Թե ինչո՞ւ Ուզբեկստանի ղեկավարությունը պառակտվեց. իշխանության համար պայքարը բերելու է նոր ընդհարման

March 24, 2017

Իսլամ Քարիմովի մահից կես տարի անց, Ուզբեկստանի նոր նախագահ Շավքաթ Միրզիյոևի ու Ազգային անվտանգության ծառայության պետ Ռուստամ Ինոյատովի միջև հակամարտությունը սրվեց: Ուզբեկստանի կառավարությունը պառակտվեց: Պատճառն այն է, որ Ինոյատովը հանդես է գալիս, որպես քարիմովյան արժեքների կողմակից, իսկ երկրի ղեկավարը՝ լիբերալ ու ռեֆորմատոր:
Իհարկե, Ուզբեկստանի նախագահին անվանել ռեֆորմատոր, առավել ևս՝ լիբերալ, անմտություն է: Սակայն քարիմովյան քառորդդարյա բռնապետությունից հետո, երբ երկիրը հեռու է քաղաքացիական հասարակությունից ու շուկայական տնտեսությունից, ցանկացած փոփոխություն ոգևորում է հասարակությանը, իսկ հին նոմենկլատուրային՝ զգոնացնում:

Արժույթային հակամարտությունը


Նախ՝ Reuters-ի տվյալներով, Ինոյատովի մոտ դժգոհություն է առաջացնում Միրզիյոևի՝ Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) հետ լայնածավալ գործակցության մտադրությունը: Փետրվարին Տաշքենդ էր այցելել բանկի պատվիրակությունը և հայտնել իր պատրաստակամությունը: ՎԶԵԲ-ը Ուզբեկստանի հետ աշխատել էր 1991-ից մինչև 2007 թվականը՝ իրականացնելով 900 մլն եվրոյի ծրագրեր: Սակայն որոշ իրադարձություններ ստիպեցին Արևմուտքին դադարեցնել Քարիմովի հետ գործակցությունը: ՎԶԵԲ-ում նաև դժգոհ էին անբարենպաստ բիզնես-միջավայրից, տնտեսության և դատական համակարգում պետական վերահսկողությունից:
Ինոյատով-Միրզիյոև հակամարտության առաջին նշույլները երևացին նոյեմբերին, երբ նախագահն առաջարկեց ազատականացնել արժութային քաղաքականությունը: Ինոյատովը կտրականապես դեմ էր: Նա վախենում էր, որ բարեփոխումը առանց եկամուտների կթողնի որոշ ազդեցիկ պետական ծառայողների, որոնք հարստանում են հենց այդ ոլորտի շնորհիվ: Ինոյատովի դժգոհությունը հասկանալի էր, քանի որ նա էր վերահսկում Ուզբեկստան մտնող արտարժութային հոսքը:


Ուզբեկստանի մասին կարդացեք նաև



Երկրում արտարժույթի կանխիկ վաճառքն արգելված է, սական դա չի խանգարում որևէ մեկին ցանկացած վայրում դոլար կամ եվրո փոխանակել, այն էլ՝ կրկնակի բարձր գնով ու ոստիկանի աչքի առաջ: Հասկանալի էր, որ գործարքի տոկոսներն ուղարկվում են հովանավորներին: Բնականաբար, առաջարկվող խաղի նոր կանոններն ուղիղ հարվածում էր հենց այդ հովանավորների գրպանին:
ԱԱԾ տնօրենն ու իր հովանավորության տակ գտնվող հանցավոր խմբերը եկամտի մեծ մասնաբաժին ունեին նաև արտահանվող ճյուղերից՝ բամբակ, ոսկի և վառելիք: Օգտագործելով արժութային օրենսդրության կոշտ նորմերը՝ չեկիստները շուկայից հեշտությամբ դուրս էին մղում պոտենցիալ մրցակիցներին, իրականացնում էին կոռուպցիոն սխեմաներ, իսկ շահույթը պահ դնում արևմտյան բանկերում։

Ուժային վերադասավորումներ


Ինոյատովին հավանաբար անհանգստացնում էր նաև կադրային փոփոխությունները, քանի որ ՎԶԵԲ-ի պատմությունը երկու ամենաազդեցիկ քաղաքական գործիչների հակամարտության տեսանելի հատվածն է: Միրզիյոևը կառավարություն վերադարձրեց ՆԳ նախկին նախարարին՝ 67-ամյա Ալմատովին, որը դարձել էր Քարիմովի իշխանության քավության նոխազը: Մինչև նրա վերադարձը, խոսում էին, որ Ալմատովը ղեկավարելու է ԱԱԾ կառուցվածքի մեջ մեջ մտնող սահմանային ծառայությունը: Միրզիյոևը, սակայն, նրան նշանակեց հակակոռուպցիոն հանձնաժողովի նախագահ, իսկ որոշ ժամանակ անց ստորագրեց կոռուպցիան կանխարգելու մասին օրենք: Թե որքանով այդ փաստաթուղթը կօգնի Ուզբեկստանին ազատվել աշխարհի ամենակոռումպացված պետության կարգավիճակից, դժվար է ասել, բայց հաստատ լավ միջոց է՝ անցանկալի պաշտոնյաներից ազատվելու:
Ալմատովի ու Ինոյատովի հարաբերությունները խիստ բարդ ու հակասական են: Երկար ժամանակ նրանք երկուսով պայքարում էին երկրի նախագահի վրա ազդեցություն ունենալու համար: Ալմատովը ներկայացնում է սամարկանդյան կլանը, իսկ Ինոյատովը՝ տաշքենդյան: Սա ենթադրել է տալիս, որ Ներքին գործերի նախկին նախարարը վերադառնալով իշխանության, ակնկալում էր Միրզիյոևի միջոցով վրեժխնդիր լինել: Ակնհայտ է, որ Միրզիյոևն էլ Ալմատովին օգտագործում է Ինոյատովի «կապերը» ձգելու համար:


Carnegie հիմնադրամի մյուս հոդվածները կարդացեք



Ինոյատովին լուրջ հարված հասցվեց, երբ այս տարվա հունվարին նախագահը ԱԱԾ փոխնախագահի պաշտոնից հեռացրեց Գուլյամովին: Գեներալ Գուլյամովն Ինոյատովի աջ ձեռքն էր, նրա հավանական փոխարինողը: Նախագահը Գուլյամովին ոչ միայն զրկեց պաշտոնից, այլև զինվորական կոչումից: Միրզիյոևը փոխեց նաև Ներքին գործերի նախարարին:

Ով կմնա


Ասում են՝ Ինոյատով-Միրզիյոև կոնֆլիկտ այն աստիճանի է հասել, որ Միրզիյոևը աշխատանքից հեռացրել է ավելի քան 150 ԱԱԾ աշխատակցի, խիստ քննադատել է համակարգի ամենաթողությունը և անգամ հրաժարվել է նրանց ծառայությունից: Սակայն փաստը մնում է փաստ, որ Ինոյատովը մինչև օրս իր աթոռին ամուր նստած է: Նրան են վերագրում վերջին շրջանում բոլոր բարեփոխումների ատկատները: Մասնավորապես, երբ չեղյալ համարվեց 15 երկրների համար առանց վիզային ռեժիմ սահմանելու որոշումը: Իհարկե, Միրզիյոևը հայտարարեց, որ որոշումն իբր տեխնիկական պատճառներով է հետաձգվում մինչև 2021 թ: Վերջին պահին նաև չեղյարկվեց Somon Air ընկերության Դուշանբե-Տաշքենդ չվերթը, այն պատճառաբանությամբ, թե տեխնիկական խնդիրներ են առաջացել:
Ոչ պաշտոնական աղբյուրները պնդում են, որ Ինոյատովը, իբր, անվտանգության նկատառումներով է դեմ եղել Ուզբեկստան-Տաջիկստան ավիաուղուն: Քարիմովի ժամանակ հայտարարվում էր, որ ուզբեկական կայունության հիմնական սպառնալիքը գալիս է Տաջիկստանից՝ թմրանյութեր և կրոնական ծայրահեղականություն։ Հասկանալի է, որ ԿԳԲ-ի ավանդույթներին հավատարիմ Ինոյատովը ձգտում է իր հսկողության տակ պահել երկրի ներքին անցուդարձը: Սակայն մի բան պարզ է` Ինոյատովը պարտավոր է հաշվի նստել Միրզիյոևի հետ, այստեղ այլ ելք չկա՝ կա՛մ ընդունում է խաղի կանոններն ու շարունակում մնալ իշխանությունում, կա՛մ հեռանում է:
Այնպիսի երկրի, ինչպիսին Ուզբեկստանն է, անհրաժեշտ է ուժեղ նախագահ, որը կլինի և՛ ազգի առաջնորդ, և՛ հոգևոր հովանավոր: Միայն այդ դեպքում է հնարավոր ղեկավարել երկիրը՝ «բռի մեջ» պահելով բոլորին: Միրզիյոևը նախընտրեց գնալ Ղազախստանի այն ճանապարհով, որը Նազարբաևին թույլ է տալիս ժողովրդավարության քողի տակ միանձնյա ղեկավարել երկիրը ու վայելել «անձի պաշտամունքը»: Ինոյատովն այս իրավիճակում դատապարտված է կամ ընդունել նախագահի քաղաքականությունը, կամ Ուզբեկստանը վերադարձնել Քարիմովի ժամանակին, դրա համար, սակայն, նրա ռեսուրսները գալով պակասում են:

Սկզբնաղբյուր