաքում ի հայտ եկած «Իսլամական պետություն» կազմակերպության դեմ պայքարի ռազմավարությունը:

«Ժամանակն է, որ պարոն Օբաման ասի, թե այս նոր վտանգի դեմ ինչ կարող է անել ԱՄՆ-ն»,- գրում է «Վաշինգտոն փոստը»:

«Wall Street» ամսագիրը շտապեց ուկրաինական ճգնաժամում ԱՄՆ նախագահ Օբամային և Գերմանիայի կանցլեր Մերկելին «խաղից դուրս» թողնելու համար «շնորհավորել» Պուտինին. «Նախագահ Օբաման եվրոպացիներին ներքաշեց այս ճգնաժամ, որը մեծ նշանակություն չուներ կամ իմաստ չուներ առհասարակ»:
Օբաման կարող է իր էստոնական և ուելսյան այցերը դիտարկել որպես որոշակի դադար: «Իսլամական պետության» առաջխաղացումն ու Ուկրաինայի հարցում Մոսկվայի քաղաքականությունը նախագահ Օբամայի վարչակազմը դարձրել են հանգամանքների գերի: Այդ հանգամանքները պահանջում են համակարգված արձագանք, սակայն դուրս են Օբամայի վերահսկողությունից: Օբամայի այս այցերի գերնպատակն էր ցույց տալ, որ ԱՄՆ-ն շարունակում է առաջատար մնալ ՆԱՏՕ-ում: Դաշինքի համաշխարհային դերակատարումը վերջին շրջանում սկսել էր իմաստազրկվել, բայց ՆԱՏՕ-ն Պուտինի շնորհիվ կրկին արդարացրեց իր գոյությունը կամ վերաիմաստավորեց այն կամ էլ վերագտավ իր նախկին նշանակությունը:
Օբաման ռուսական ռևանշի շնորհիվ ջերմ ընդունելության արժանացավ Ուելսում: Սպիտակ տան եվրոպական դաշնակիցները մեծ ոգևորությամբ են ընդունում ռազմական պոտենցիալը դեպի արևելք ընդլայնելու գաղափարը: Բալթյան երկրները ռազմական և ռազմատեխնիկական աջակցություն կստանան, կստեղծվեն արագ արձագանքման ուժեր, որոնք ի վիճակի կլինեն 48 ժամում տեղակայվել արևելյան ուղղությամբ: ՆԱՏՕ-ի անդամ պետությունները վերահաստատեցին, որ պատրաստ են անդամ-պետություններից որևէ մեկի դեմ ռազմական ագրեսիայի դեպքում հանդես գալ մեկ և միասնական ճակատով:
Հաշվի առնելով, որ Ուկրաինան ՆԱՏՕ-ի անդամ չէ, դաշինքի նոր միջոցառումները չեն կարող ուղղակի ազդեցություն ունենալ ուկրաինական ճգնաժամի վրա, սակայն ԱՄՆ ազգային անվտանգության խորհրդի Եվրոպայի հարցերով բարձրաստիճան պաշտոնյա Չարլ Կուպչանը համարում է, որ «Times»-ին տված հարցազրույցում Օբաման շատ հստակ մեսիջ էր ուղղել Պուտինին. «Էստոնիայում կամ բալթյան մեկ այլ երկրում ուկրաինական սցենարը կրկնելու կամ ռազմական որևէ միջամտության մասին մտածել անգամ չհամարձակվեք»:
Սպիտակ տունը վստահ է, որ ՆԱՏՕ-ի անդամ բոլոր 28 պետությունները հետևողական կլինեն պայմանավորվածությունները կյանքի կոչելու հարցում:

Նույնիսկ Գերմանիան, որը մի քանի տասնամյակ միլիտարիստական հակումներ չէր դրսևորում, պատրաստ է ֆինանսավորել անվտանգության ամրապնդման նախագծերը:
Ուելսի գագաթնաժողովը բեկումնային դարձավ, ինչը հնարավոր չէր առանց Վլադիմիր Պուտինի: ԽՍՀՄ փլուզումից և սառը պատերազմի ավարտից հետո ՆԱՏՕ-ի գոյության իմաստը մնացել էր օդում: Հարցականի տակ էր դրվում ԱՄՆ պրոտեկտորատի խնդիրը: Կարծես այլևս արդարացված չէր ԱՄՆ տասնյակ ռազմաբազաների և հազարավոր զորամիավորումների ներկայությունը Եվրոպայում` մի աշխարհամասում, որին այլևս չէր սպառնում որևէ ակնհայտ արտաքին վտանգ: Այս խնդրի խորացմանը մեծապես նպաստեցին 1990-ականներին Գերմանիայի վերամիավորումն ու Արևելյան Եվրոպայի երկրների անկախացումը ԽՍՀՄ-ից:
2001-ի սեպտեմբերի 11-ի դեպքերից հետո ՆԱՏՕ-ի գոյությունը վերաիմաստավորվեց, և համաշխարհային ահաբեկչության դեմ պայքարը դարձավ դաշինքի գերխնդիրը: Սակայն ՆԱՏՕ-ի այս նպատակը այնքան էլ լավ չէր աշխատում: Եվրոպական որոշ երկրներ դեմ էին ԱՄՆ առաջնորդությամբ Իրաք ներխուժմանը, անտարբեր էին նաև Աֆղանստան ներխուժելու հարցում, շահագրգռված չէին, որ Լիբիայում, Եմենում և Սոմալիում ռազմական գործողություններ ծավալվեն: Կազմակերպության ներսում պառակտման նշաններ էին ի հայտ գալիս:
ԱՄՆ-ն Եվրոպայի իր դաշնակիցներին մեղադրում էր գլոբալ անվտանգության ծանր բեռն իր հետ չկիսելու մեջ. դաշինքի անդամ պետությունները պետք է իրենց ՀՆԱ-ի 2 տոկոսը ծախսեին անվտանգության համար, սակայն իրականում քչերն էին այդպես վարվում: Եվրոպական երկրների պաշտոնյաները հաճախ նեղսրտում էին, որ ԱՄՆ-ն, օգտագործելով առաջնորդի իր դերը, ավելի է ապակայունացնում իրավիճակն աշխարհում:
Այս տեսանկյունից շատ անորոշ էր երևում ՆԱՏՕ-ի ապագան: 2013 թ. Ատլանտյան խորհրդի հայտարարության մեջ նշված է. «Աշխարհը շատ արագ է փոխվում: Եթե ՆԱՏՕ-ն ի վիճակի չլինի հարմարվել համաշխարհային նոր իրականությանը, ապա շատ մեծ հավանականությամբ կսկսվի ապաինտեգրումը»:
Ճիշտ ժամանակին հայտնվեց վերընտրված Պուտինը` ՆԱՏՕ-ի անդամ պետություններին պարգևելով հենց այն, ինչ նրանց պետք էր` ընդհանուր թշնամու կերպար: Եվ ոչ միայն ընդհանուր, նաև շատ հայտնի: Կրեմլն անեքսիայի ենթարկեց Ղրիմը, որտեղ բնակչության մեծ մասը ռուսամետ էր, և սա արդարացվեց իբրև պատմական անարդարության վերականգնում: Սակայն Ուկրաինայի արևելքում ապակայունացումը, ապստամբներին զենք և զինամթերք մատակարարելը, ԵՄ շահերն ու  պատժամիջոցներն արհամարհելը նոր ավյուն հաղորդեցին տրասատլանտյան դաշինքի շարքերին: Պուտինը վերածնեց սովետական շրջանին և Պետրոս 1-ինին բնորոշ քաղաքականությունը:
«ՆԱՏՕ-ն ինչ-որ առումով պետք է երախտապարտ լինի Վլադիմիր Պուտինին»,- «Los Angeles Time»-ին ասել է Ռազմավարական և միջազգային ուսումնասիրությունների կենտրոնի Եվրոպայի ծրագրի ղեկավար Հիթեր Քոնլին:
Հեռանկարի տեսանկյունից պարտադիր չէ, որ ՆԱՏՕ-ՌԴ թշնամությունը հանգեցնի ՆԱՏՕ-ի համար դրական արդյունքի: Էստոնիան, Լատվիան, Լիտվան միացան ՆԱՏՕ-ի ճամբարին, սակայն սա չնպաստեց տարածաշրջանային անդորրին, այլ ավելի ագրեսիվ դարձրեց Մոսկվային:
Պատմաբանները կարծում են, որ ավելի գործնական քայլեր են հարկավոր Ռուսաստանի ագրեսիվությունը թոթափելու համար: ՌԴ-ին պետք է հնարավորություն տալ երբևէ անդամակցել ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին, քանի որ Ռուսաստանը Եվրոպային ավելի մոտ է, քան ԱՄՆ-ն:
Պուտինիզմն այսօր պիկ է ապրում, թեև դա մնում է Արևելյան Ուկրաինայի ճգնաժամի և օրհասական խնդիրների ստվերում: Այսուամենայնիվ, ԱՄՆ ռազմավարությունը այս խնդրում պետք է Պուտինին և ՌԴ-ին ստիպի ավելի բարձր գին վճարել իր հարևանին քամահրելու համար: Անկասկած, առաջիկա շաբաթների ընթացքում ավելի մեծ ջանքեր կգործադրվեն, ամենայն հավանականությամբ, պատժամիջոցների խստացման տեսքով: Պուտինն իրեն բնորոշ ցուցադրականությամբ շարունակում է պահպանել անդրդվելի մարտիկի կեցվածքը: ԵՄ նախկին բարձրաստիճան պաշտոնյա Խոսե Մանուել Բարոզոյի հետ խոսելիս նա ասել է, որ կարող էր 2 շաբաթում գրավել Կիևը: Եթե ցանկանար:
Գուցե սա ճիշտ է, սակայն լայնածավալ ինտերվենցիան մի՞թե բխում է ՌԴ առաջնորդի շահերից: ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը հաստատ չի լուծի Արևմուտքի խնդիրները Պուտինի հետ, սակայն այն առնվազն հստակ մեսիջ է Պուտինին, թե ինչ հետևանքներ կարող է ունենալ նրա ծավալապաշտական քաղաքականությունը:
Հեղինակ՝ Ջոն Քասիդի
Թարգմանեց Տաթևիկ Գևորգյանը