Հայտարարված մահվան խրոնիկա. Ո՞ւմ համար է Էրդողանը վերականգնում մահապատիժը

November 24, 2016

Վերջին մարդը, որին Թուրքիայում մահապատժի են ենթարկել, 3 ոստիկան սպանած Հըդըր Արսլանն է: Օրը 1984-ի հոկտեմբերի 25-ն էր: Վերջին հայը, որին Թուրքիայում կախաղան են բարձրացրել, ԱՍԱԼԱ-ի մարտիկ Լևոն Էքմեքջյանն է: Անկարայի «Էսոնբողա» միջազգային օդանավակայանում «Էրզրում-Կարին» գործողության համար: Օրը`՝1983-ի հունվարի 29-ը:
Հանրապետական Թուրքիայում 1920-1984 թվականներին մահապատժի է ենթարկվել 712 մարդ, ընդ որում 15-ը՝ կին: Սրանից բացի, 1500-ից ավելի մահվան դատավճիռներ են կայացրել Թուրքիայի 8 հատուկ և անկախ դատարանները. դրանք հիմնականում զինվորականների դեմ էին: Մինչև 1965-ը դատապարտյալներին հրապարակային կախաղան էին հանում, դրանից հետո դատավճիռն ի կատար էր ածվում բանտերի բակերում, արևածագից առաջ:
Թուրքիայում մահապատժի էին դատապարտում պետական դավաճանություն ընդհանուր բովանդակությամբ մի քանի հոդվածներով` նախագահի սպանության, լրտեսության, բռնաբարության մեղադրանքով, թմրանյութերի առևտրով զբաղվելու, սուտ  վկայություն տալու և մարդ սպանելու համար:
Առանց բացառությունների Թուրքիայում մահապատիժ պաշտոնապես չեն կիրառում 2004-ից՝ Եվրամիությանն անդամակցելու գործընթացին զուգահեռ:
Թուրքիայի մեջլիսի բակում հուլիսի հեղաշրջման փորձի տապալումը Էրդողանի կողմնակիցները տոնում էին ու վանկարկում` «Մա՜հ կազմակերպիչներին»: Վարչապետ Յլդրըմն ամբոխին հանգստացրեց՝ ասելով. «ձեր պահանջը հասկացել ենք»:  Օրեր անց նախագահ Էրդողանը հայտարարեց, որ մտածում է երկրում վերականգնել մահապատիժը: Հաջորդող ամիսներին հանրահավաքների և հարցազրույցների ժամանակ նրա մտադրությունն ավելի հաստատ ձևակերպումներ ստացավ: Իրականում Էրդողանը մահապատիժը վերականգնող օրենքը սևագրում է 2014-ից: Սահմանադրության փոփոխությունների նոր փաթեթում, որին Թուրքիայի նախագահը պատրաստվում և սպասում էր մի քանի տարի, ներառված է նաև այս կետը:
«Ժողովրդավար երկրներում մարդիկ խոսքի իրավունք ունեն և այժմ նրանք խոսում են մահապատիժը վերականգնելու մասին», - գերմանական հեռուստաեթերում ասել է Էրդողանը: Եվրախորհրդարանն ու Եվրահանձնաժողովն արդեն արձագանքել են. մահապատժի վերականգնումը կնշանակի ԵՄ անդամակցության գործընթացի դադարեցում: «Թուրքիայի հետ սպառնալիքի տոնով խոսելը բեքֆայրով կլինի»,- պատասխանել է արտգործախարար Չավուշօղլուն ու ավելացրել՝ «Յունկերն ու Շուլցը Թուրքիայի բոսսերը չեն: Արդեն 53 տարի մենք սպասում ենք Եվրոպայի դռան առջև: Եվ ի՞նչ: ԵՄ անդամակցության համար մենք դադարեցինք մահապատիժ կիրառել, բայց դեռ ԵՄ անդամ չենք»:



[ Արևելյան խոհանոց ]



Առանց մահապատժի պես ծայրահեղ գործիքի` Էրդողանի աշխարհիկ իսլամը վտանգված է: Թուրքիայի նախագահի նախաձեռնությամբ վերջին ամիսների ռեպրեսիաները խոսուն են. նա իրեն թշնամիներով շրջապատված է զգում: Գյուլենականներ, զինվորականներ, քրդեր. թուրք առաջնորդի բացահայտ հակառակորդներն են ու մահապատժի հնարավոր հասցեատերերը: Հետաքրքիր է, որ եթե մահապատիժը վերականգնվի, այն չի կարող տարածվել հուլիսի 15-ի հեղաշրջման փորձի կազմակերպիչ-մասնակիցների վրա, քանի որ օրենքը հետադարձ ուժ չունի: Տրամաբանությունը հուշում է, որ էրդողանը շրջանցելու միջոց նույնպես մտածել է:  Եվ այսպես, Էրդողանի սև ցուցակի թոփ հնգյակը.

  1. Իսլամական քարոզիչ, Էրդողանի նախկին բարեկամ Ֆեթուլլահ Գյուլենն առաջին մարդն է, որին թուրքական դատական համակարգը գուցե մահապատժի դատապարտի:

  2. Թուրքական մեջլիսը 500 մահապատժի վճիռ չի վավերացրել 1991-ից ի վեր: Քրդական աշխատավորական կուսակցության առաջնորդ Աբդուլահ Օջալանի մահապատժի վճիռը կայացվել է 1999-ին: Երեք տարի անց այդ վճիռները փոխարինվել են ցմահ ազատազրկմամբ: Բացառված չէ, որ Օջալանը նորից մահապատժի դատապարտվի (թեև թուրքական իշխանությունները դեռ կարող են փորձել նրա միջոցով գոնե որոշ չափով վերահսկել քուրդ զինյալներին):

  3. Էրդողանի սև ցուցակում նաև Սիրիայի քրդերն են: Սիրիայում քրդական «Դեմոկրատական միություն» կուսակցությունը թուրքական իշխանություններն ընկալում են որպես PKK-ի ճյուղավորում: Կուսակցության համանախագահ Սալիհ Մուսլիմին ձերբակալելու հրամանն արդեն կա: Նա մեղադրվում է այս տարվա փետրվարին Անկարայում ահաբեկչական հարձակում կազմակերպելու մեջ, որի ժամանակ ավելի քան 3 տասնյակ մարդ է զոհվել:

  4. Թուրքական օդուժի շտաբը հուլիսյան հեղաշրջման փորձի ձևավորման օջախն է համարվում, գեներալ Աքըն Օզթյուրքը` գլխավոր կազմակերպիչներից մեկը:

  5. Թուրքիայում ԻՊ-ի ռեգիոնալ կառույցի առաջնորդին նույնպես մահապատիժ է սպառնում` աղմկոտ քարոզչության ֆոնով:


Բացառված չէ, որ այս ցուցակում ժամանակի ընթացքում հայտնվեն և նույնիսկ ցուցակը գլխավորեն Էրդողանի այսօրվա բարեկամները, քանի որ Թուրքիայի նախագահը, իշխանությունն իր ձեռքում կենտրոնացնելու համար, քաղաքական կարիերայի ընթացքում հենց իր աջակիցների դեմ է բազմիցս քաղաքական և նույնիսկ ռազմական միջոցների դիմել: