ԱՄՆ պատմության ամենաբարձր պաշտոն զբաղեցրած հայը

September 25, 2014

30-ականներին տեսել է Մեծ ճգնաժամը, 40-ականներին մասնակցել է Երկրորդ աշխարհամարտին՝ որպես նավատորմի սպա, 50-ականներին որպես պաշտպանության նախարարի խորհրդատու՝ օգնել է կերտել Սառը պատերազմի ամերիկյան քաղաքականությունը և արդեն 60- ականներին՝ Կորեայի և Վիետնամի պատերազմների ժամանակ, ութ տարի աշխատել է Պենտագոնում:
Իգնաշիուսն իր հուշերում գրում է ԱՄՆ նախագահներ Քենեդու, Ջոնսոնի, Նիքսոնի, պաշտպանության նախարար Ռոբերտ Մաքնամարայի մասին, նկարագրում իր կենսագրության և կարիերայի ամենաուրախ ու ամենատխուր պահերը և այդ ամենի արանքում ո′չ հպանցիկ, ո′չ էլ շատ կարևորելով՝ հիշատակում է. ինքը հայ է: Իգնացյանները 1900-ականներին գաղթել են Լոնդոն, որովհետև Փոլի պապը լրագրող էր և գրել էր հակաօսմանական հոդված: Հետո գաղթում են ԱՄՆ: Կալիֆոռնիա: Երբ զրուցում էինք Ֆրեզնոյի մասին, նկատեց. «Ֆրեզնոյի հայերից հիշում եմ Վիլյամ Սարոյանին: Մեր տուն հաճախ էր գալիս: Այդ տարի գրել էր «Հե′յ, ո՞վ կա այդտեղ» պիեսը ու մեծ հաջողություն էր ունեցել: Ես ընդամենը պատանի էի: Ինքն էլ՝ մի 25 տարեկան: Ծնողներս Վիլյամի ընկերներն էին, նրան հրավիրել էին, բայց այնքան խոսեցին պիեսի մասին, որ ձանձրացավ: Եկավ, ասաց. «Ի՞նչ ես անում, արի գնանք զբոսնելու: Հոգնեցի էս զրույցներից»:
Փոլ Իգնաշիուսն ունեցել է փայլուն կարիերա՝ սովորելով Հարվարդի համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետում: Հենց այդտեղ ստացած կառավարման ոլորտի գիտելիքները կդառնան վճռորոշ՝ Վաշինգտոնում պետական ծառայության աշխատանքի անցնելու համար: Արդեն 80-ն անց այս արտասովոր մարդը բացառիկ համեստությամբ ու զինվորականի ճշգրտությամբ պատասխանում էր իմ բոլոր հարցերին՝ միջանկյալ նշելով, որ իր ավագ որդին ամերիկյան «Time» թերթի գլխավոր խմբագիրն է, իսկ մյուս որդին՝ «Newsweek»ի քաղաքական բաժնի պատասխանատուն:
Մեր զրույցը սկսեց հենց ինքը, փոքրիկ խնդրանքով.
- Արտա′կ, երբեմն լավ չեմ լսում, այդ պատճառով խնդրում եմ մի քիչ բարձր խոսես...
- Շատ լավ: Ձեր հայրն ինչո՞ւ որոշեց տեղափոխվել ԱՄՆ:
- Ամերիկա ներգաղթելուց մեկ տարի առաջ նա եկավ Նահանգներ, որտեղ ուներ բարեկամներ, և շատ հավանեց Կալիֆոռնիայի ջերմ եղանակը: Լոնդոնի եղանակը՝ ցուրտ ու անձրևոտ, իրենը չէր, այդ պատճառով որոշեց գալ Կալիֆոռնիա, Գլենդել, 1911-ին:
- Մեծ դեպրեսիայի տարիներին Դուք դեռահաս էիք: Գրքում, սակայն, մանրամասն նկարագրում եք, թե ինչ էր կատարվում ձեր բակում և երկրում: Այդ տարիները Ձեզ վրա մե՞ծ ազդեցություն են թողել:
- Անշուշտ: Բոլորի վիճակը այդ ժամանակ շատ վատ էր: Թերևս միակ դրականն այն էր, որ մարդիկ միմյանց նկատմամբ ավելի հոգատար էին: Հիշում եմ, որ մայրս միշտ ուտելիք էր պատրաստում քաղցած մարդկանց համար: Անարդարություն շատ կար, մարդիկ կորցնում էին իրենց աշխատանքը, տները: Իմ կարծիքով, մենք սկսեցինք տնտեսապես և հոգեբանորեն ոտքի կանգնել, երբ ԱՄՆ նախագահ դարձավ Ֆրանկլին Ռուզվելտը: Եվ հենց նա վերականգնեց մարդկանց ոգին:
- Ինչո՞ւ որոշեցիք զինվորական դառնալ:
- Համալսարանում էի, երբ «Նյու Յորք Թայմսում» կարդացի Դին Աչիսոնի հոդվածը (ավելի ուշ նախագահ Թրումանի վարչակազմում նա դարձավ պետքարտուղար, իսկ մինչև այդ գլխավոր գանձապետի օգնականն էր Ռուզվելտի վարչակազմում): Աչիսոնը նկարագրում էր, թե ինչպիսի պատիվ էր ու որքան հետաքրքիր՝ կառավարության մի մասը լինելը, ինտելեկտուալ խմբում ներգրավված լինելը: Եվ այդ ժամանակ մտածեցի, որ երբևէ ես էլ կուզեմ այդ մարդկանց կողքին լինել: Ու շուտով, երբ Ջոն Քենեդին ընտրվեց նախագահ, ինձ տրվեց այդ հնարավորությունը, 1961-ին:
- Ինչպե՞ս միացաք Քենեդու թիմին:
- Երբ Քենեդին Ռոբերտ Մաքնամարային առաջարկեց զբաղեցնել պաշտպանության նախարարի պաշտոնը, Մաքնամարան ասաց, որ առաջարկին համաձայնելու է միայն մի նախապայմանով. ի′նքը պետք է ընտրի իր թիմը: Մինչև այդ՝ 1950 թվականին, ես պաշտպանության նախարարությանը կից գործող փորձագիտական խմբում էի. այն հետազոտություններ էր իրականացնում և բանակին օգնում էր սպառազինություն, տեխնիկա և զինամթերք ձեռք բերելու գործարար հարցերով: Պարզվեց՝ իմ աշխատանքը նկատել էին և գնահատել: Ավելի ուշ Մաքնամարան ինձ առաջարկեց միանալ վարչախմբին: Քենեդին իսկապես չմիջամտեց, ու Մաքնամարան կարողացավ ինքնուրույն ձևավորել իր թիմը՝ հաշվի առնելով մասնագիտական կարողությունները:
- Եվ ի՞նչ պաշտոն առաջարկվեց Ձեզ:
- Ընդհանուր առմամբ ես վարչակազմում աշխատել եմ ութ տարի: Սկսեցի բանակի քարտուղարի օգնականի պաշտոնից: Ես համակարգում էի բանակի տնտեսական կամ գործարար հատվածը՝ զինամթերքից սկսած ու վերջացրած բանակի անշարժ գույքով ԱՄՆ-ում և ամբողջ աշխարհում: Մի քանի տարի այդ պաշտոնում եմ աշխատել, հետո դարձա քարտուղարի տեղակալ, դրանից հետո մոտ մեկ տարի եղել եմ պաշտպանության նախարար Մաքնամարայի օգնականը: Եվ Սպիտակ տանն իմ գտնվելու վերջին երկու տարում եղել եմ նավատորմի քարտուղար:
- Դուք աշխատել եք Սառը պատերազմի, թերևս, ամենաթեժ պահին, երբ Կուբայի ճգնաժամն էր: Այդ ժամանակ ԽՍՀՄ-ն ու ԱՄՆ-ը պատերազմելու իրական վտանգի առջև էին: Կուբայի վրա հարձակվելու փոխարեն Քենեդին որոշեց բլոկադայի ենթարկել կղզին, որին էլ փաստորեն հետևեց դիվանագիտական հաղթանակը: Այդ ժամանակ Դուք ներգրավվա՞ծ էիք Կարիբյան ճգնաժամը հաղթահարելու քննարկումներին:
- Այո′, իհարկե: Ես կարծում եմ, որ դա Քենեդու աստեղային պահն էր: Կարիբյան ճգնաժամի ժամանակ ԽՍՀՄ-ի հետ հակամարտությունը շատ լուրջ էր: Եվ ամբողջ աշխարհի համար: Նախագահ Քենեդին վարպետորեն հաղթահարեց ճգնաժամը: Ամեն ինչ անցավ առանց բախումների, թեև մենք շատ մոտ էինք միջուկային պատերազմին: Իսկ դրա հետևանքները կարող էին կործանարար լինել: Նա ուներ համբերություն, վստահություն և խիզախություն, որը գալիս էր Երկրորդ աշխարհամարտի իր փորձից: Կարծում եմ, որ Քենեդին հաջողեց նաև այն պատճառով, որ իր կողքին ուներ շատ խելացի և գործին քաջատեղյակ մարդիկ, որոնք ԽՍՀՄ փորձագետներ էին, օրինակ՝ հենց Մաքնամարան կամ Թոմի Թոմսոնը՝ ԱՄՆ դեսպանը ԽՍՀՄ-ում: Նա գիտեր ռուսերեն, գիտեր ռուսներին, ուներ ծանոթություններ և կարողանում էր փորձագիտական խորհուրդներ տալ: Քենեդին ուներ Կուբայի ճգնաժամը կարգավորելու մի քանի տարբերակ: Հենց իր վարչակազմի տարբեր խմբեր առաջարկում էին տարբեր լուծումներ. լայն հարձակում Կուբայի վրա կամ թիրախային հրետակոծումներ, հարցը լուծել դիվանագիտական ճանապարհով կամ դիմել շրջափակման, որն էլ ի վերջո ընտրվեց:
- Ձե՞ր դիրքորոշումը որն էր:
- Անշուշտ ես կողմ էի խաղաղ կարգավորմանը: Ես կողմ էի խնդիրը դիվանագիտորեն լուծելուն՝ միաժամանակ չանտեսելով ռազմական միջամտությունը: Այդ իմաստով Քենեդին իսկապես շատ ճկուն գտնվեց և կարողացավ բանակցել Խրուշչովի հետ:
- Դուք նավատորմի քարտուղար եք եղել Նահանգների համար ամենադժվարին տարիներին՝ Վիետնամի պատերազմի ժամանակ: Ձեր անձնական կարծիքը որքա՞ն ներդաշնակ էր վարչակազմի քաղաքականությանը:
- Մինչև հիմա Վիետնամի պատերազմին հակասական գնահատականներ են տալիս: Իմ կարծիքով, դա 45-ամյա Սառը պատերազմի մի մաս էր, և կոմունիզմի առաջխաղացումը դեպի Եվրոպա ու Ասիա խիստ մտահոգում էր ԱՄՆ-ին: Երկրորդ` մենք մտահոգված էինք ԽՍՀՄ միջուկային զենքի սպառնալիքով, և հենց այդ կոնտեքստում բարձրացավ Վիետնամի խնդիրը: Քենեդին հստակ նպատակ դրեց, և մենք շատ երկար ժամանակ ներքաշվեցինք այդ պատերազմում, որը խլեց ամերիկացի զինվորների և խաղաղ վիետնամցիների բազում կյանքեր:
- Վիետնամի պատերազմի մասին Ձեր հուշերում գրել եք. «Եթե անգամ սխալ ենք թույլ տվել, ապա ազնիվ նպատակով» («If we did the wrong thing, it was for the right reason»):
- Իհարկե, պոստ-ֆակտում կարող ենք շատ բան վերանայել: Բայց այսօր փաստ է՝ Վիետնամի տնտեսությունը լավ վիճակում է: Եթե պատերազմին նայում ենք ավելի լայն կոնտեքստի մեջ, ապա Վիետնամի պատերազմի արդյունքներից մեկն էլ այն էր, որ կանխվեց միջուկային պատերազմը, իսկ այն իսկապես կարող էր տեղի ունենալ: Այդ իմաստով շատ կարևոր էր, որ Սառը պատերազմն ավարտվի: Եվ Վիետնամի պատերազմն ուղղակի կամ անուղղակի հենց դրան էր ծառայում: Դա′ նկատի ունեի, երբ գրում էի Ձեր հիշատակած տողերը: Մեր նպատակը միջուկային փոխհրաձգությունը կանխելն էր: Եվ դա մեզ հաջողվեց:
- Ո՞րն է եղել Ձեր ամենադժվար որոշումը, երբ նավատորմի քարտուղար էիք:
- Գիտեք, նավատորմի քարտուղարի պաշտոնն այնքան էլ հրապուրիչ չէ: Իմ աշխատանքի մեծ մասը զբաղված էի բանավիճելով, թե որքան գումար է մեզ պետք և որքան կարող են հատկացնել: Բազմաթիվ պրոֆեսիոնալների հետ եմ աշխատել, որոնք նավատորմի հիմքն են, պինդ տղերք: Եվ կարծում եմ, որ իմ թիմով մենք շատ արդյունավետ ենք աշխատել, ու հենց իմ օրոք սկսել ենք մի քանի նոր ծրագրեր: Լավ թիմ էինք: Մյուս դժվար խնդիրը երևի Վիետնամի պատերազմի միջադեպերն էին, որոնց արդյունքում զինվորները զոհվում էին: Սիրտդ չէր դիմանում: Դա հավանաբար իմ անձնական ամենադժվար պահն էր:
- Վիետնամի պատերազմի ժամանակ Դուք հայտնաբերեցիք, որ խաղաղ չէ նաև Ձեր ընտանիքում: Ձեր կինը դեմ էր պատերազմին, Ձեր զավակները Վաշինգտոնում մասնակցում էին հակապատերազմական հանրահավաքներին: Ինչպիսի՞ն էր Ձեր արձագանքը:
- Ես շատ լավ ընտանիք ունեմ: Իմ երկու որդիները լրագրող են, երկու դուստրերս՝ իրավաբան: Նրանք իրենց ծնողներից սովորել են ինքնուրույն մտածել: Մենք խրախուսում էինք դա, և պատահում էր, որ ոչ միշտ էին համընկնում մեր կարծիքները: Վիետնամի պատերազմի հանդեպ վերաբերմունքը շատ հակասական էր հատկապես երիտասարդների շրջանում: Այդ ժամանակ չորս երեխաներիցս երեքն արդեն ուսանող էին, չորրորդը պատրաստվում էր, և նրանք չէին կարող չարձագանքել... Գուցե նրանց դեպքում ընդգծված անձնական բնույթ էր կրում, որովհետև իրենց հայրը ներգրավված էր պատերազմում, բայց մենք կարողացանք հաղթահարել մեր դժվարությունները: Դրանից հետո մենք լավ բարեկամներ դարձանք:
- Ինչո՞ւ թողեցիք նավատորմի քարտուղարի պաշտոնը:
- Իշխանափոխության պատճառով: Նախագահ Ջոնսոնը չմասնակցեց ընտրություններին: Հաղթեց Նիքսոնը: Նոր նախագահը բոլոր հայեցողական պաշտոններին սովորաբար նշանակում է իր թիմակիցներին: Հետաքրքրական է, որ ես, այդուամենայնիվ, Նիքսոնի հետ էլ եմ աշխատել: Երբ արդեն պարզ էր նավատորմի նոր քարտուղարի անունը, Նիքսոնն ինձ խնդրեց որոշ ժամանակ աշխատել և գործերին ներգրավել իմ իրավահաջորդին: Այդպես ես երկու շաբաթ աշխատեցի նաև Նիքսոնի վարչակազմում:
- Դրանից հետո Դուք աշխատանքի անցաք «Վաշինգտոն Պոստում»: Ավելի ճիշտ՝ դարձաք «Վաշինգտոն Պոստի» նախագահը: Ինչպե՞ս ստացվեց:
- Այդ ընթացքում իմ ընտանիքն արդեն տեղավորվել էր Վաշինգտոնում: Կինս աշխատանք էր գտել, երեխաներս սովորում էին: Երբ հեռացա նավատորմի քարտուղարի պաշտոնից, մի քանի առաջարկ ստացա: «Վաշինգտոն Պոստը» գլխավորելու առաջարկին համաձայնեցի մասամբ նաև այն պատճառով, որ ընտանիքս ստիպված չէր լինելու տեղափոխվել ուրիշ քաղաք: Հետո դա հրաշալի թերթ էր, շատ լավ անձնակազմով, և ես ուրախ էի նոր աշխատանքի անցնելու հնարավորության համար:
- Դժվա՞ր էր ռազմականից քաղաքացիական պաշտոնի անցնելը. նավատորմից` խմբագրություն:
- Անշուշտ: Պետք է նոր բիզնեսի տեսակ սովորեի: Մասնագիտությամբ տնտեսագետ եմ, բայց մեդիա-բիզնեսին տեղյակ չէի: Հետո ինձ բաժին ընկավ այն ժամանակահատվածը, երբ թերթերը տեխնիկական փոփոխությունների շրջան էին ապրում: Մենք մեքենաները փոխարինում էինք համակարգիչներով, կառուցում էինք նոր մասնաշենքեր և զուգահեռ տպագրում էինք թերթը: Գիտեք, դա նույնն է, երբ օդակայանը միաժամանակ և′ թռիչքներ է իրականացնում, և′ կառուցում է նոր թռիչքուղի: Վերազինմանը զուգահեռ աշխատում էի արհմիության հետ, որն ընդդիմանում էր տեխնոլոգիական նորամուծությանը, որովհետև դրա արդյունքում բանվորների մի մասը կարող էր կորցնել աշխատանքը: Այդ դիմադրությունը նույնպես պետք էր հաղթահարել:
- Ձեր վաշինգտոնյան կարիերայի ընթացքում Դուք երբևէ շփվե՞լ եք հայերի հետ կամ Հայաստանին առնչվող որոշումներ ընդունե՞լ եք:
- Իմ հայրն ուղղակի ապրում էր հայկական խնդիրներով, հետաքրքրվում էր հայոց պատմությամբ: Դժբախտաբար նա մահացավ նախքան Հայաստանի անկախացումը: Իմ հետաքրքրությունն ավելի քիչ էր. ես երիտասարդ ժամանակ զբաղված էի իմ կրթությամբ, սպորտով: Կառավարությունում աշխատած տարիներին երբեևէ հայերի հետ չեմ առնչվել: Ես միայն վերջերս սկսեցի հետաքրքվել Հայաստանով և նույնիսկ մեկ տարի առաջ այցելել եմ Հայաստան: Հրաշալի երկիր էր: Բոստոնի հայկական խումբը կազմակերպեց իմ, որդուս և դստերս այցը: Մենք այցելեցինք նաև Արևմտյան Հայաստան: Ցավալի էր, որ հայկական եկեղեցիների կողքին գոնե մեկ ցուցանակ չկար, թե դա ինչ եկեղեցի է: Մենք եղանք նաև Ախթամարում, Վանա լճի ափին, Անիի ավերակներում, որը գրեթե կպած է հայ-թուրքական սահմանին:
- Ի՞նչ եք կարծում, ԱՄՆ-ը երբևէ կճանաչի՞ Հայոց ցեղասպանությունը:
- Կարծում եմ Ցեղասպանության ճանաչումը օգտակար կլինի առաջին հերթին Թուրքիայի համար, և կբարձրացնի նրա հեղինակությունն աշխարհում: Գերմանիան այսօր հպարտ և հեղինակավոր երկիր է հենց այն պատճառով, որ ընդունեց Երկրորդ աշխարհամարտի իր սխալը:
- Ովքե՞ր են այն մարդիկ, որ նշանակալի դեր են ունեցել Ձեր կյանքում:
- Ես երբեք չեմ հանդիպել Ֆրանկլին Ռուզվելտի հետ, բայց հենց նա է ինձ վրա մեծ ազդեցության թողել: Եվ ոգեշնչել:
Հեղինակ Արտակ Ալեքսանյան
Պատկերազարդում Լեո Ասլանյան
NewMag #01