Թոմաս Էդիսոն. Լավատեսության դասեր

August 19, 2016

Թոմաս Էդիսոնը ընտանիքի վերջին՝ 7-­րդ զավակն էր: Նա ի ծնե թույլ առողջություն ուներ, բավական շուտ սկսել էր կորցնել լսողությունը և դպրոց էլ գնաց տարեկիցներից ավելի ուշ: Երբ մի օր Էդիսոնը դպրոցից տուն վերադարձավ ու մորը փոխանցեց ուսուցչի նամակը, մայրը բարձրաձայն կարդաց այն. «Ձեր տղան հանճար է: Այս դպրոցը չափազանց փոքր է, և այստեղ չկան ուսուցիչներ, որոնք կարողանան նրան որևէ բան սովորեցնել: Խնդրում ենք՝ ինքնուրույն սովորեցրեք նրան»:
Էդիսոնի մայրը նախկին ուսուցչուհի էր և շարունակեց տղային կրթել սեփական ուժերով: Տարիներ անց, երբ ընտանեկան արխիվներում Էդիսոնը գտավ այդ նամակը, տեսավ, որ այնտեղ իրականում գրված էր. «Ձեր տղան մտավոր հետամնաց է: Մենք չենք կարող նրան սովորեցնել մյուս աշակերտներին զուգահեռ: Խորհուրդ ենք տալիս նրան ինքնուրույն սովորեցնել տանը»

Հաջողությունն այն է, երբ քո պատրաստվածությունը համապատասխանում է քեզ բախտ վիճակված հնարավորությանը: 
Թոմաս Էդիսոն

Արդեն 10 տարեկանում Թոմասը սկսեց հետաքրքրվել քիմիական փորձերով և տան նկուղում ստեղծեց իր առաջին լաբորատորիան: Քիմիական փորձերի համար նրան գումար էր հարկավոր, և Էդիսոնը սկսեց գնացքում թերթ ու քաղցրավենիք վաճառել: Ժամանակ չկորցնելու համար նա իր լաբորատորիան տեղափոխեց չօգտագործվող վագոններից մեկը և շարունակեց փորձեր անել հենց գնացքի մեջ:
15 տարեկանում դեպքերի բերումով նա հաջողացրեց տպագրական մեքենա գնել և սկսեց հրատարակել սեփական թերթը ու վաճառել այն գնացքի ուղևորներին: 16 տարեկանում Էդիսոնը սկսեց ուսումնասիրել հեռագրության գործը և 5 տարի աշխատեց որպես հեռագրիչ: 21 տարեկանում, կարդալով Մայքլ Ֆարադեյի «Էլեկտրականության փորձարարական հետազոտություններ» գիրքը՝ Էդիսոնը սկսեց հետաքրքրվել գյուտարարությամբ:
Ամեն ինչ տրվում է նրան, ով հանգիստ չի նստում տեղը ու սպասում: Եթե կան հավակնություններ, ինչպես նաև ցանկություն և ուժ գիշեր ու ցերեկ աշխատելու համար, ապա ամեն ինչ, անգամ ամենահավակնոտ ծրագրերը իրագործելի են մարդու համար: 
Թոմաս Էդիսոն

Շուտով նա ստեղծեց քվեների ինքնաշխատ հաշվիչ Կոնգրեսի համար, սակայն այն ոչ ոքի չհետաքրքրեց։ Այդ պահից սկսած Էդիսոնը որոշեց միայն այնպիսի գյուտերով զբաղվել, որոնք պահանջարկ կունենան: Նրա երկրորդ հայտնագործությունը բաժնետոմսերի տատանվող կուրսը հեռավորության վրա հաղորդելու հեռագրական ապարատն էր, որի համար նա ստացավ դրամական խոշոր պարգև։ Ստացված գումարով նա արհեստանոց հիմնեց Նյուարկում և շարունակեց գիտափորձեր անցկացնել:
Արդեն 1876 թվականին՝ 29 տարեկանում, Էդիսոնը լավ սարքավորված լաբորատորիա կարողացավ ստեղծել, որտեղ հմուտ աշխատակիցների հետ շարունակեց փորձարկել ու կատարելագործել իր ուսումնասիրությունները և վերածել դրանք կոմերցիոն և օգտակար տեխնիկական գյուտերի: Այս լաբորատորիան ժամանակակից գիտահետազոտական ինստիտուտների նախատիպն էր, և շատերը այն ևս համարում են Էդիսոնի մեծագույն հայտնագործություններից մեկը:
Թոմաս Էդիսոնի ամենահայտնի գյուտերից մեկը դարձավ աշխարհում առաջին՝ ձայնի գրանցման և վերարտադրման սարքը՝ ձայնագրիչը (ֆոնոգրաֆը), որը նա ստեղծեց 1877 թվականին: Հենց այս սարքի ստեղծումով դրվեց ձայնագրման բնագավառի հիմքը:
1879 թվականին պատրաստ էր Էդիսոնի առաջին հաջողված շիկացման լամպի մոդելը, որը դարձավ ժամանակակից լամպի նախատիպը: Լամպը Էդսոնի հայտնագործությունը չէր, սակայն նա դարձավ այն լամպի և էլեկտրաբաշխիչ համակարգի ստեղծողը, որոնք կարողացան միասին և խնայողաբար աշխատել: Այդ լամպերով նա ամբողջությամբ լուսավորեց իր հայտնագործությունների լաբորատորիան:
Թոմաս Էդիսոնի շնորհիվ սկսվեց էլեկտրական էներգիայի դարաշրջանը: Նա երազում էր լուսավորել ամբողջ Նյու Յորքը, իսկ հետո՝ նաև ամբողջ աշխարհը: Դա տեղի ունեցավ 1882 թվականի սեպտեմբերի 5-­ին՝ ժամը երեքին: Նույն տարում Էդիսոնը կառուցեց աշխարհում առաջին ջերմաէլեկտրակայանը, մշակեց մի շարք փոխանցման ու չափիչ սարքեր, նախագծեց հզոր գեներատորներ։
Նա բազմաթիվ գյուտեր է կատարել նաև կինոտեխնիկայի, քիմիայի, ռազմական տեխնիկայի և այլ բնագավառներում։ Հենց Էդիսոնն է առաջարկել հեռախոսային խոսակցությունը սկսել «Ալո» խոսքով։ Թոմաս Էդիսոնին ու իր թիմին է պատկանում 1093 հայտնագործություն:
Հանճարը իրենից ներկայացնում է 1 տոկոս ոգեշնչում և 99 տոկոս քրտնաջան աշխատանք: 
Թոմաս Էդիսոն

Տարիների հետ նրա խլությունն էլ ավելի ուժեղացավ, ինչը սահմանափակում էր նրա անձնական շփումները, բայց և ստիպում էր ավելի կենտրոնանալ աշխատանքի վրա: Ալեքսանդր Բելլի հայտանգործած հեռախոսը կատարելագործելիս նա գրեթե ոչինչ չէր լսում, բայց օգտագործում էր ատամները՝ ձայնային ալիքները ներքին լսողական օրգաններին հասցնելով:
Եթե կա տարբերակ ինչ­որ բան ավելի լավ անելու, ապա գտիր այդ տարբերակը: 
Թոմաս Էդիսոն

Էդիսոնը զարմանալի աշխատասիրությամբ ու համառությամբ էր օժտված: 1879 թվականին նա 45 ժամ շարունակ իր օգնականի հետ հետևեց էլեկտրական լամպի մեջ դրված առաջին շիկացած թելին, իսկ Առաջին Համաշխարհային պատերազմի ժամանակ արդեն 70­-ամյա Էդիսոնը, նպատակ ունենալով չափազանց կարճ ժամանակահատվածում հիմնել սինթետիկ կարբոլաթթվի գործարան, առանց հերթափոխի ու լաբորատորիայից դուրս գալու աշխատեց 168 ժամ:
«Թոմասն անընդհատ հայտնագործում է ինչ­որ բան, – ասում էր Էդիսոնի կինը,­ անգամ քնած ժամանակ»: Էդիսոնի բարեկամները նկատել էին, որ նրա քաղաքամերձ ամառանոցի մուտքի դռները մեծ դժվարությամբ են բացվում: Ամեն անգամ ներս մտնողը ստիպված էր լինում մեծ ջանք գործադրել բացելու համար: Նույնիսկ չարախնդում էին՝ ասելով, թե մեծ գյուտարարը կարող էր մի գյուտ էլ իր դռների համար անել: Մինչդեռ իրականում մուտքի դռները կապված էին պոմպի հետ, այնպես որ, ամեն անգամ նա, ով դուռը բացում էր, 20 դույլ ջուր էր լցնում պոմպի մեջ:
Էդիսոնի գրառումներից ակնհայտ է դառնում, որ նրա բոլոր հայտանգործություններն ու գյուտերը արվել են հազարավոր փորձերի արդյունքում: Օրինակ՝ շիկացած լամպի թելի համար նա փորձարկել է ավելի քան 6000 տեսակի բույս՝ ի վերջո կանգ առնելով ճապոնական բամբուկի վրա:
Դուք հարցնո՞ւմ եք իմ ձեռքբերումների մասին: Ես ունեմ հսկայական քանակությամբ ձեռքբերումներ: Հիմա ես գիտեմ մի քանի հազար բան, որոնք չի կարելի անել: Ես երբեք պարտություններ չեմ կրել, ես պարզապես գտել եմ 10 000 տարբերակ, որոնք չեն աշխատում: 
Թոմաս Էդիսոն

Էդիսոնը ակնկալում էր նույն տիպի արդյունավետություն ու ստեղծագործական միտք նաև իր աշխատակիցներից, այն է, փոքր հայտնագործություն՝ ամեն 10 օրը մեկ, և մեկ կարևոր հայտնագործություն՝ յուրաքանչյուր կես տարին մեկ: Թոմաս Էդիսոնը մահացավ 1931 թվականին՝ 84 տարեկանում: Ամբողջ Ամերիկան հարգանքի տուրք մատուցեցին նրան՝ 1 րոպեով անջատելով բոլոր էլեկտրական լամպերը, այդ թվում՝ Ազատության արձանի կանթեղը: Էդիսոնն աշխարհին թողեց ոչ միայն իր հազարավոր գյուտերն ու հայտնագործությունները, այլև բազմաթիվ ոգեշնչող ու մոտիվացնող դասեր՝ սեփական օրինակի հիման վրա:
Ցավոք շատ մարդիկ, ովքեր վերջնականապես հուսահատվել են ու «զենքերը» վայր դրել, երբեք չեն իմանա, թե որքան մոտ էին իրենք հաջողությանն այդ պահին: Մեր ամենամեծ սխալն այն է, որ մենք չափազանց արագ ենք թևաթափ լինում: Հաջողության տանող ամենավստահելի ճանապարհը ևս մեկ անգամ փորձելն է: 
Թոմաս Էդիսոն

Երբ 67 տարեկան Էդիսոնի գործարանն այրվեց, նա կրեց ավելի քան 100 միլիոն դոլարի կորուստ: Բայց այրվող գործարանին նայելով՝ նա պարզապես ասաց. «Վաղուց էր պետք փոխել գործարանի դիզայնը»: Եվ անմիջապես որոշում կայացրեց ավերակները մաքրելու և նոր գործարան կառուցելու մասին: Մի վայրկյան անգամ նա չկասկածեց, որ կկարողանա նորից գումար գտնել, ու որ ամեն ինչ կստացվի:
Նա ծայրաստիճան լավատես էր և երբեք չէր հուսահատվում, չէր ընկնում դեպրեսիաների մեջ ու մինչև հաղթական ավարտը պայքարում էր կյանքի ավելի լավ որակի հասնելու համար: Անհաջողությունները դրանք չպլանավորված արդյունքներ են, որոնք արժեքավոր դաս կարող են ծառայել ձեզ համար: Էդիսոնը խորհուրդ էր տալիս երբեք խուճապի չմատնվել, հաջողակ մարդիկ միշտ հանգիստ և ինքնավստահ են լինում: «Եղեք լավատես և մարդիկ կսկսեն հարգել ձեզ»,­ասում էր Թոմաս Էդիսոնը:
Աղբյուրն` այստեղ