Սև ծովից Ազովի ծով. Ռուսական նավերը հարվածել են ուկրաինականին

November 26, 2018

Ուկրաինական նավերը որոշել են պլանային անցում կատարել Օդեսայից Մարիուպոլ, այսինքն` Սև ծովից Ազովի ծով: Սա նշանակում է անցում Կերչի նեղուցով, որը, Ղրիմը միացնելուց հետո ամբողջությամբ հսկում են ռուսները: Ուկրաինան դա անօրինական է ճանաչում, հետևաբար չի պատասխանում ռուս սահմանապահների պահանջներին: Ռուսական նավերը հարվածում են ուկրաինական 3 նավերից մեկին, օդ են բարձրանում կործանիչները, սկսվում է հրաձգություն, 2 ուկրաինացի վիրավորվում է:
«Ամբողջ աշխարհը սրանով տեսավ Ռուսաստանի Դաշնության ագրեսիվ գործողությունները մեր նավերի դեմ»,- ասում է Ուկրաինայի ռազմածովային ուժերի հրամանատար Իգոր Վորոնչենկոն:
Ուկրաինական նավերն ու նավաստիներին ռուս սահմանապահները կալանավորել են: Ռուսաստանի ԱԳ նախարարը շտապ հեռացել է Յունեսկոյի միջոցառումից:
«Չեմ կարող մասնակցել ձեր աշխատանքին` հաշվի առնելով արտաքին քաղաքական որոշ հարցերում լարված իրավիճակը», - ասում է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:
Ավելի ուշ Սերգեյ Լավրովը հայտարարել է` Ուկրաինան կոպտորեն խախտել է միջազգային բազմաթիվ նորմեր` տեղի ունեցածը որակելով ակնհայտ սադրանք: Մոսկվան շեշտում է` Ուկրաինան սա անում է Պորոշենկոյի ցածր վարկանիշը ընտրությունից առաջ բարձրացնելու համար: Ուկրաինան նախագահ է ընտրելու մարտի վերջին: Պորոշենկոյի վարկանիշը ցածր է:
«Այնտեղ շատ հետաքրքիր զարգացումներ են, արդեն հայտարարել են, որ ընտրությունները ժամանակին տեղի չեն ունենա», - ասում է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:
Կիևում կրքերն ավելի լարված են: Պորոշենկոն անվտանգության խորհրդի նիստում հայտարարել է երկրում երկու ամիս ժամկետով ռազմական դրություն հայտարարելու մասին: Այժմ խորհրդարանը պետք է հաստատի նախագահի առաջարկը:
«Ռուսաստանի իշխանությունից պահանջում եմ անհապաղ ազատ արձակել ուկրաինական նավերն ու մեր զինծառայողներին: Նաև պահանջում եմ հանդարտեցնել իրավիճակը Ազովի ծովում և մյուս բոլոր ուղղություններում», - ասում է Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն:
Ռուսաստանն ու Ուկրաինան միմյանց դեմ բողոքելու համար դիմել են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին` պահանջելով շտապ կազմակերպել արտահերթ քննարկում:
[embed]https://youtu.be/RNmCqxr7kMM[/embed]
 



Հետևեք   newmag-ին    Telegram–ում և    Instagram–ում