[Զինուժ] Զանգեցին, ասեցին՝ զոհվել է․ պատերազմի զավեշտն ու սարսափը՝ մահվան ելքով ու մի պատմությամբ

September 24, 2017

-Զանգեցին, ասեցին՝ զոհվել է, եկեք, ձեր կարգով, ծեսով, տարեք։
Պատերազմի ժամանակ շատերն են այսպես սկսում իրենց պատմությունը։ Այն ժամանակ ծնողին գուցե չհայտնեին, բայց ընկերներին զանգահարում էին, լուրը փոխանցում ու վայր դնում խոսափողը։ Իրականում ասելիք էլ չկար, որևէ մեկն այդ պահին մանրամասներ չէր հարցնի, զանգողն էլ այդքան ժամանակ չուներ յուրաքանչյուրի մասին ամբողջական տեղեկությունը հաղորդելու: Անջատում էին, զանգում մյուսին, հետո՝ շարունակում կռիվը։
Ազատամարտիկը պատմում է, բաժակ բարձրացնում, ընկերոջ անունը տալիս, բաժակը դատարկում ու սկսում ծիծաղել։ Չէ, նա խելագար չէ, ոչ էլ անարգում է զինակցին։ Զավեշտալի ակնթարթներն են աչքի առաջ գալիս։ Անկախության համար կռված ընկերոջը ոչ թե դափնիներով, այլ պսակով էին տուն բերելու, ընդ որում այդ տարիներին մեքենա չկար, արհեստավոր նույնպես, որ դագաղ սարքեր։ Երկուսն էլ գտան, գյուղի հարուստներից մեկի ուրալը տակներն առան, կողքի գյուղից էլ մի դագաղ ճարեցին, չափերը գրեթե համընկնում էին։
Ստեփանակերտից Մարտակերտ ճանապարհն ուղիղ ու հարթ տարածք է, կհասնես կարճ ժամանակում, նույն արագությամբ էլ կվերադառնաս։ Սեպտեմբերն այդ օրերին անհանգիստ էր, սահմանին ու նաև երկնքում՝ անձրևոտ, հեղեղած էր։ Ճանապարհ են ընկնում մթնշաղին։ Կեսգիշերին, երբ անձրևն ավելի ինտենսիվ է սկսում թափվել, երեքից երկուսը տեղափոխվում են ուրալի սրահ, երրորդն էլ մնում է հետնամասում, սառած, թրջված ու հուսահատ։ Այս ամենից հետո, գտնում է լուծումը։ Բացում է դագաղը պարկում ու քուն մտնում։
Մի քանի կիլոմետր էր մնացել հասնեին դիակին, գրությունը գրեին, որ ընկերներն են ու հանգուցյալին տուն տանեին։ Մինչդեռ պայմանական հանգուցյալը հասցնում է գյուղացիների վախը չափել։ Ճանապարհին երկու կին են հանդիպում, խնդրում հասցնել Մարտակերտ։ Տղաները սիրով ու ափսոսանքով վերցնում ու առանց հետ նայելու, կանանց խորհուրդ են տալիս արագ բարձրանալ վերև ու պինդ բռնվել։
Երկրորդ փոսն ընկնելուն պես «հանգուցյալն» արթնանում է, վախենում իր խցից, հետո երբ փորձում է ձեռքը դագաղից դուրս հանել, սկսվում է մղձավանջը։ Կանայք լեղապատառ ճչում են, գազազում, մեկը խելակորույս իրեն ցած է նետում մեքենայից, մյուսը հավասարակշռված փորձում է պարզել տեղի ունեցածը։ Մեքենայում մնացած կինն էլ, դագաղից դուրս եկող տղամարդն էլ սարսափահար բղավում են, օգնում է վարորդը։ Կանգնում է, հանդարտեցնում, հետ դառնում։ Գնում են դուրս նետած աղջնակին գտնեն, ավելի ուշ են հայտնաբերում։
Այսքանից հետո նույնիսկ տղաները դագաղը տանում են, ընկերոջը տուն բերում, հուղարկավորում։ Պատմությունն այսօր էլ ընկերների համար ծիծաղելի է ու նույնքան ողբերգական, կարոտում են զոհվածին ու զվարճանում դագաղի մեջ քնող երիտասարդի վրա, որն այսօր արդեն մեծ է։ Ահաբեկվածներին այդպես էլ չտեսան, այդ կանանց, որ մինչև այսօր գուցե հիշում են, մի փոքր ծիծաղում, հետո արդեն արտասվում ողբերգական դեպքի ծիծաղելի դրվագների համար։  
Այսպիսի պատմություններ Արցախի բոլոր ուղղություններում է գրանցվել, Հայաստանում նույնպես: Պատերազմի տարիներին Կապանի ջոկատը արիաբար է կռվել, մի քանիսը զոհվել են, թաղվել քաղաքի բարձունքում՝ զինվորական պանթեոնում: Յուրաքանչյուրի հիշատակին ծաղիկներ են դնում ու հիշում հերոսական կռիվները: Միայն մեկի առաջ կանգնելիս են ժպտում, խունկ ծխելիս արցունքոտ աչքերով ծիծաղում: Պատմությունը քաղաքից դուրս է եկել, զավեշտի վերածվել:



Զինվորական կյանքի մասին գրել ենք նաև․



Պատերազմի թեժ օրերին, եկան ու հաղորդեցին, որ տղան ընկել է: Հայրը ներս մտավ, կնոջն ու դուստրերին ցածրաձայն հաղորդեց ու թողեց, որ սգան: Երեկոյան դիակը բերեցին: Ընտանիքը կազմակերպեց հոգեհանգիստը, նստեցին հանգուցյալ որդու կողքին, արցունք թափեցին, բայց ոչինչ չնկատեցին: Հյուրերը նույնպես: Եկան, ձեռք սեղմեցին, ցավակցեցին ու դիակին երկար նայելով թափահարեցին գլուխներն ու հեռացան: Կեսգիշերը չէր հասել, երբ շնչակտուր մեկը դռնից ներս ընկավ, զոհվածի հոր թևից բռնեց ու դուրս քաշեց: Սգի մեջ որևէ մեկն այդպես էլ չնկատեց, հայրն էլ գլխիկոր ենթարկվեց, ցույց տալով, որ այլևս որևէ լուրից չի զարմանաում, կորցնելու ոչինչ չունի, միակ որդին էր, կորցրեց:
-Էդ դիակն արագ դենը տար, տղեդ գալիսա, տեսավ լեղաճաք կլինի:
Հայրը սթափվեց, սկսեց անորոշ հայացքով ավելի կենտրոնացած նայել անծանոթին, թվում էր աչքին է երևում: Երկխոսությանը միացան ևս երկուսը, շտապեցրին: Հայրն ու երեք երիտասարդները վայրկենական դռնից ներս մտան, արագ վերցրին դագաղն ու վազեցին գոմ: Մայրը ուշագնաց էր ու այդպես էլ չհասցրեց հարցուփորձ անել: Մյուսները շփոթված, վախեցած հետևում էին զոհվածի հորը՝ մտածելով՝ խելքը գցել է: Դագաղը դրեցին անասունների կողքին, վրան փակեցին ու վերադարձան: Հայրը դժվարությամբ արտասանեց բառերը. «հավաքեք սավանները, փոխվեք, տղաս տուն է գալիս»:
Հարցերն ավելորդ էին, արձագանքները սպասված, աղմուկն անլռելի: Միայն հասցրին ծաղիկները հավաքել, հայելիների վրայի սավանները պահել: Ամեն դեպքում ինչ-որ մեկը զոհվել է:
Տղան ներս մտավ, գրկեց բոլորին այդպես էլ գլխի չընկնելով, որ ծնողների ու հավաքվածների աչքերի խոնավությունն ամենևին էլ իրեն համար չէ: Օրը լուսացրին, զանգեցին ու հաղորդեցին, զոհվածն իրենցը չէ: Միայն օրեր անց, պարզվեց, որ հանգուցյալը Վանաձորից է, նրան թաղեցին հերոսների գերեզմանում:
Միջադեպից միայն ամիսներ անց հայրը խոսեց այդ մասին, պատմեց որդուն ու սկսեցին ծիծաղել: Ամբողջ խնդիրն այն էր, որ որևէ մեկը չէր կարողացել հասկանալ, որ հանգուցյալն իրենց հարազատը չէ, նմանությունը շփոթեցրել էր մորն էլ, հորն էլ, մյուսներին էլ: Որդին այսօր էլ ողջ է ու երբեմն իր ջոկատի հետ առաջնագիծ է գնում: